All of Armenia

Երևան 0 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Սարոյանի խոսքերն օգնում էին ինձ կյանքիս ամենադժվար պահերին․ Դասթին Հոֆման

04 Feb 2019 - 00:37

Քասթինգներին մեկը մյուսի հետևից անհաջողությունների մատնվելիս, երիտասարդ և այն ժամանակ դեռևս անհայտ դերասան Դասթին Հոֆմանն ապրում էր Վիլյամ Սարոյանի խոսքերով: Այս մասին նա պատմել է դերասան Ջեյմս Ֆրանկոյի «Variety» հանդեսի «Actors on Actors» հաղորդման ժամանակ:

Երբ 22-ամյա և հանրությանն անծանոթ Վիլյամ Սարոյանին հարցրեցին․ «Ինչու՞ եք գրում»,- նա պատասխանեց,- «Ինձ համար դա ապրելու միակ ճշմարիտ ուղին է»:

«Այս խոսքերը կանգնած էին աչքերիս առաջ և ստիպում էին ինձ ապրել, երբ ես տարեցտարի մերժում էի ստանում մրցակցային ընտրություններում», - պատմում է Հոֆմանը:

Դասթին Հոֆմանը, ծագումով հրեա աղքատ ընտանիքից, շատ երկար էր գնում դեպի փառքը: Պատրաստվում էր դառնալ դաշնակահար, պարապում էր կոնսերվատորիայում և «Պասադենա փլեյհաուզ» (Pasadena Playhouse) դերասանական ֆակուլտետում: 1958 թվականին եկավ Նյու Յորք, բազմիցս փորձում էր ընդունվել դերասանական դասընթացների, սակայն իր «ոչ բեմական» արտաքինի պատճառով ամենուրեք մերժում էր ստանում:

Աշխատել է մատուցող, հոգեբուժարանի սանիտար, հանրախանութում խաղալիքների ցուցադրող, թատրոնի հանդերձապահ, զբաղվել է ձեռագրերի արտատպելով։ Վերջապես երիտասարդ դերասանին նկատեց Actors Studio դերասանական վարպետության դպրոցի ռեժիսոր և տնօրեն Լի Սթրասբերգը, և Դասթին Հոֆմանը դարձավ ուսանող։

Կինոյում առաջին գլխավոր դերը Հոֆմանը խաղաց «Շրջանավարտը» ֆիլմում: Ֆիլմը նկարահանվել էր 1967 թվականին և ունեցավ շլացուցիչ հաջողություն: Երիտասարդ դերասանը լավագույն դեբյուտի համար արժանացավ «BAFTA» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, ինչպես նաև առաջադրվեց «Օսկարի» մրցանակի՝ «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում:

Իսկական առաջընթացքը տեղի ունեցավ 1979 թվականին, երբ Դասթին Հոֆմանը «Քրամերն ընդդեմ Քրամերի» ֆիլմում գլխավոր դերի համար ստացավ իր առաջին Օսկարը և վաստակեց աշխարհի ամենատաղանդավոր դերասաններից մեկի կարգավիճակը: Ֆիլմն ավելի քան 50 անգամ առաջադրվել է տարբեր կինոմրցանակների, որոնցից 35-ը շահել է:

Վիլյամ Սարոյանը, հայկական ծագմամբ աշխարհահռչակ ամերիկացի գրողը, ծնվել է 1908 թվականի Օգոստոսի 31-ին, Ֆրեզնոյում (Կալիֆորնիա նահանգ), հայ գաղթականների աղքատ ընտանիքում:

Սկսելով իր աշխատանքային գործունեությունը փոստատարի պաշտոնից նա՝ ինչպես և իր ծնողները, չէր կարող անգամ ենթադրել, որ մի առ ժամանակ հետո այդ անունը կկանգնի այնպիսի նշանավոր ամերիկացի գրողների կողքին, ինչպիսիք են Հեմինգուեյը, Ֆոլքները, Սթեյնբեկը, Քոլդուելը:

Վիլյամ Սարոյանը գրել է ավելի քան մեկուկես հազար պատմվածք, տասներկու պիես և մոտ տասը վեպ: Նրա լավագույն ստեղծագործություններից է համարվում «Մարդկային կատակերգություն» վիպակը՝ մասամբ ինքնակենսագրական: Հայտնի են նաև «Վեսլի Ջեքսոնի արկածները», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպերը, և այլ:

1940 թ. «Ձեր կյանքի լավագույն տարիները» դրամայի համար Սարոյանն արժանացավ Պուլիտցերյան մրցանակի, որից հրաժարվեց՝ ասելով, թե «դրա մեջ արտառոց ոչինչ չկա», իսկ 1944թ․-ին' «Օսկարի»՝ լավագույն գրական սկզբնաղբյուրի համար («Մարդկային կատակերգություն»):

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի Մայիսի 18-ին Ֆրեզնոյում, որտեղ և թաղված է, սակայն՝ կատարելով ժառանգության մեջ արտահայտված գրողի կամքը, նրա սրտի մասնիկը հողին է հանձնվել Արարատի ստորոտում գտնվող Երևանի պանթեոնում:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։