All of Armenia

Երևան 12 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Ալեքսանդր Մանթաշով (Մանթաշյանց)

1842-1911
Ծնվել է Թիֆլիսում՝ Թավրիզից գաղթածների ընտանիքում
Նավթի արդյունահանման «Ա. Ի․Մանթաշով և Կո» ընկերության հիմնադիր
Գործարանների սեփականատեր
«Թիֆլիսի կոմերցիոն բանկի» ղեկավար
Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ
Մեկենաս

Նրա ազգանունը Հայաստանում վաղուց արդեն դարձել է հասարակ անուն: Թերևս, չկա այնպիսի մի հայ երեխա, ով կյանքում գոնե մեկ անգամ ծնողներից լսած չլինի.
-Դու ի՞նչ է, Մանթաշովի թո՞ռն ես,- եթե երեխան իրեն պահում է աղայի նման կամ թանկարժեք խաղալիք է խնդրում:
Նրա մասին հայտնի է միաժամանակ և՛ շատ, և՛ քիչ: Նրան ուզում են նմանվել թե՛ հարուստները և թե՛ հարստացողները, թեև հազվադեպ է նրանցից որևէ մեկը կիսում իր կուռքի հակումը մեկենասության հանդեպ:

 

Հովհաննես Մանթաշով-Մանթաշյանցի ընտանիքը հիմնականում ապրում էր Թիֆլիսում, չնայած ինքը՝ ժամանակին մեկնելով Թեհրան, հորեղբոր՝ մանուֆակտուրայով զբաղվող հայտնի Խոսրով Գայթմազյանի մոտ, նախընտրում էր գործով զբաղվել Պարսկաստանում: Երբ ծնվեց Ալեքսանդրը, նա, իհարկե, երջանիկ էր և որդու մեջ տեսնում էր իր ժառանգորդին, բայց երբեք չէր կարող ենթադրել, որ նա այդքան հեռու կգնա:

Ավարտելով Փափազյանի մասնավոր հայկական դպրոցը, երիտասարդը մեկնեց Թեհրան'օգնելու իր հարազատներին առևտրային գործերում: Մանթաշովների փորձառու գործարար ընկերներն անմիջապես նկատեցին Ալեքսանդրի բնավորության մեջ անհրաժեշտ ունակությունների առկայությունը և խորհուրդ տվեցին ուղարկել նրան Եվրոպա՝ վերապատրաստման: Ավելորդ «լիրիկական» շեղումներից խուսափելու համար, Հովհաննեսը հանձն առավ ուղեկցել որդուն: Նրանք ուղևորվեցին Լայպցիգ՝ ծագումով հայ տեղացի առևտրականների հետ կապ հաստատելու համար: Կարգավորելով գործերը՝ վերադարձան Պարսկաստան: 1868 թվականին նորից մեկնեցին Գերմանիա, այնտեղից՝ Անգլիա, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանան եվրոպական մանուֆակտուրային արտադրության կենտրոնին: Յուրաքանչյուր նոր ուղևորություն նպաստում էր գործի և դրա հետ մեկտեղ՝ երիտասարդ գործարարի մտահորիզոնի ընդլայնմանը: Եվս տասը տարի Թեհրանում մնալուց հետո, Մանթաշովները վերջնականապես հրաժեշտ տվեցին նրան և տեղափոխվեցին Թիֆլիս: Բացեցին խանութներ, գնեցին բնակելի տներ և սկսեցին հյուրանոցներ ու դպրոցներ կառուցել ...

Ալեքսանդրի ծնողները մահացան մեկը մյուսի հետևից, շատ կարճ ժամանակում: Նա մնաց միայնակ, սակայն, բարեբախտաբար, ստիպված չէր սկսել զրոյից: Մեծ կարողությունն ընտրության իրավունք էր տալիս, և Մանթաշովը, նախապես գիտակցելով, թե որքան շատ է ծախսելու բարեգործության վրա, ամեն կերպ փորձում էր ավելացնել իր կապիտալը:

Աշխարհով մեկ սլացած նավթային տենդը չշրջանցեց նաև մեր հայրենակցին: Արագորեն փակելով մանուֆակտուրայի գործը նա մեկնեց Բաքու, նախապես պայմանավորվելով գործընկերության մասին իր բարեկամի՝ Նավթարդյունաբերողների խորհրդի նախագահ Արշակ Ղուկասովի հետ:
1899 թվականին նրանք հիմնեցին «Ա. Ի. (Իվանովիչ – հեղ․) Մանթաշով և Կո» Ընկերությունը: Շուտով մասնաճյուղեր բացվեցին Ռուսաստանում, Լեհաստանում, Թուրքիայում, Ռումինիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Իրանում: Ունեին սեփական շոգենավեր: Իսկ Բաթումում դեպի նավթամշակման գործարանը տանող անցուղին մինչ օրս հնաբնակներն անվանում են «Մանթաշովյան»:

20-րդ դարի առաջին տարիներին մեր հերոսը՝ ամբողջությամբ իր ձեռքն առնելով տարածաշրջանի նավթային բիզնեսի ֆինանսական ոլորտը, դարձավ «Թիֆլիսի կոմերցիոն բանկի» ղեկավարը: Այնուհետև նա սեփականացրեց ևս երկուսը՝ «Ռուսական Պետականը» և «Քաղաքային փոխառման բանկը»:

Այժմ նա կարող էր անվերապահորեն «եղանակ թելադրել» այնտեղ, որտեղ երկար ժամանակ թագավորում էին Նոբելներն ու Ռոթշիլդները: Նա գնեց նրանց մի քանի խոշոր նավթատար շրջանները և հաստատվեց առաջին դիրքում:

Մանթաշովի ժամանակակիցները նշում էին բիզնեսում նրա անթերի ներըմբռնողությունը: Նա կարող էր կանխագուշակել իրադարձությունները, նախապես հաշվարկել արժեթղթերի մրցունակության աստիճանը: Նա նաև մոնոպոլիստ էր և չէր հանդուրժում գործընկերոջ երկարատև ներկայություն, թեև չի եղել մի դեպք, որ նա որևէ մեկին վնասով թողնի: Գումարը, որը վճարվել էր նավթի բիզնեսում իր առաջին գործընկերոջը՝ թիֆլիսցի Արամյանցին, այնքան ֆանտաստիկ էր, որ նույնիսկ մոտ ընկերները չգիտեին ճիշտ թիվը:

Մանթաշովի մոտ աշխատում էին հաճույքով: Եվ պատճառը միայն նրա հմայքն ու առատաձեռնությունը չէին: Պարզապես նա կարողանում էր ընտրել միմյամց լիարժեք համապատասխանող մարդուն և աշխատանքը: Իսկ ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան սիրած գործով զբաղվելը և դեռ դրա համար էլ փող ստանալը:

Դառնալով իր ժամանակների ամենահարուստ մարդկանցից մեկը, Ալեքսանդր Մանթաշովը երբեք չզղջաց իր երբեմնի տված խոստումի համար՝ փառավորել ազգը բարի գործերով և օգնել նրան վերագտնել իրեն:

Նա իր կապիտալին վերաբերվում էր իբրև ազգային սեփականության և չէր հասկանում, թե ինչու պետք է ինքդ քեզ վրա ծախսես ավելի շատ, քան անհրաժեշտ է, երբ փոխարենը կարող ես ինչ-որ մեկին լավություն անել:

Առաջին հերթին նա բարեկարգեց իր հարազատ Թիֆլիսը: Սիոնիից ոչ հեռու տեղակայված են առևտրական շարքեր՝ աղեղանման երկհարկանի համալիրի տեսքով, որոնք մինչ այժմ կոչվում են «Մանթաշովյան շարքեր»: Ծերեթելիի պողոտայում գտնվում է ձիաբուծարանը: Ծերանոցը հետագայում վերափոխվեց մանկական հիվանդանոցի: Նեկրասովսկու անկյունում մեր հայրենակիցը սեփական նախագծի համաձայն կառուցեց «Բո-Մոնդ» հյուրանոցը: Նա նաև հոգում էր «Առևտրի աշխատողների Մանթաշովյան դպրոցի» ծախսերը, կառուցել էր հայկական Ներսիսյան սեմինարիայի տպավորիչ շենքը: Նրա իսկ միջոցներով Թիֆլիսում հայտնվեց առաջին հեռախոսային կապը:

Մանթաշովը գումար չէր խնայում պաշտամունքային կառույցների շինարարության կամ վերականգնման համար: Վերակառուցելով Վանքի տաճարը, նա արժանացավ սեփական դամբարան ունենալու իրավունքին. երկուսն էլ քանդվել են 1938 թվականին:

Էջմիածնի տաճարի վերականգնումը, փաստորեն, նա իրականացրեց միանձնորեն: Իսկ 1904 թվականին Փարիզում հողատարածք գնեց և կառուցեց հոր հիշատակին նվիրված եկեղեցի: Դա ընծա էր՝ հայ ժողովրդին:

Նա միշտ պատրաստ էր օգնել հայկական բոհեմայի ներկայացուցիչներին: Երազում էր թատրոն կառուցել:

Գրեթե հազար ուսանող սովորում էին Եվրոպայում իրենց հայրենակցի աջակցության շնորհիվ: Շատերը դարձան ականավոր գիտնականներ, ակադեմիկոսներ, կոմպոզիտորներ, գրողներ ...

Ալեքսանդր Մանթաշովին թաղել են Թիֆլիսում՝ ընտանեկան դամբարանում: Այդ օրը քաղաքում սուգ էր հայտարարված: Նրա մահից հետո հսկայական կապիտալը հալվեց-գնաց: Չորս որդիներից և ոչ մեկը չկարողացավ գոնե պահպանել այն ինչ կար: Թեև 17 թվի հեղափոխությունն էլ արեց իր պրոլետարական սրբագրությունը...

Մանթաշովների ընտանիքը արտագաղթեց, վերցնելով սեփական կարողության միայն մի փոքրիկ մասը: Ի դեպ, որդիներից մեկի՝ Լևոնի մասին է Ալեքսեյ Տոլստոյը գրել «Էմիգրանտները» վեպը:

Ալեքսանդր Մանթաշով-Մանթաշյանցի ընկերները դեռ երկար ժամանակ տխրությամբ կատակում էին, որ նա հեռացավ, այդպես էլ չկատարելով իր ամենակարևոր խոստումը՝ միավորել բոլոր հայերին մեկ տանիքի տակ և նրանց հավասարապես հարուստ դարձնել:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։