All of Armenia

Երևան 26 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Հրանտ Ջևահերջյան

«Հրանտ Ջևահերջյան Ս. Ա.» (ՋԵՎԱ) ֆիրմայի հիմնադիր
Ռուբին (սուտակ) աճեցնող գործարանների առաջին սեփականատերերից

«Ջավահիր» սանսկրիտով նշանակում է «փայլաքար»: Վաղուց ի վեր քարեր մշակող և երեսակող վարպետներին անվանում են հնդկերենից հայերենի բառապաշար տեղափոխված «Ջեվահիրջի» բառով:
Իտալական աղբյուրները պնդում են, որ մեր վարպետները կարճատես Ներոնի համար ընտրել են թափանցիկ փայլաքարեր՝ «բրիլլե», լատիներենից թարգմանաբար՝ «ակնոց»:
Միջին դարերում Ջեվահիրջի-ալքիմիկոսները տարված էին կեղծ քարերի ստեղծմամբ, իսկ 1857 թվականին հայտնվեցին առաջին լաբորատոր ռուբինները, ավելի ճիշտ՝ կարմիրի և կորունդի՝ հայ վարպետների սիրված քարի, բյուրեղները: Լուսավորության դարաշրջանի վերջին փորձարարները «դուրս եկան ընդհատակից» և հիմնեցին սինթետիկ փայլաքարերի արտադրությունը:

 

Հրանտ Ջեվահերջյանը ռուբին (սուտակ) «աճեցնող» գործարանների առաջին սեփականատերերից էր: Սկսած 1903 թվականից, գնահատելով տեխնիկական նորարարությունների առավելությունը, նա սկսեց կիրառել Օգյուստ Վերնեյլի կողմից մշակված գազաբոցային մեթոդը և երկու տարվա ընթացքում ընդլայնեց արտադրությունը: 1914 թվականին նա տեղափոխեց իր արտադրամասերը վերջնականապես ընտրված մի վայր'Ժնևի լճի մոտ գտնվող Մոնտե քաղաք: Նրա գործարանի արտադրական մասնաշենքերը մինչ այժմ էլ այստեղ են գտնվում՝ ապացուցելով հենց Ալպերի ստորոտում տեղակայվելու պայմանների օպտիմալությունը, որտեղ էլեկտրաէներգիայի արժեքը չափազանց ցածր է:

Մեր հայրենակցի ընկերությունը լայն հասարակությանը հայտնի է «ՋԵՎԱ» անունով և առանձնանում է բարձր շահութաբերությամբ: Միայն 1946 թվականին այն արտադրել է մոտ երեք հարյուր միլիոն կարատ արհեստական քարեր, հիմնականում ժամացույցների, լազերային ձողերի և տիեզերական սարքավորումների համար: Դրանց թվում․ ռուբին, շափյուղ, զմրուխտ, ալեքսանդրիտ, տոպազ, ակվամարին, շպինել, խրիզոլիտ, տուրմալին ...

«ՋԵՎԱն» ավանդաբար մասնագիտացվում է կորունդի և դրա արժեքավոր տեսակների աճեցման մեջ: Տարիներ շարունակ մենաշնորհի պահպանմանը նպաստում է յուրօրինակ նախշով՝ այսպես կոչված «աստղանման» քարերի բացառիկ սինթեզումը: Վեց պայծառ ճառագայթներ շառավղայնորեն հեռանում են բյուրեղի կենտրոնից՝ ստեղծելով փայլող աստղի տպավորություն: Բնության մեջ չափազանց հազվադեպ հանդիպող, դրանք համարվում են մոգական և խորհրդանշում են կյանքի երեք բաղադրիչները'հույսը, սերը, հավատը:

Պարադոքսալ է, բայց «ՋԵՎԱն» մինչև 1963 թվականն ադամանդ չէր արտադրում, քանի դեռ ընկերության մասնագետներ Վահան և Սարգիս Ջեվահերջյանները չէին որոշել զբաղվել դրա ստեղծմամբ: Ստանալով արտադրանքը, նրանք անվանեցին այն ընտանորեն՝ «Ջեվալիտ»: Քարը ճանաչվեց փայլաքարերի թագավորի միակ արժանի «նմանակ»:

1980-ական թվականներին ջեվալիտը համաշխարհային շուկայում միտումնավոր կերպով անտեսվում էր խորհրդային մասնագետների կողմից, բացառությամբ մի քանի ջեմոլոգների, ովքեր դժկամությամբ ճանաչեցին նրա գերակայությունը: Թարգմանական հրատարակություններում նրա մասին հիշատակումները բաց են թողնված կամ մեկնաբանվում են ռուսական ֆեոնիտի օգտին: Ում է դա հարկավոր և ինչու՝ անհասկանալի է, սակայն հավաստիորեն հայտնի է, որ այս ձգձգվող վեճի արդյունքն այլևս չի կարող ազդել մի ընկերության հեղինակության վրա, որը «վիզուալ բացահայտմանը չենթարկվող ադամանդի նշանավոր փոխարինող» է ստեղծել։

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։