All of Armenia

Երևան 15 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Նուբար Նուբարյան (Նուբար փաշա)

1825-1899
Ծնվել է Իզմիրում
Եգիպտոսի առաջին վարչապետ
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար
Սուեզի ջրանցքի կառուցման կազմակերպիչներից մեկը

«Նուբար փաշա՝ եգիպտացի քաղաքական գործիչ, ծագումով հայ, քրիստոնյա... Բավականին կրթված մարդ, ազատ խոսում է մի քանի լեզուներով և պատկանում է վերջին ժամանակների ամենահմուտ դիվանագետների շարքին»: Ֆ.Ա. Բրոկգաուզի և Ի.Ա. Էֆրոնի հանրագիտական բառարան:

 

Նուբար Նուբարյանը ծնվել է Մկրտիչ Նուբարյանի ընտանիքում, ում նախապապը՝ զորավար Նուբարը 18-րդ դարի ազգային ազատագրական շարժման առաջնորդ, լեգենդար սպարապետ Դավիթ Բեկի զինակիցն էր: Ծագումը, ինչպես նաև Իզմիրի հայկական դպրոցում ուսանելը, հիմք են դրել այն անսպառ հայրենասիրությանը, որը կուղեկցի Նուբարին մինչև իր արտասովոր կյանքի վերջը:

Նուբարի մորեղբայրը՝ Պողոս Բեյ Յուսուֆյանը զբաղեցնում էր նախարարի և խեդիվ Մուհամեդ Ալիի՝ Եգիպտոսի լիիրավ կառավարիչի անձնական քարտուղարի պաշտոնը: Մի անգամ, աներձագի մոտ Եգիպտոս ճանապարհվելիս, Մկրտիչ Նուբարյանն իր հետ վերցրեց նաև որդուն՝ Նուբարին: Բնածին խելքի և կենսախնդության տեր Նուբարը մեծ տպավորություն թողեց քեռու վրա: Շուտով Պողոս Բեյը տղային ուղարկեց սովորոլու՝ նախ Շվեյցարիա, իսկ հետո Թուլուզի ճիզվիտական քոլեջ:

Վերադառնալով Եգիպտոս, 17-ամյա Նուբարը ծառայության անցավ քեռու մոտ՝ որպես անձնական քարտուղար: Փայլուն եվրոպական կրթությունը, աչքի ընկնող տաղանդը և քեռու հովանավորությունը ավելի շուտ պտուղը տվեցին, քան սպասվում էր. արդեն 3 տարի անց, 1845 թվականին, Նուբարը դառնում է Մուհամեդ Ալիի մահից հետո գահը ստանձնած նրա թոռան՝ Աբաս փաշայի (Աբաս I Հիլմի փաշա) քարտուղարը:

Հինգ տարի անց Աբաս փաշան 25-ամյա Նուբարին ուղարկում է Լոնդոն՝ պաշտպանելու Եգիպտոսի և Մուհամեդ Ալիի ընտանիքի շահերը Օսմանյան Թուրքիայի հավակնություններից, քանի որ, ավելի վաղ ստորագրված պայմանագրի համաձայն, Մուհամեդ Ալիի տոհմին էր պատկանում ժառանգորդության իրավունքը: Հանձնարարությունը հաջող կատարելուց հետո Նուբարը՝ վերադառնալով Եգիպտոս, արժանանում է Նուբար-բեյ պատվավոր կոչմանը:

Վայելելով Աբաս Փաշայի բացարձակ վստահությունը, 1853 թվականին Նուբար-բեյը լիազոր նախարարի պաշտոնում ուղևորվում է Վիեննա: Այնտեղ նա կմնա ընդհուպ մինչև Աբբաս I-ի վախճանը 1854 թվականին:

Աբաս I-ին փոխարինող եկած Մուհամեդ Սաիդ Փաշան Նուբարին պաշտոնաթող է անում, սակայն 2 տարի անց նշանակում է ավագ քարտուղար: Այդ աստիճանում հայը նպաստում էր Կահիրե-Սուեզ երկաթուղու շինարարական աշխատանքների ավարտին և նշանակվում է գլխավոր քարտուղար:

1863 թվականին Եգիպտոսի ղեկավար է դառնում Նուբար բեյի ընկերը՝ Սաիդ փաշայի զարմիկ 33-ամյա Իսմայիլ փաշան: Ուշագրավ է, որ դեռևս 1858 թվականի մայիսին հենց Նուբարն էր համոզել Իսմայիլին չնստել այն գնացքը, որի կործանման հետևանքով զոհվեց վերջինիս ավագ եղբայրը՝ արքայազն Ահմեդը:

1866 թվականին Նուբար Նուբարյանը մեկնում է Կոնստանդնուպոլիս, որտեղ նրան հաջողվում է ոչ միայն Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Ազիզի ձեռքով պաշտոնապես ձևակերպել Իսմայիլ փաշային որպես Եգիպտոսի վալի (կառավարիչ), այլ նաև հաստատել Միջերկրական և Կարմիր ծովերն իրար միացնող Սուեզի ջրանցքն անցկացնելու համար եգիպտական կոնցեսսիան: Ջրանցքի կառուցման համար սուլթանը հսկայական՝ այն ժամանակվա համար, գումար հատկացրեց:

Շուտով Նուբար-բեյը գլխավորում է Սուեզի ջրանցքի աշխատանքների ավարտը (նման մակարդակի նախագծերը չափազանց հազվադեպ էին վստահվում ոչ օտարերկրացի քրիստոնյաներին)։ Այստեղ Նուբար Նուբարյանը ստիպված եղավ կիրառել իր ողջ դիվանագիտական հանճարը, որպեսզի լուծի շինարարների առջև կանգնած հսկայական տեխնիկական դվժվարությունները: Նա ստիպված էր դժվարագույն բանակցություններ վարել Ստամբուլում և Լոնդոնում՝ կարգավորելով տարաձայնությունները և ֆինանսական բախումները: Փարիզում Նուբարյանը լուծում էր Եգիպտոսի և ֆրանսիական Canal Company-ի միջև վիճելի հարցերը, որ հանվել էին կայսր Նապոլեոն III-ի արբիտրաժային դատարան: Եգիպտոսը դրա համար վճարեց 4 միլիոն ֆունտ ստերլինգ:

Փարիզից վերադառնալով՝ Նուբար-բեյը զբաղեցրեց հասարակական աշխատանքների նախարարի աթոռը և ստացավ փաշայի կոչում: Իսկ շուտով դարձավ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար:

1867 թվականին, Նուբար փաշայի պնդմամբ, Օսմանյան կայսրության սուլթանը Իսմայիլ փաշային փոխ-սուլթանի (խեդիվ) կարգ շնորհեց և նշանակեց Եգիպտոսի ղեկավար՝ առաջնածնին իշխանությունը ժառանգելու իրավունքով, ինչը նրան վեր էր դասում թուրք սուլթանատի մյուս տեղակալներից:

Նուբար Նուբարյանի կարիերայի գագաթնակետը դարձավ նրա նշանակումը Եգիպտոսի պատմության մեջ առաջին վարչապետ: Այդ պաշտոնում նա իր պարտականությունները՝ ամբողջ կյանքի ընթացքում, կատարել է երեք անգամ. 1878-ի օգոստոսից մինչև 1879-ի փետրվարի 23, 1884-ի հունվարի 10-ից մինչև 1888-ի հունիսի 9 և 1894-ի ապրիլի 16-ից մինչև 1895-ի նոյեմբերի 12: Եգիպտոսի և Սուեզի ջրանցքի գոտու բրիտանական գեներալ- ռեվիզոր (վերահսկող), Կրոումեր Առաջին կոմս Իվլին Բերինգը այդ տարիներին գրում էր․ «Նուբար փաշան եգիպտական ժամանակակից քաղաքական գործիչներից ամենահետաքրքիրն է: Ինտելեկտուալ տեսանկյունից նա իր մրցակիցներից մի գլուխ բարձր է կանգնած։

Եգիպտոսի վարչապետի պաշտոնում Նուբարյանի նշանակալի ձեռքբերումներից մեկը դարձավ արմատական բարեփոխումը հնացած դատական համակարգի, որը գործում էր դեռևս XV-րդ դարից: Այդ ժամանակ Կահիրեում տեղակայված էին 17 հյուպատոսություններ, և դրանցից յուրաքանչյուրում գործում էր իր դատարանը՝ իր հատուկ օրենսգրքով: Ֆրանսիացին իրավունք ուներ դատական հայց ներկայացնել միայն ֆրանսիական դատարան, որի բարձրագույն ատյանը գտնվում էր հեռավոր Էկս- ան Պրովանս քաղաքում: Իտալացին ստիպված էր բողոքարկել Անկոնայում, իսկ ռուսը՝ Սանկտ Պետերբուրգում: Նուբար փաշայի բազմամյա ջանքերի արդյունքում դատական համակարգում տիրող խառնաշփոթը վերացվեց, և բոլոր 17 դատարանները փոխարինվեցին երեք խառը Միջազգային դատարաններով, որոնք գործում էին միասնական օրենսգրքով: Դրանք գտնվում էին Կահիրեում, Ալեքսանդրիայում և Էլ Մանսուրում:

Նուբար Նուբարյանը հսկայական դեր էր խաղում ոչ միայն Եգիպտոսի հայկական համայնքի, այլ նաև ամբողջ սփյուռքի հասարակաքաղաքական և մշակութային կյանքում: Նա ղեկավար մասնակցություն ուներ Թուրքիայից Եգիպտոս ժամանող հայերին օգնություն ցուցաբերելիս, աջակցում էր հայկական պարբերականների հրատարակմանը, հայկական դպրոցների, մշակութային և կրթական կենտրոնների կազմակերպմանը:

1878 թվականին Նուբար փաշան մշակեց և Բեռլինի կոնգրեսին ուղղեց Օսմանյան կայսրության հայերի դրության բարելավման իր ծրագիրը, որը բխում էր այն բանից, որ արևմտահայերը չեն հավակնում քաղաքական անկախության, սակայն ձգտում են ձեռք բերել քաղաքացիական ազատություններ և իրավունքներ, որոնք կապահովեն իրենց անվտանգությունը, իրենց կանանց և աղջիկների պատիվը, գույքի անձեռնմխելիությունը:

Ծրագրի հեղինակը համարում էր, որ բարելավման նախորդ փորձերը հաջողություն չեն ունեցել, քանի որ իրականացվել են թուրք պետական պաշտոնյաների կողմից, ովքեր առաջնորդվում էին կրոնական համոզմունքներով և անձնական շահերով:

Բարեփոխումերի հաջողությունն ապահովելու համար Նուբար փաշան անհրաժեշտ էր գտնում ստեղծել հայ համայնքի ընդհանուր կառավարման պաշտոն, որը կզբաղեցնի սուլթանի կողմից հաստատված և եվրոպական պետությունների հովանավորությունից օգտվող հայը: Բարեփոխումները ենթադրվում էր իրականացնել երեք ոլորտներում․ կառավարչին կից պահակախմբի ստեղծում՝ թալանի դադարի համար, դատական բարեփոխում, հարկային համակարգի փոփոխություն՝ հարկերի մի մասը պետք է հատկացվեր հայկական դպրոցների, եկեղեցիական հաստատությունների պահպանման և հայկական համայնքի կարիքների համար:

Ծրագիրը, սակայն, չներկայացվեց կոնգրեսին: Հայկական ազգային պատվիրակությանը՝ եպիսկոպոս Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որը մտադրված էր հայկական հարցը ներառել նիստի օրակարգում, թույլ չտվեցին մուտք գործել կոնգրես:

Տարիներ անց Մկրտիչ Խրիմյանը, արդեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ I-ը, գրում էր Նուբարյանին․ «Ես անշուշտ հավատում եմ, որ եթե Ձերդ Գերազանցությունը ներկա լիներ Բեռլինում, և կոնգրեսին ներկայացվեր Ձեր կազմած հուշագիրը, ապա 61-րդ հոդվածը կստանար ավելի անխախտ, վճռական և իրապես իրագործելի ձևակերպում, և ոչ թե նման թույլ և անորոշ»: Խոսքը գնում է Բեռլինյան կոնգրեսի վերջնական բանաձևի 61-րդ հոդվածի մասին, որը հիմնված է կազուիստական, ոչնչի չպարտադրող ձևակերպման վրա․ «Հիանալի Պորտան պարտավորվում է իրականացնել՝ առանց հետաձգման, բարելավումների և բարեփոխումների ...»:

Նուբար Նուբարյանը կյանքից հեռացել է 1899 թվականին, Փարիզում: Թաղված է Կահիրեի հայկական արվարձանում՝ Հելիոպոլիսում: Նուբար փաշայի վաստակը Եգիպտոսի առաջ գնահատվել է բարձրագույն պարգևներով, պատվավոր տիտղոսներով: Նրա անունով են անվանակոչվել փողոցներ Կահիրեում և Ալեքսանդրիայում: Նրա արձանը տեղադրված է Ալեքսանդրիայի Մուհամեդ Ալի փաշայի անվան օպերայի թատրոնի մուտքի մոտ: Մինչ օրս էլ, հիշելով Նուբարյանին, եգիպտացիները նրան անվանում են՝ «Եգիպտոսի մեծ ռեֆորմատոր»:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։