All of Armenia

Երևան 30 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ

06 Apr 2019 - 19:59

Աշխատանքային այցով Հորդանանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ։

Թագավոր Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ Երկրորդը հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ընդգծելով թագավոր Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաև նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է։

Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Սարգսյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։

Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։

Հորդանանի թագավորն ասել է, որ առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Հայաստանի նախագահը հրավիրել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին այցելել Հայաստան։

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։