All of Armenia

Երևան 28 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական գազի ծավալների ավելացման շուրջ․ Գարեգին Բաղրամյան

07 Mar 2019 - 20:52

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան այցելության և Իրանի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան առաքվող իրանական գազի ծավալների ավելացման շուրջ:

Բաղրամյանը հավելեց, որ այժմ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները բանակցում են Իրանի ու Վրաստանի իշխանությունների հետ Հայաստան առաքվող իրանական գազի ծավալներն ավելացնելու ու Վրաստան այն հասցնելու շուրջ․ - «Հանդիպման գլխավոր նպատակը, կարծում եմ, քաղաքական պայմանավորվածությունների ձեռք բերումն էր, որը տեղի ունեցավ: Երկու երկրները արտահայտեցին իրենց կամքը, որ պատրաստ են փոխշահավետ համագործակցության և՛ գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի շրջանակներում, և՛ գազի ծավալների ավելացման շրջանակներում: Այսինքն, եղան համապատասխան պայմանավորվածություններ զուտ քաղաքական մակարդակով, և արդեն եղան համապատասխան հանձնարարականներ, որպեսզի համապատասխան գերատեսչությունները զբաղվեն առարկայական՝ կյանքի կոչելու համար այդ պայմանավորվածությունները»:

Գազի ծավալների ավելացման առնչությամբ Բաղրամյանը մանրամասնեց․ - «Թե ինչ սխեմաներ կլինեն, արդեն կախված կլինի մի շարք պայմաններից: Կարող է լինեն գազի ծավալների ավելացում՝ տարանցման նպատակով դեպի Վրաստան: Եթե կլինի փոխշահավետ գնային առաջարկ, կարող է լինել գազի ծավալի ավելացում՝ ուղղակի վաճառքի տեսքով»:

Ըստ Բաղրամյանի, անցած տարի Հայաստան է ներկրվել մոտ 500 միլիոն խորանարդ մետր իրանական գազ, որն ամբողջովին օգտագործվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակում, Հայաստանից Իրան է առաքվել շուրջ 1,5 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրանէերգիա: Հայաստանը տարեկան սպառում է մոտ 2 միլիարդ խորանարդ մետ կապույտ վառելիք:

Մեր զրուցակցի խոսքով, 2026 թվականին ավարտվող «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը պետք է երկարաձգվի մինչև 2040 թվականը․ - «Հենց հիմա նախապատրաստվում է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի նախագիծը, որը 15-20 օրից կուղարկվի իրանական կողմին՝ արդեն առարկայական բանակցելու, որտեղ կլինեն և՛ ծավալներ, և՛ ժամկետներ»:

Հարցին, թե արդյոք բանակցում են վրացական կողմի հետ իրանական գազը այդ երկիր հասցնելու շուրջ, Էներգետիկայի նախարարի պաշտոնակատարն արձագանքեց․ - «Ոչ միայն մենք ենք բանակցում, այլ նաև իրանական ընկերությունները ունեն որոշակի պայմանավորվածություններ վրացական ընկերությունների հետ: Այսինքն, մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը տարանցման միջոցով, եթե կունենան իրանական և վրացական ընկերությունները համապատասխան պայմանավորվածություն․․․ ապա մենք մեր ենթակառուցվածքը կտրամադրենք տարանցելու նպատակով»:

Ընդ որում, Գարեգին Բաղրամյանի խոսքով, Վրաստան իրանական գազ առաքելու պայմանավորվածության դեպքում, կարիք չկա Հայաստանի տարածքում նոր գազամուղ կառուցել, որովհետև այդ պարագայում կգործի swap՝ փոխանակման տարբերակը: Այսինքն, Հայաստանը կստանա Վրաստանի համար նախատեսված իրանական գազը, իսկ Վրաստանին կմնա Հայաստան առաքվող նույն ծավալի ռուսական գազը: Հետևաբար՝ կարիք չի լինի իրանական գազը ֆիզիկապես Հայաստանով տեղափոխել Վրաստան, բայց իրանա-վրացական ու հայ-ռուսական պայմագրերը կկաատարվեն:

Հարցին, թե արդյոք ինքը տեխնիկական կամ քաղաքական խնդիր տեսնում է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության պատկանող գազատարով Իրանից ներմուծվող գազի ծավալների ավելացման պարագայում, Բաղրամյանը պատասխանեց․ - «Գազատարը նախատեսված է մինչև 2-2,5 միլիարդ խորանարդ մետր ներկրելու համար: Շատ է խոսվում սեփականության առումով․․․ Ուրեմն ամբողջ էներգահամակարգը գործում է լիցենզավորման դաշտում և կարգավորման դաշտում, ինչը նշանակում է, որ, անկախ սեփականության ձևից, ընդհանուր էներգետիկ համակարգում գործունեություն ծավալելը ենթակա է լիցենզավորման: Եթե ենթակա է լիցենզավորման, ապա կան համապատասխան լիցենզիայի պայմաններ, պարտականություններ, և այդ լիցենզիայի պայմանների համաձայն, բնական մենաշնորհ հանդիսացող ենթակառուցվածքները տրամադրվում են ցանկացած սուբյեկտի, որը ուզում է օգտագործել այդ ենթակառուցվածքը, բնականաբար՝ համապատասխան վճարի դեպքում և համապատասխան տեխնիկական հնարավորությունների դեպքում: Այսինքն, անկախ նրանից, թե դա բարձրավոլտ էլեկտրացանցեր են, թե գազատարներ են, սեփականության ձևը ստեղ կապ չունի: Լիցենզիայով հստակ տրված են պարտավորություններ, և կան համապատասխան վճարներ՝ Ա-ից Բ կետը տեղափոխման համար ինչ արժե»:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։