All of Armenia

Երևան 9 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
495.93
537.74
6.4

Վարչապետը պաշտոնական այցերով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն

03 Jul 2019 - 16:13

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ' Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, ինչպես նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՎՍՀ առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ, կայցելի Վիետնամում Հայաստանի դեսպանություն, որտեղ կհանդիպի «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Հուլիսի 7-9-ին էլ Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Սինգապուրի Հանրապետություն:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի, Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ: Նախատեսվում է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որտեղ կհանդիպի Սինգապուրում և հարևան երկրներում գործող հայ համայնքների ներկայացուցիչներին: Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։