All of Armenia

Երևան 29 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Թատրոն

Հայկական թատրոնը հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։ Թատերարվեստի հնագույն և ժողովրդական տեսակը պարերգական (խորային) դրաման է, որն իր ազդեցությունն է ունեցել առաջավորասիական, բալկանյան և ապենինյան ժողովուրդների բանահյուսության մեջ։ Մշակութային այս միջավայրում է կազմավորվել նաև հայ ժողովրդական և խորհրդապաշտական դրաման իր պարերգային տեսակով։ Թատերական այդ հին համակարգը չի պահպանվել, բայց թողել է իր լեզվական հետքերը։

Հին հայկական թատրոն

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից:

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թ. Տիգրան Բ Մեծ արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 56-34 թթ.) ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները հայկական Կարթագեն էին անվանում): Պատմական աղբյուրների համաձայն, այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53 թ. բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Սկսած մ.թ.ա. I դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին։ Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բ-ի ողբերգություններից հատվածներ՝ գրված հունարեն լեզվով։

Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը: II դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ II-III դարերում հայ ողբերգակ դերասանները (ձայնարկու գուսանները և ողբերգու գուսանները) խաղում էին հունական ու հայկական ներկայացումներում, իսկ IV դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։

Հայկական թատրոնը միջնադարում (IV-XV դար)

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստի վրա։ Հայտնի են, օրինակ, կաթողիկոս Հովհաննես Մանդակունու (V դար) քարոզները՝ ուղղված թատերական արվեստի դեմ։

Չնայած դրան, ներկայացումներ էին բեմադրվում անտիկ դրամատուրգների (Մենանդրոսի, Եվրիպիդեսի), ինչպես նաև հայ կատակերգակների, ողբերգակների ստեղծագործություններից։ Հովհաննես Մանդակունին վկայել է, որ հին ամֆիթատրոնների օրինակով ստեղծվել է նաև առանձնացված տեղերով հատուկ թատերական շինություն կանանց համար։ Թատերական ներկայացումների լայն ժողովրդականությունը հոգևորականությանը դրդել է եկեղեցական ծիսակատարությունների մեջ ներառել թատերականացված տարրեր։ Օրինակ՝ պատարագային դրամայից է առաջացել քրիստոնեական կրոնական դրաման, որը համարվում է ֆեոդալական դարաշրջանին բնորոշ որվեստ։ VI-VII դարերի հայտնի գիտնական փիլիսոփաների աշխատությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանում թատրոնը երևելի տեղ է գրավել հայ հասարակության կյանքում։ Ուշ միջնադարում թատերական ներկայացումներ են բեմադրվել նաև Վասպուրականի, Անիի և Կիլիկիայի թագավորություններում։

Ենթադրվում է, որ Աղթամար կղզում նույնպես թատերախմբեր են հանդես եկել։ X դարում կառուցված Աղթամարի տաճարի պատերին պատկերված են հայկական թատրոնի դիմակներ՝ նրա երկու տարատեսակներով. կենցաղային կատակերգության և ծաղրածուիդ իմակներ: XII դարում Կիլիկիայի թագավորությունում կազմավորված հայկական թատրոնն աստիճանաբար դառնում է հայ մշակույթի կենտրոններից մեկը։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում նաև հայ դրամատուրգիայի առաջին պահպանված ստեղծագործությունները՝ Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»:

Հայկական թատրոնը XV-XVIII դարերում

XIV դարի վերջին՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո օտարերկրյա կապանքները անդրադառնում են նաև արվեստի վրա։ XV-XVI դարերում թատերական արվեստը զգալիորեն անկում է ապրում։

Հայկական նոր թատրոնն առաջացել է XVII-XVIII դարերում։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը հաղորդում է երեք գործողությամբ մի կատակերգության մասին, որը բեմադրել են հայ գուսանները, և որը նա տեսել է 1664 թ. Երևանի քաղաքային հրապարակում։ Հայկական նոր թատրոնը զարգանում է հայ գաղթականների շրջանում։ 1668 թ.-ից հայտնի են հայկական դպրոցական թատրոններ (եկեղեցական և աշխարհիկ) այն քաղաքներում, որտեղ կային հայկական գաղութներ (Լվով, Վենետիկ, Վիեննա, Կոստանդնուպոլիս, Մադրաս, Կալկաթա, Թբիլիսի, Մոսկվա, Դոնի Ռոստով)։ Այս թատրոնները դասական ուղղվածություն ունեին, արտահայտում էին ազգային ազատագրական շարժման գաղափարներ։ Պահպանվել է «Սուրբ Հռիփսիմեի չարչարանքները» պիեսը՝ բեմադրված է 1668 թ. Լվովի հայկական դպրոցում:

Հայկական թատրոնը XIX դարում

Արևելյան Հայաստան

1827 թվականին արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին առանցքային դեր խաղաց նոր ժամանակաշրջանի թատրոնի զարգացման մեջ՝ մասնավորապես արևելահայության թատերական կյանքում, քանի որ թատերական գործիչները հնարավորություն ստացան ավելի սերտ շփվել ռուսական մշակույթի հետ։ Հատկանշական է այն, որ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» ստեղծագործության առաջին բեմադրությունը, որին ներկա էր նաև հեղինակը, կատարվել է Երևանում, 1877 թվականի դեկտեմբերին: Արդեն 1820-ական թվականներին Թիֆլիսի Ա. Ալամդարյանի հայկական սեմինարիաներում և Կարասուբազարում (այժմ՝ Բելոգորսկ) բեմադրվեցին հայկական առաջին սիրողական դպրոցական ներկայացումները։ Կարևոր իրադարձություն էր 1836 թվականին Թիֆլիսում Գ. Շերմազանյանի կողմից «Շերմազանյան դարպաս» թատրոնի ստեղծումը, որտեղ 1842 թվականին բեմադրվել է նրա «Եպիսկոպոս Կարապետի մի քանի գործերի նկարագրումը» կատակերգությունը: Այն քննադատում էր հոգևորականությանը, առևտրականներին և պաշտոնյաներին։

1859 թվականին հայ ականավոր գրող Միքայել Նալբանդյանը Մոսկվայի հայ ուսանողների կողմից բեմադրված ներկայացումների (Ս. Վանանդեցու «Արիստակես» պատմական ողբերգությունը և Ն. Ալադատյանի «Կորան իմ 50 չերվոնեցները» կենցաղային կատակերգությունը) գրախոսականում հայտնեց իր կարծիքը թատերական արվեստի դերի և նշանակության վերաբերյալ: Քննադատությունը տեսական հիմք դարձավ հայկական ժողովրդավարական թատրոնի հետագա զարգացման համար։

1850-1860 թվականներին ի հայտ եկան Մ. Պատկանյանի, Նիկողայոս Պուղինյանի, Մ. Տեր-Գրիգորյանի, Հովհաննես Գուրգենբեկյանի և այլ դրամատուրգների կենցաղային կատակերգությունները:

1865 թ. Երևանում բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները, իսկ 1873 թվականին դրամատուրգ, դերասան և ռեժիսոր Էմին Տեր-Գրիգորյանի ղեկավարությամբ ստեղծվում է թատերախումբ։

Արևմտյան Հայաստան

Արդեն 1810 թվականին Կոստանդնուպոլսում Մ. Բժիշկյանի ղեկավարությամբ բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները։ Պատմական կարևոր նշանակություն ուներ Հովհաննես Գասպարյանի «Արամյան թատրոնը» (1846-1866 թթ.), որը պահպանեց հին հայկական թատրոնի ավանդույթները։ 1850-ական թվականներին Կոստանդնուպոլսում գործել են նաև հայկական սիրողական թատերախմբեր։ Պոետ-դրամատուրգ Մ. Պեշիկթաշլյանը 1856 թվականին հիմնադրում է հայկական ազգային թատրոն: 1857 թ. հրատարակվում է «Արարատի մուսաները» թատերական ամսագիրը։ Արևմտահայ դրամատուրգիան զարգանում է Մ. Պեշիկթաշլյանի, Ս. Հեքիմյանի, Պետրոս Դուրյանի և Տ. Թերզյանի ստեղծագործություններով։

1860-ական թվականներին Կոստանդնուպոլսում և Թիֆլիսում հանդես եկող հայկական սիրողական թատերախմբերը դառնում են պրոֆեսիոնալ հայկական թատրոններ: Պատմական կարևոր իրադարձություն է դառնում Հակոբ Վարդովյանի կողմից «Արևելյան թատրոնի» հիմնումը 1861 թվականին, իսկ 1869 թվականին Կոստանդնուպոլսում ստեղծում է «Վարդովյան թատերախումբը», որը գործում է մինչև 1877 թվականը՝ ռուս-թուրքական պատերազմի սկսվելը։

1870-ական թվականների վերջերին թուրքական կառավարությունը Կոստանդնուպոլսից վտարեց հայկական թատրոնները: Այդ թվականին Կոստանդնուպոլսից Անդրկովկաս տեղափոխվեցին բազմաթիվ հայ դերասաններ, որոնց թվում են Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Աստղիկը, Ազնիվ Հրաչյան, Մ. Մնակյանը և այլք։

Անդրկովկաս

Երկար ժամանակ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը Անդրկովկասի մշակութային կենտրոնն էր։ Նրա հետ են կապված հայ ժողովրդի թատերական ավանդույթները։

Թիֆլիսում 1824 թվականից սկսած հայկական Ներսիսյան դպրոցում ներկայացումներ էին բեմադրվում հայերեն լեզվով, իսկ հետագայում այդ ներկայացումները ցուցադրվեցին նաև քաղաքի այլ բեմերում։ Եվ արդեն 1856 թվականին ստեղծվում է պրոֆեսիոնալ հայկական թատրոն՝ պրոֆեսիոնալ թատերախմբով, որը գլխավորում էր Գևորգ Չմշկյանը: Նրա ղեկավարությամբ թատրոնում մեծացել է դերասանների առաջին սերունդը՝ Մ. Ամրիկյան, Ա. Սուքիասյան, Ամիրան Մանդինյան, Ս. Մատինյան, Կ. Արամյան, Գեդեոն Միրաղյան, Ս. Շահինյան, Սաթենիկ և այլք։ Այդ ժամանակաշրջանում թատրոնի հետ համագործակցել են դրամատուրգներ Ն. Ալադադյանը, Նիկողայոս Պուղինյանը, Մ. Տեր-գրիգորյանը և, իհարկե, հայկական ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը:

1880-ական թվականների թատրոնի զարգացման մեջ մեծ դեր խաղաց ողբերգակ դերասան Պետրոս Ադամյանը, ով իր աշխատանքներում արտահայտում է իր բողոքը սոցիալական և ազգային ճնշման հանդեպ։

Թատրոնի հետագա զարգացումը կապված է Հակոբ Պարոնյանի («Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», «Շողոքորթը» կատակերգությունները), ինչպես նաև Ալեքսանդր Շիրվանզադեի դրամատուրգիայի հետ («Պատվի համար», «Նամուս», «Չար ոգի», «Ավերակների վրա» ռեալիստական հոգեբանական դրամաներիը): Հայկական թատրոնների խաղացանկերի մեջ հայտնի էին նաև Էմին Տեր-Գրիգորյանի ստեղծագործությունները՝ «Բարեգործության դիմակի տակ», «Զրկանքի զոհ»: Ռոմանտիկ տենդենցով հագեցած են Մուրացանի ստեղծագործությունները, մասնավորապես, «Ռուզան» պատմական դրաման:

Հայկական թատրոնում ռեալիստական ուղղվածությունը պահպանել են դերասաններ Ալեքսանդր Աբելյանը, Սիրանույշը, Պողոս Արաքսյանը, Ա. Հարությունյանը, Արմեն Արմենյանը, Արամ Վրույրը, Գրիգոր Ավետյանը, Օվի Սևումյանը, Գևորգ Պետրոսյանը, Օլգա Մայսուրյանը, Զաբելը, ովքեր խաղացել են Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում։

Հայկական թատրոնը 1900-1920-ական թվականներին

1905-1907 թվականներին հայկական թատրոնը զգալի վերելք է ապրել։ Դեռևս 1890-1900 թվականներին մեծ քաղաքների (Թբիլիսի, Բաքու) բանվորական շրջաններում կազմակերպվում էին հայկական սիրողական ներկայացումներ։ Այնուհետև ստեղծվում են ժողովրդական թատրոններ, որտեղ խաղում են և սիրողական մակարդակի դերասաններ, և պրոֆեսիոնալներ։

Թիֆլիսում ստեղծվում են հանրամատչելի թատրոններ՝ «Ավչալյան լսարանը» (1901 թ.), «Մուրաշկո թատրոնը» (1902 թ.), «Արաքսյանի հավլաբարյան թատրոնը» (1903 թ.), «Զուբալովի անվան ժողովրդական տունը» (1909 թ.)։

Բաքվում բանվորական շրջանների ժողովրդական տներին կից գործում էին նաև հայկական դրամատիկական խմբակներ։ Հայկական սիրողական թատերախմբերը հանրամատչելի ներկայացումներ են բեմադրում Երևանում, Ալեքսանդրապոլում, Բաթումում, Շուշիում, Ելիզավետպոլում (Կիրովաբադ)։ Այս թատրոնների և թատերախմբերի ներկայացումները հանրության լայն շերտերի համար էին նախատեսված, նրանք բեմադրում էին դասական ու ժամանակակից դրամատուրգիայի ստեղծագործություններ, տոմսերի գները մատչելի էին։ Այս թատրոններից որոշները գործել են ընդհուպ մինչև 1914 թվականի առաջին համաշխարհային պատերազմը:

Ժողովրդական թատրոնների գործունեության մեջ իրենց ներդրումն ունեն հետևյալ դերասանները և ռեժիսորները՝ Պողոս Արաքսյան, Ամո Խարազյան, Գրիգոր Տեր-Գրիգորյան, Վահան Գալստյան, Մ. Գավրոշ, Դավիթ Գուլազյան և այլք։

1910-ական թվականներին հայտնվում են նոր դերասաններ, ովքեր դառնում են բեմի վարպետներ՝ Հասմիկ, Իսահակ Ալիխանյան, Պետրոս Ադամյան, Օլգա Գուլազյան, Քնարիկ, Միքայել Մանվելյան, Արշակ Մամիկոնյան, ավելի ուշ՝ Արուս Ոսկանյան, Վահրամ Փափազյան, Հովհաննես Զարիֆյան, նոր դրամատուրգ՝ Լևոն Մանվելյանը:

Քաղաքական անօրինականությունները, ազգային ճնշումները խոչընդոտում էին ազգային թատրոնի զարգացմանը։ Նյութական և կազմակերպչական աջակցության բացակայությունը, գրաքննական ճնշվածությունը խանգարում էին բեմական արվեստի զարգացմանը։

Ամենախորը ճգնաժամը թատրոնն ապրեց 1918-1920 թթ։

 Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը