All of Armenia

Երևան 18 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
484.37
565.5
7.15

Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ՝ ավագանու նիստը չկայացավ

16 Jul 2018 - 12:58

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն այսօր տեղի չունեցավ:

Քվորում չլինելու պատճառով, Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը չկայացավ: Ավագանու կիսադատարկ դահլիճում այդ մասին հայտարարեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Դահլիճում էին ավագանու 65 անդամներից միայն 5-ը՝ ներկա չէին Հանրապետական ու «Ելք» խմբակցությունները:

Իսկ Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» կուսակցության և խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է: Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ իր առաջադրման մասին պաշտոնական գրությունը պաշտոնապես մուտք է արել քաղաքապետարան՝ դեռ անցած շաբաթ:

Երևանի քաղաքապետի պաշտոնից հանրապետական Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունների ժամանակ ավագանու խմբակցությունները քաղաքապետի թեկնածուներ են առաջադրում, ընտրությունը կատարում է ավագանին՝ իր շարքերից։ Կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: