All of Armenia

Երևան 16 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Բակո Սահակյանը կներկայանա ոչ որպես պաշտոնական Արցախի հավաքական կամքը ներկայացնող․ Դավիթ Բաբայան

16 May 2019 - 14:11

Չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանը ժամանի դատարան, «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ միևնույն ժամանակ նշելով՝ այդ մասին դեռևս հստակ տեղեկություն չկա։

Արցախի նախագահի խոսնակը նաև ընդգծեց՝ դատարանում Բակո Սահակյանը չի ներկայացնի պաշտոնական Արցախի հավաքական կամքը։

«Ազատություն». - Հնարավո՞ր է, որ Բակո Սահակյանն այսօր ժամանի Երևան։

Դավիթ Բաբայան. - Ես, ճիշտն ասած, չգիտեմ, չի բացառվում, բայց հստակ չեմ կարող ասել, որովհետև իրոք դեռևս չկա հստակ տեղեկություն։

«Ազատություն». - Իսկ ինչո՞վ է պայմանավորված, պարոն Բաբայան, Բակո Սահակյանի ծանրաբեռնվածությա՞մբ է պայմանավորված, ինչի՞ց է կախված նրա գալ-չգալու հանգամանքը։

Բաբայան. - Իհարկե աշխատանքից, բայց չի բացառվում, որ նաև գա։ Որ գա, արդեն այնտեղ կտեսնեք։ Ուզում եմ ասել, որ որևէ ձևով չենք թաքցնելու, և հանրությունը տեղեկանալու է, տեսնելու է։

«Ազատություն». - Այսինք՝ չի՞ բացառվում, որ նա այսօր հասնի դատարան։

Բաբայան. - Չի բացառվում, բայց հստակ չեմ կարող ասել։

«Ազատություն». - Ե՛վ Ղարաբաղի գործող նախագահն է, և՛ նախկին նախագահն է միջնորդություն ներկայացրել՝ երաշխավորելով, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի նախաքննությունից և պատշաճ վարքագիծ կդրսևորի, Դուք կարծո՞ւմ եք, որ սա միանգամայն բավարար հանգամանք է, որպեսզի խափանման միջոցը փոխվի Քոչարյանի՝ հաշվի առնելով, որ անձամբ Ղարաբաղի երկու նախագահներն են այդպիսի երաշխավորությամբ հանդես գալիս։

Բաբայան. - Ինչ ասեմ, դա ցույց կտա գործերի ընթացքը, ես չեմ կարող որևէ բան ասել։

«Ազատություն». - Երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում կան այդպիսի տրամադրություններ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը պետք է փոխվի, և իրենք չեն կարող դրան չարձագանքել։ Իսկապե՞ս Լեռնային Ղարաբաղում կա նման հանրային պահանջ։

Բաբայան. - Արցախը ժողովրդավարական երկիր է, և այստեղ կան տարբեր կարծիքներ, տարբեր հոսանքներ, իսկ ի՞նչ է, Հայաստանի Հանրապետությունում չկա՞ն այդպիսի մարդիկ, որոնք ուզում են, պահանջում են, որպեսզի խափանման միջոցը փոխվի, իհարկե կա։

«Ազատություն». - Նկատի ունեմ՝ Ղարաբաղում կա՞ այդպիսի հանրային պահանջ, այդպիսի միասնություն այդ հարցի շուրջ։

Բաբայան. - Հանրային պահանջը ո՞րն է, կան մարդիկ, ովքեր այդպես են մտածում։

«Ազատություն». - Նրանք մեծամասնությո՞ւն են կազմում։

Բաբայան. - Մենք սոցիալական հարցում հո չե՞նք արել, թե քանի տոկոսն է կազմում, մեծամասնություն է, մեծամասնություն չէ։

«Ազատություն». - Բայց ամեն դեպքում Լեռնային Ղարաբաղի ղեկավար կազմը պնդում է, որ պետք է Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։

Բաբայան. - Նախևառաջ երկրի ղեկավարություն ասել ստեղ մի քիչ ճիշտ չէ, որովհետև Արկադի Ղուկասյանը նախկին նախագահն է, ինքը հիմա որևէ պաշտոն չի զբաղեցնում, սա՝ մեկ, երկրորդը՝ նախագահ Սահակյանը գործող նախագահ ի հայտ չի գալիս որպես իշխանությունների կամ պաշտոնական Արցախի հավաքական կամքը ներկայացնող, սա մարդասիրական առաջարկ է, մարդասիրական միջնորդություն է՝ զուտ մարդասիրական, անձնական, մարդկային հարթությունում պետք է այն դիտարկել, բազմիցս դրա մասին խոսել ենք։

Քիչ անց կշարունակվի սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը:

Դատարանը քննելու է Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Նշենք, որ այսօր սպասվում է, որ դատարան կգան Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին ղեկավար Արկադի Ղուկասյանը:

Հիշեցնենք՝ նրանք միջնորդություն են ներկայացրել դատարան՝ երաշխավորելով, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու դեպքում, Քոչարյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի և չի խոչընդոտի գործի քննությանը:

Միջնորդությունը քննարկելու համար նրանք անձամբ պետք է դատարան ներկայանան:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։