All of Armenia

Երևան 16 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Եփրեմ Խան (Դավիդյան)

1868-1912

Պարսկաստանի Զինված ուժերի հրամանատար

«Արևելքի Դանտոն»

Թայգայով անցնում էին չորս հոգի՝ երկու հայ, վրացի և ռուս: Երեք տարի առաջ նրանց, որպես հատուկ վտանգավոր հանցագործների, քշել էին այստեղ՝ Սախալին, յուրաքանչյուրին դատապարտելով ավելի քան տասը տարվա ազատազրկման: Անտառով նրանց ուղեկցում էր ամենաերիտասարդը՝ 26-ամյա Եփրեմը, Գանձակի շրջանի Բարսում գյուղից, որը զինված էր ժանգոտ կացնով: Շուրջն ամեն ինչ փտում էր, գարշահոտն անտանելի էր, իսկ ոտքերի տակ' ճահիճ և ցեխ:

Առաջին երեք օրը գնում էին արագ քայլով: Երբ վերջացան ուտելիքի պաշարները, փախստականները մի փոքր խեղճացան, և միայն կյանքի հանդեպ կամքն ու Եփրեմի նուրբ հոտառությունը, որը հուշում էր, որ ծովը հեռու չէ, թույլ չէին տալիս նրանց հուսահատվել: Տասնյոթերորդ օրը նրանք դուրս եկան Թաթարական նեղուցի մոտ: Մերձակայքում զբաղված որսորդները գթասիրտ գտնվեցին և ոչ միայն կերակրեցին հաջողակներին, այլ նաև համոզեցին մի լեհ առևտրականի, որ նա իր սեփական նավով հասցնի նրանց մինչև Խաբարովսկ՝ ամրապնդելով «պայմանագիր»-ը տասնհինգ սամույրների մորթով...

 

19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության արևելյան վիլայեթներում հաճախացել էին հայերի հանկարծակի ելույթները իշխանությունների աճող ճնշման դեմ, որոնք հրահրվում էին քուրդ բեկերի կողմից: Ցարական Ռուսաստանի հայերը ամեն կերպ օգնում էին իրենց հայրենակիցներին՝ ուղարկում էին գումար, սնունդ և իհարկե զենք: Շատերն անձամբ էին հատում սահմանը և հենց թուրքերի քթի տակ կազմում ֆիդայինների ջոկատներ:

1890 թվականի գարնանը, Պետերբուրգյան համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող Սերգեյ Կուկունյանը, հետագայում՝ Դաշնակցության առաջնորդներից մեկը, կազմակերպեց կամավորների խմբակային անցումը Կարս նահանգի հարավային սահմանից: Ամենաակտիվներից առանձնանում էր Ներսիսյան ուսումնարանի շրջանավարտ, արցախցի Եփրեմ Դավիդյանը, որն ուներ նման ցույցերին մասնակցելու փորձ. դեռևս երիտասարդ տարիքում նա ընդգրկվել էր ազգային ազատագրական շարժման մեջ և գրծում էր պապու՝ Ասրիբեկյան անվան տակ:

Կուկունյանի գործողությունը ձախողվեց: Հենց սահմանին խումբը բախվեց մշտական զորքերի խմբին: Ոմանք զոհվեցին հրաձգության ժամանակ, մնացածը՝ հանձնվեցին ռուսներին: Եփրեմին, որպես ամենաանվնասի, դատապարտեցին ընդամենը ... տասնհինգ տարվա տաժանակրության և աքսորեցին Սախալին: Երեք տարի անց նա այնտեղից փախավ:

1896 թվականի աշնանը նա հասավ Բաքու, բայց Ռուսաստանում մնալն անիմաստ էր: Իմանալով Պարսկաստանում դաշնակների գտնվելու վայրը, նա անմիջապես ուղևորվեց Թավրիզ քաղաք, այնտեղից, կուսակցության նշանակումով՝ Կարադաղ՝ հայկական Աղազան գյուղի դպրոցում դասավանդելու: Սակայն, Եփրեմին չհաջողվեց շատ ժամանակ հատկացնել խաղաղ գործերին: Տագնապալի նորությունները թունավորում էին հոգին: Սուրբ Բալթազարի կիրճում, Գառանսար լեռան մոտ, մազրիկ կիսավայրի ցեղի զինված ավազակախմբերը հարձակվել էին Վանից տեղահանվածների վրա և կոտորել բոլորին: Եփրեմը չդիմացավ և փախավ գյուղից: Գրանցվեց հայտնի Սևքարեցի Սաքոյի ջոկատ որպես դասակի ավագ: Հաշված ամիսների ընթացքում յուրացնելով պարսկերենը, նա օգտվեց կենտրոնական իշխանությունների թուլությունից և արդեն շուտով վերահսկում էր տարածաշրջանի իրավիճակը. կարգուկանոն էր հաստատում, դատ էր իրականացնում շեյխերի հանդեպ և ապահովում էր Հյուսիսային Պարսկաստանի հայկական խաղաղ գյուղերի անդորրը:

Եփրեմը կարողացավ հարգանքի արժանանալ նույնիսկ տեղի բնակչության շրջանում: 1902 թ.-ին նա իր կնոջն ու աղջկան բերեց Թավրիզ, ավելի ուշ բնակություն հաստատեց Ռաշթ քաղաքում: Ենթարկվելով կուսակցության պահանջին՝ ձեռք բերեց գործարան, դարձավ հայկական դպրոցների հոգաբարձու...

1906 թվականի հուլիսին դժգոհների ամբոխը ողողել էր Անգլիայի դեսպանատան դիմացի քաղաքային այգին, պահանջելով տապալել բռնատիրոջը՝ Դովլեյ վեզիրին, և հիմնադրել մեջլիս:

Շահը կատարեց ցուցարարների պահանջը, սակայն մեկ տարի անց նրա որդին՝ Մահմեդ Ալին, ցրեց մեջլիսը, նախապես գնդակոծելով շենքը: Պարսկական խորհրդարանի անդամները կալանավորվեցին: Դիկտատորի հանդեպ մահափորձ կազմակերպեցին, որից հետո, վերջնականապես գազազելով, նա պատերազմ հայտատարեց ընդդիմությանը ողջ երկրի տարածքով:

Առաջին զինված դիմակայությունը շահի զորքերի դեմ տեղի ունեցավ Թավրիզում՝ Սաթթար-խանի ղեկավարությամբ: Նրա ջոկատները դիմակայեցին այնքան, մինչև քաղաք ներխուժեց հայկական հեծելազորը՝ Սևքարեցի Սաքոյի գլխավորությամբ, ով այդ մարտում ընկավ հերոսի մահով: Կառավարական բանակը չկարողացավ դիմադրել ճնշումներին և նահանջելիս՝ այրեց հայկական Մուտուբար գյուղը:

Այդ ժամանակ Եփրեմ-խանը Գիլանում կազմակերպեց «Էնջուման» հեղափոխական կոմիտեն, հավաքագրելով կամավորների և գրոհով վերցրեց Ռաշտի մարզպետի նստավայրը:Այդ քաղաքին հաջորդեցին մյուսները՝ չնայած տեղական կայազորի անընդհատ համալրմանը շահի զորքերով:

Զորավարի փառքը աճում էր յուրաքանչյուր հաղթանակի հետ: Պարսկաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Աֆղանստանի տարբեր ծայրերից նրա բանակ էին գալիս թարմ ուժեր: Շախը, ժամանակ շահելու հույսով, համաձայնվեց վերականգնել մեջլիսը: Սակայն ապստամբների առաջնորդներին հասնում էին տեղեկություններ՝ քաղաքի հյուսիսում զորքերի կուտակումների մասին, և Եփրեմ Խանն իր հեծելազորն ուղղեց դեպի Թեհրան: Հաղթելով դաժանագույն մարտը Քարաջի կամուրջի մոտ, նա իր համար ուղի մաքրեց դեպի մայրաքաղաք:

1909թ.-ի հունիսի 29-ին քազաքն ընկավ: Շահը, թաքնվելով Ռուսաստանի դեսպանատանը, նույն օրը մեկնեց Օդեսսա: Ռուսական զորքերը, որոնք պահպանում էին նստավայրը, ոչ մի կերպ չէին ուզում հանձնել շենքը: Երկար բանակցություններից հետո, Եփրեմ-խանը, այնուամենայնիվ, համոզեց հրամանատարին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը:

Խմելով հաշտության գավաթը, վերջինս հետաքրքրվեց.

-Չեմ հասկանում, ի՞նչն է ձեզ ստիպում այդքան կատաղի կռվել հանուն պարսիկների սահմանադրական հեղափոխության:
-Իմ ժողովրդի շահերը, - հնչեց պատասխանը:

Իշխանության գալով, հեղափոխականները Եփրեմ Խանին նշանակեցին ներքին զորքերի հրամանատար: Նրա ղեկավարության տակ անցան նաև բանակային միավորումները: Նա ղեկավարել է ընդհանուր առումով 60 մարտ և անփոփոխ հաղթող է դուրս եկել: Պարսկական ժամանակավոր կառավարությունը նրան շնորհել է սարդարի (մարշալի) կոչում:

Նա իրականացրեց խոշոր կադրային փոփոխություններ, որի պատճառով որոշ դժգոհություններ առաջացան: Երեկվա զենքի եղբայրները սկսեցին գժտվել տաք տեղերի համար և շուտով անցան զինված բախումների: Դրանից օգտվեցին շահի տապալված զինակիցները:

1910թ.-ի օգօստոսին Եփրեմ Խանը, ընդունելով իր ղեկավարության տակ բախտիյարյան կազմավորումների մի մասը, ջախջախեց երիտթուրքերի կողմն ընդունած Սաթթար-խանի և Բագիր-խանի ադրբեջանական հեղափոխականների ջոկատները: Սաթթար-խանի 300 մարտիկները զոհվեցին, ինքն էլ ծանր վիրավորված էր ոտքից: Ադրբեջանցիների մեծ մասը զինաթափված էր:

Շահի կրտսեր եղբոր կողմից կազմակերպված մյուս խռովությունը ճնշելու համար Եփրեմ Խանը կրկին բարձրացրեց իր զորքը: Մարտերից մեկում, երբ, մոռանալով վտանգի մասին, նա խոնարհվեց մահացող ընկերոջ վրա, նրան հասավ դիպուկահարի գնդակը...

Ողջ Թեհրանն էր գնում դագաղի ետևից: Սգո երաժշտությունն ընդհատվում էր լոկ զենքերի հերթական համազարկն իրականացնելու համար:

Համաշխարհային մամուլը «Արևելքի Գարիբալդիի» կամ «Արևելքի Դանտոնի» մահվան լուրի համար հատկացրել էր թերթերի առաջին էջերը: Ֆրանսիական «Լե Սիեկլ»-ը գրում էր.

«... Հեքիաթային արիությամբ օժտված և մեծ փառքի տիրացած Եփրեմը հրաշք գործեց․ նա դարձավ ազգային հերոս մուսուլմանական Պարսկաստանում... Լինելով ո՛չ պարսիկ, ո՛չ մուսուլման... Նա քրիստոնեական հավատքի հայ էր»:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։