All of Armenia

Երևան 10 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
484.37
554.56
7.22

Կառավարությունը մի շարք բարեփոխումներ է իրականացնում կենսաթոշակային ոլորտում

14 Mar 2019 - 16:50

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել 2011 թ. մայիսի 5 ի ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» համապատասխան որոշման մեջ:

Սահմանվել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու կամ չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու կարգ:

Սահմանվել է, որ եթե հաշմանդամ ճանաչված անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում, ապա նրա կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ:

Հստակեցվել է նաև, որ ՀՀ քաղաքացու' միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե օրենքով սահմանված դեպքում նրա համար կենսաթոշակային վճար է կատարվել ՀՀ պետբյուջե:

Սահմանվել է նաև, որ կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն ներկայացնում է միայն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում. վերացվել է աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Չի դադարեցվի նաև հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը, իսկ մանկատանն ապրող երեխային որդեգրելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում նախատեսվող կարգավորումները և հանձնարարել նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ իրականացնել պատշաճ լուսաբանում, որպեսզի քաղաքացիները ստեղծված հնարավորությունների մասին տեղեկություն ստանան:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։