All of Armenia

Երևան 5 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Յուրի Հովհաննիսյան

Յուրի Հովհաննիսյան
Ծնվել է 1933 թ․ ապրիլի 14-ին Դոնի Ռոստովում

Միջուկային ռեակցիաների նոր դասի հայտնաբերման հեղինակ
Մենդելեևի աղյուսակի ծանր տարրերի հայտնաբերման համահեղինակ
Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների Լաբորատորիայի գիտական ղեկավար
«Դուբնա» համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ
Փարիզի Համալսարանի և Ճապոնիայի (ք․ Քոբե) Կոնան Համալսարանի պրոֆեսոր
Սերբիայի Գիտության և Գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ
Հայաստանի գիտությունների Ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ
Գյոթեյի անվան Ֆրանկֆուրտի համալսարանի պատվավոր դոկտոր
Մեսինայի համալսարանի պատվավոր դոկտոր
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը անվանվել է օganesson (Og)

Լավ մասնագետի ձևավորման բանաձևը պարզ է. չծանրաբեռնվել միայն գիտությամբ և ընդլայնել մտավոր դաշտը` այցելել թատրոն, կինոթատրոն, լսել լավ երաժշտություն, հետաքրքրվել ցուցահանդեսներով և չկորցնել կյանքի ուղիները:                        


 

Ռուսական գիտության պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը դարձավ 2016 թվականին Դուբնայում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների Լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանի պատվին նոր' 118-րդ քիմիական տարրին օganesson (Og) անվանման շնորհումը: Հովհաննիսյանը դարձավ առաջին ռուսաստանյան գիտնականը (և երկրորդն աշխարհում' Գլեն Սեբորգից հետո), որի անունով կենդանության օրոք կոչվել է քիմիական տարր:

Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 4-ին Դոնի Ռոստովում, Ցոլակ Հովհաննիսյանի ընտանիքում: 17 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա' Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտ (ՄՃԻ) ընդունվելու համար, սակայն մասնակցել է նաև Մոսկվայի ճարտարագիտական ֆիզիկայի ինստիտուտի (ՄՃՖԻ) քննություններին, ուր և ընդունվել է:
ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո Յուրի Հովհաննիսյանը աշխատել է Ատոմային էներգիայի ինստիտուտում: Երկու տարվա ընթացքում մեր հայրենակիցը հսկայական ինքնուրույն ներդրում է կատարել ոչ միայն յուրօրինակ ֆիզիկական գաղափարների իրականացման, այլ նաև արագացուցիչների էքսպերիմենտալ բազայի կայացման գործում:

1958թ․-ից սկսած Հովհաննիսյանի գիտական գործունեությունը կապված է Դուբնայում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների Լաբորատորիայի (այժմ՝ Ֆլյորովի անվան) հետ, որտեղ նա աշխատում է մինչ այսօր:

Հանդիսանալով լաբորատորիայի հիմնադիր հայրերից մեկի' Գեորգի Ֆլյորովի ամենամտերիմ աշակերտ, Յուրի Հովհաննիսյանը հայտնաբերել և ուսումնասիրել է միջուկային կառուցվածքի ազդեցությունը միջուկների կոլեկտիվ շարժման վրա' միաձուլման և տարրալուծման գործընթացներում:

1960-70-ականներին Հովհաննիսյանը, գործընկերների հետ միասին, միջուկային հետազոտության պատմության մեջ առաջին անգամ Z=104-108 տարրերի սինթեզման փորձեր է կատարում: 1974թ․ նրա հեղինակած միջուկային ռեակցիաների նոր դասի՝ ծանր միջուկների սառը միաձուլման բացահայտումը մինչ այսօր լայնորեն օգտագործվում է աշխարհի տարբեր լաբորատորիաներում նոր տարրեր ստանալու սինթեզի համար, ընդհուպ մինչև Z=112:

Յուրի Հովհաննիսյանի կողմից գերծանր միջուկների ուսումնասիրության համար ընտրվել էին նեյտրոնով հարստացված ակտինիդների իզոտոպների և կալցիում-48 արագացված իոնների միաձուլման ռեակցիաները: Այս ռեակցիաներում 1999-2010թթ. առաջին անգամ սինթեզվել են Z-ը հավասար է․ 113 (2004թ․), 114 (1998թ․), 115 (2004թ․), 116 (2000թ․), 117 (2010թ․), 118 (2002թ․) ատոմները, որոնց տրոհման հատկանիշները, մասնավորապես՝ կյանքի (կես-տրոհման) ժամանակաշրջանի զգալի աճը ապացուցում են գերծանր տարրերի ոլորտում «կայունության կղզիների» առկայությունը։

Տքնաջան աշխատանքի արդյունքում մեկը մյուսի հետևից կատարված հայտնագործությունների շնորհիվ մեր ականավոր հայրենակիցը դառնում է Մենդելեևի աղյուսակի ծանր տարրերի հայտնաբերման համահեղինակ. 104-րդ տարրի (ռեզերֆորդիում), 105-րդ տարրի (դուբնիում), 106-րդ տարրի (սիբորգիում), 107-րդ տարրի (բորիում), որոնց սինթեզները ճանաչվել են որպես գիտական հայտնագործություններ և գրանցվել են ԽՍՀՄ բացահայտումների պետական ռեգիստրում:

2016 թ. Նոյեմբերի 28-ին IUPAC-ի կողմից հաստատված օganesson անվանումը և Og սիմվոլը 118-րդ տարրի համար՝ Յուրի Հովհաննիսյանի պատվին, առաջարկել է Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստան) և Լորենսի անվան Լիվերմոր ազգային լաբորատորիայի (ԱՄՆ) գիտնականների թիմը, որ մասնակցել էր նոր տարրի հայտնաբերման գործընթացին:

Յուրի Հովհաննիսյանը շարունակում է դասախոսել և հանդես գալ աշխարհի բոլոր երիտասարդ գիտնականների առաջ: Լինելով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, հաճախակի այցելում է իր պատմական հայրենիքը, կիսվում գիտական փորձով և զարմացնում հայրենակիցներին գրական հայերենի կատարյալ տիրապետմամբ:

2018թ․ Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։