All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Սարգիս Սողանալյան

1929-2011
Սառը պատերազմի ժամանակ զենքի խոշորոգույն մատակարար
Սադամ Հուսեյնի սպառազինման գլխավոր մատակարար
«Զենքի Բարոնը» ֆիլմում Յուրի Օռլովի կերպարի նախատիպը

- Մենք Արցախի ոչ մի մարտում չպետք է պարտվենք, դա շատ վտանգավոր է: Թուրքը մնում է թուրք, և հաղթանակով նա չի բավարարվի .... Իսկ եթե ինձ կանգնեցնեն ընտրության առաջ՝ բիզնեսի բարգավաճումը թե հայրենիքի շահերը, առանց երկմտելու կնախընտրեմ վերջինը ... 

 

Իսկանդերուն քաղաքում, որ Թուրքիայի ամենահարավային ծայրամասում է, հայերն առավել երկարատև էին մնում, քան որևիցե այլ տեղ: Հնատոհմ սոխավաճառի ընտանիքն ապրում էր հազիվ ծայրը ծայրին հասցնելով: Հակոբ Սոխիկյանը, ինչպես և իր հայրն ու պապը, քաղաքում հայտնի էր «Սողանալ» մականունով, ինչը թուրքերեն նշանակում է «սոխի գնորդ»: Սուրբ Սարգսի տոնին նա որդի ունեցավ, ում անվանակոչեցին սրբի պատվին: Հինգ տարի անց նորեկ վալին մտադրվեց Իսկանդերունից վտարել վերջին «գյաուրներին», ովքեր համառորեն չէին ցանկանում հրաժարվել քրիստոնեական հավատքից: Հակոբը, որ կարծես թե վաղուց էր արձագանքում «Յակուբ»-ին, նույնպես չարդարացրեց հույսերը, և 1939 թվականի գարնանն ընտանիքը տեղափոխեց Սիրիա:

Սարգիսը դպրոցում սովորեց ընդամենը վեց տարի: Եվ խնդիրն ընդունակությունները չէին: Պատանին առանձնանում էր իր ամուր կառուցվածքով և անկախ բնավորությամբ․ նա չէր հանդուրժում խնամարկյալի իր դերը:

Համոզելով երկու հասակակցի, նրանց հետը տարավ Բեյրութ, որտեղ տեղավորվեց դոկերի օգնականի աշխատանքի՝ թաքցնելով իր ծննդյան իսկական տարեթիվը: Աշխատանքը նրան դուր էր գալիս: Ավելին չէր էլ ցանկանում, մինչև որ... հանկարծակի ձեռքից չգցեց սովետական շոգենավով ժամանած մի արկղ՝ «Զգույշ' աստղագիտական գործիքներ» նշումը վրան: Աստրոլյաբիայի փոխարեն արկղից դուրս թափվեցին ՇԱԳ (Շպագինի ատրճանակ-գնդացիր) ավտոմատներ՝ նախատեսված Հյուսիսային Պաղեստին տեղափոխելու համար: Գաղտնի սպառազինության փաստը հայտնաբերելով, Սարգիսն անմիջապես գլխի ընկավ, թե ինչ օգուտներ է խոստանում նմանատիպ առևտուրը, եթե խոշոր պետությունները չեն խորշում դրանից:

Նա արեց ամեն ինչ, որպեսզի արմատավորվի վտանգավոր բիզնեսի մեջ: Եվ բիզնեսը բազմիցս էր փորձության ենթարկում նրա ամրությունը:

Հաջող մաքսանենգության երկրորդ տարում նրան բռնացրեց Պաղեստինում բրիտանական հակահետախուզությունը: Հայֆայի գաղութային բանտի անմարդկային պայմանները չկոտրեցին մեր հերոսին, հակառակը, նա կարողացավ կաշառել համապատասխան մարդկանց և արդեն վեց ամսից ազատ արձակվեց: Անշուշտ, նա շարունակեց իր գործունեությունը:

1950 թվականին, արաբական շեյխերը ստանալով ապրանքաբաժինը, թողեցին նրան Սաուդյան ավազներում՝ խաբված անհաջողակի գիտակցությամբ և 150 հազար դոլար պարտքով: Մեկ տարի անց, Հորդանանի սահմանում մաքսային ծառայողների հետ «ճակատամարտ» բռնկվեց. Սարգիսը պաշտպանվում էր՝ կրակելով սեփական 70 արկղանոց բեռից հանած Դեկտյարեվի գնդացիրներից:

Այս բոլոր դաժան փորձությունները փոխհատուցվում էին այնպիսի եկամուտով, որ գրեթե անմիջապես մոռացվում էին, թեպետ թողնելով սպիերը՝ մարմնի վրա, փորձը՝ գլխի մեջ և հավերժ տագնապը՝ սրտում:

1952 թվականին Իրանի գործով սովետական մասնագետները Սարգիսին ներգրավեցին ապստամբած քրդերին՝ Իրաքի ազազների միջով զենք մատակարարելու խնդրի մեջ: Երկամյա գործողություն իրականացնելուց հետո նա դարձավ միլիոնատեր: Նասերի օրոք, Կարմիր ծովով անցկացնում էր ռուսական բարձրակարգ զենքի քարավաններ: Երբ Ամիրը՝ պաշտպանության նախարար և Սողանալյանի մտերիմ ընկերը, ինքնասպանություն գործեց, մեր հայրենակիցն սկսեց ապրանք մատակարարել Եգիպտոսին, ինչպես նաև՝ Սիրիային, որն այն ժամանակ ներքաշված էր նոր արհեստական պետական կառույցի մեջ:

Այնուհետև՝ Ալժիրի պատերազմն էր, 60-ականների կեսերին՝ Քուրդիստանի հյուսիսում Բարզանիի վերելքը, Իրաքի նոր ռեժիմը ... Սողանալյանը կատարում էր ԱՄՆ-ի պատվերները:

Եգիպտոսի և Իսրայելի միջև պատերազմում նրա անսպառ ակտիվությամբ տպավորված ԿՀՎ-ը պատերազմող կողմերի զինվածության մասին հսկայական քարտադարանի տիրապետին ամերիկյան քաղաքացիություն տրամադրեց:

70-ականներին մոտ, Սարգիս Սողանալյանը որոշեց փոխել իր գործողությունների մարտավարությունը: Նրա կարգավիճակն ազատում էր ապրանքն անձամբ անցկացնելու անհրաժեշտությունից, բավական էր միայն հրահանգելը: Մի քանի տարի անց նա սկսեց ձևավորել մի ամբողջ զինանոց՝ արաբական երկրների սպառազինության համար, որտեղ Նահանգները, բացի քաղաքական զինադաշտից, ապահովել էին իրենց ավելցուկի վաճառքի շուկաները: Բուլղարիայում փոխանձերի միջոցով նա կազմակերպեց սովետական դուրս գրված զենքի չտեսնված չափերի մատակարարումը Թուրքիա՝ անմիջապես ահաբեկիչներին, որոնք պայքարում էին Քենան Էվրենի ռեժիմի դեմ, դրա հետ մեկտեղ հասցնում էր զինել Պակիստանի պուշտուներին:

Անգլիայի և Արգենտինայի միջև հակամարտության ժամանակ ֆրանսիական հրթիռների առաքման արդյունքը դարձավ բրիտանական նավատորմի հպարտություն կազմող «Շեֆֆիլդ» ականակրի կործանումը:

Եվ վերջապես, Թեհրանում ԱՄՆ դեսպանատանը դիվանագետներին պատանդ վերցնելու հետ կապված հայտնի իրադարձություններից հետո, Սողանալյանն անցավ Իրաքի բանակում ռազմական նշանակության հարցերին: Նա դարձավ Սադամ Հուսեյնի հաճախակի հյուրը և պատշաճ գումարի դիմաց միշտ էլ կարող էր նրա համար ցանկացած արտադրության զենք հայթայթել: ԱՄՆ հաջորդ նախագահ Ռեյգանը նույնպես բարեհաճորեն էր վերաբերվում Սողանալյանին և ամեն կերպ աջակցում էր նրա մտադրություններին: Սակայն Սադամը, ով մտադրվել էր անեքսիայի ենթարկել Քուվեյթը և այդ մասին զեկուցել էր ամերիկյան դեսպանին հարձակումից ընդամենը երկու ժամ առաջ՝ լավ «քաշեց» մեր հայրենակցին:

ԱՄՆ իշխանությունները երկու տարի կալանքի տակ պահեցին Սողանալյանին՝ Իրաքի զինված ուժերի արդիականացման գործում իր լիազորությունները գերազանցելու համար: Պարզվեց, որ բացի ամերիկյան զենքից, նա երկիր լրացուցիչ ներկրել էր ֆրանսիական հաուբիցներ, սովետական հեռահար թնդանոթներ, 280 մլն դոլարի զինվորական համազգեստ ... Դատավարության ընթացքում նա հայտարարեց.

-Զենքը մատակարարվել էր Հոմեյնիի դեմ պայքարելու, այլ ոչ թե մեր տղաներին սպանելու համար: Եվ դա արվում էր, ի դեպ, ամերիկյան իշխանությունների իմացությամբ: Իմ խիղճը մաքուր է ...

Սողանալյանն ազատ արձակվեց արդեն Քլինթոնի օրոք: Գործը դադարեցրել էին «ապացույցների անբավարարության» հիմքով, երբ նա բացահայտեց 100 դոլարանոց բարձրորակ կեղծ դրամաթղթեր թողարկող լիբանանյան դրամանենգների մի ցանց: Փոխզիջումը տիպիկ էր: Ամեն անգամ, երբ գործարքը ձախողվում էր, և նա հայտնվում էր ճաղերի ետևում, նա արագացնում էր ազատման ժամկետը՝ ազատության դիմաց առաջարկելով հետախուզական տվյալներ:

Հայ համայնքը նրա առթիվ ճոխ ընդունելություն կազմակերպեց, և լիովին արդարացի, քանի որ ազգային նախագծերում նրա ներդրումն անվիճելի է ...

...Գյումրիի երկրաշարժից հետո նա օդային կամուրջ ստեղծեց դեպի Հայաստան․ իր սեփական «Բոինգներով» հասցնում էր անհրաժեշտ ամեն բան: 1990-ին, «Նյու-Պորտ Բիչում», նա հողատարածքներ ձեռք բերեց'հայրենակիցների համար եկեղեցի կառուցելու նպատակով ...

- Ցավում եմ, որ ամբողջ երկու տարի ես զրկված եմ եղել բարեգործական ասպարեզում գործելու հնարավորությունից: Խոստանում եմ լրացնել բացթողումը ...

Սարգիս Սողանալյանը ամուսնացած էր Բեյրութի դպրոցի ուսուցչուհի Շիրլի Ադամսի հետ, նրանց ընտանիքում ծնվեցին որդի և դուստր: