All of Armenia

Երևան 30 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Ոստիկանությունում անձի առերևույթ խոշտանգման և անզգուշությամբ մահն առաջացնելու դեպքով քրգործ է հարուցվել

17 Apr 2019 - 19:35

Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հաղորդում է, որ ոստիկանությունում Էդգար Ծատինյանի առերևույթ խոշտանգման և անզգուշությամբ մահն առաջացնելու դեպքով քրեական գործ է հարուցվել:

«2019թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրելով՝ որդուն՝ Երևան քաղաքի բնակիչ Էդգար Ծատինյանին, բերման են ենթարկել ոստիկանության Նոր-Նորքի բաժին, որտեղ նա ենթարկվել է բռնությունների, ապա քրեական պատասխանատվության չենթարկվելու վախից կուլ է տվել իր գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը: Դրա հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել է, ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են «Արմենիա»ՀԲԿ, որտեղ ժամեր անց Էդգար Ծատինյանը մահացել է», - ասված է Դատախազության հաղորդագրությունում:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, սույն հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու և հետագա ընթացքը լուծելու համար: Արդյունքում, նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ ոստիկանության՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից ենթադրաբար կատարված՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ, այն է՝ անձին մահ պատճառելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՀՔԾ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, և ընդունվել վարույթ», - տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

«Ազատությանը» տված հարցազրույցում Լարիսա Եթարյանը պնդել է, որ իր 36-ամյա որդին՝ Էդգար Ծատինյանը, մահացել է ոստիկանների ծեծի ու բժիշկների անտարբերության հետևանքով: Ոստիկանությունն ու տիկնոջ նշած բժշկական կենտրոնները չեն ընդունում այս մեղադրանքները:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։