All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը

11 Sep 2019 - 20:03

ALLARMENIA. Մայրաքաղաքում տրվել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը: 2.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին: Փաստաթղթի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում:

Տեղում՝ մանրակերտի վրա, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվել են ծրագրի մանրամասները: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ:

Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի կառուցում, ինչպես նաև մեկ ուղեանցի կառուցում՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:

«Նոր ճանապարհահատվածը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի և ընդհանրապես Հայաստանի համար: Այսօր մայրաքաղաքում ունենք չորս կամուրջ, և ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կառուցվողը կլինի թվով հինգերորդը: Այս ճանապարհահատվածը զգալիորեն կթեթևացնի Երևանում երթևեկությունը», - նշել է քաղաքապետը:

Շինարարական աշխատանքներն իրականացնող Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին իր հերթին նշել է, որ նման նախագծերի կյանքի կոչման հարցում ընկերությունն ունի երկարամյա փորձ, և վստահեցրել է, որ աշխատանքները կիրականացվեն նախատեսված ժամկետում:

Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվելու են բոլոր անհրաժեշտ հաղորդուղիների տեղափոխումները, իսկ լուսավորության համակարգում տեղադրվելու են LED էներգախնայող լուսատուներ:

Արգավանդ-Շիրակ ճանապարհը Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է, որը նաև կապում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Պայմանագրի արժեքն է 26.003.196.22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Շինարարությունը կտևի 21 ամիս:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։