All of Armenia

Երևան 18 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
484.37
565.5
7.15

Գլենդելում տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան - 2800» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

17 Jul 2018 - 17:20

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների ծրագրով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան-2800» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, հայազգի մտավորականներ, արվեստագետներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարներում պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը: Լուսանկարների բնօրինակներից շատերը մինչև օրս պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում և արտատպվել են հատուկ «Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսում ներկայացվելու համար:

Հատկանշական է, որ առանձին ցուցասրահում ներկայացվել են նաև Գլենդելում ապրող հայ արվեստագետների աշխատանքները՝ նվիրված Երևանին:

«Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել բոլորին՝ զգալու հնամյա մայրաքաղաքի շունչն ու ջերմությունը, յուրահատուկ մթնոլորտը, ինչպես նաև հրավիրել բոլորին հյուրընկալ մեր քաղաք՝ միասին տոնելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 22-ը: