All of Armenia

Երևան 27 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Գրականություն

IV դարի վերջերին, կապված Հայոց թագավորության անկման և քրիստոնեական դավանանքի դիրքերի թուլացման հետ, Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը խնդիրը դառնում է խիստ հրատապ։ Այս պատմական առաքելությունը հանձն է առնում 390-ականների սկզբներից շրջիկ քարոզչությամբ զբաղվող և մի քանի տարի հայոց արքունիքում իբրև դիվանապետ աշխատած Մեսրոպ Մաշտոցը' ծագումով Տարոնի գավառի Հացիեկաց գյուղից ։ Շուրջ 404 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի աջակցությամբ Վաղարշապատում գումարվում է հատուկ եկեղեցական ժողով' ազգային գրավոր մշակույթի ստեղծմումը և դավանաբանական գրականության թարգմանությունը խթանելու հարցով։ Այդ նպատակով հայոց թագավոր Վռամշապուհի աջակցությամբ և ցուցումով հյուսիսային Միջագետքից Հայաստան են բերվում գրեր՝ այսպես կոչված «Դանիելյան նշանագրերը»։ Մոտ երկու տարի անց «Դանիելյան գրերը» հանվեցին գործածությունից՝ հայերենի հնչյունական համակարգը լիարժեք արտահայտել չկարողանալու պատճառով։ Վռամշապուհի և կաթողիկոսի անմիջական աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ միասին մեկնում է հյուսիսային Միջագետք։ Շուրջ 405-406 թվականներին Եդեսիայում ուսումնասիրելով տարբեր գրային համակարգեր, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը։ Այստեղից մեկնում է հյուսիս՝ Սամոսատ, ուր հույն գրագիր Հռոփանոսի հետ վերջնականապես շտկում է այբուբենի գծագրական ձևը։ Ըստ պատմիչ Կորյունի Մեսրոպ Մաշտոցը Միջագետք է մեկնել Վռամշապուհի գահակալության հինգերորդ տարում, վերադարձել՝ վեցերորդ տարում: Մեկ տարի տևած շրջագայությունից հետո աշակերտների հետ վերադանում է հայրենիք՝ Վաղարշապատում բացելով առաջին հայ ազգային դպրոցը: Հետագայում Մեսրոպ Մաշտոցը դասվել է հայոց սրբերի շարքին:

V—X դարեր։ Հայ վաղմիջնադարյան գրականությունը

Ազգային այբուբենի ստեղծմամբ հայ գրավոր մշակույթը հիմք է առնում V դարի սկզբին։ Մոտ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված ս. Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր երգաստեղծությունը՝ շարականագրությունը։ V դարը գիտության մեջ ընդունված է անվանել Հայոց Ոսկեդար։ Կարևոր պատմական երկ է Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունը», որն ընդգրկում է IV դարի կեսերից մինչև 387-թ. ընկած դեպքերի շարադրումը։ Ոչ միայն ստույգ պատմագրական այլև գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում Վարդանաց պատերազմին նվիրված Եղիշե պատմիչի «Վարդանի և Հայոց Պատերազմի մասին» մատյանը՝ գրված մոտ 464-465-ին։ Մոտ 480-490-ական թվականներին է գրվել V դարի հայ գրականության ամենաընդգրկուն պատմագրական երկը՝ պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», որտեղ հեղինակն առաջին անգամ փորձ է կատարել գրելու հայոց ամբողջական պատմությունը՝ սկսած առասպելական Հայկ նահապետից մինչև 428 թվականը։ Խորենացին գրի է առել նաև հայ հեթանոսական բանավոր ավանդության բացառիկ արժեք ներկայացնող մի շարք պատառիկներ։ V դարի հայ վերջին պատմիչը Ղազար Փարպեցին է։ Առ այսօր հայագիտության մեջ լուծված չէ պատմիչ Ագաթանգեղոսի պատմական դարաշրջանի խնդիրը։ Վերջինս համարվում է կամ IV դարի պատմիչ, որ գրել է հունարեն և թարգմանվել V դարում, կամ V դարի հեղինակ, որ գրել է Ագաթանգեղոս կեղծանվան տակ։

Մովսես Խորենացի

Հայոց Ոսկեդարի խոշորագույն կոթողներից է ս. Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աստվածաբանական երկը, որտեղ հեղինակը քրիստոնեության դիրքերից դիտարկում է կրոնափիլիսոփայական բազմաթիվ խնդիրներ։ Երկը գրված է մոտավորապես 441-449-ի միջև։

Ս. Մեսրոպ Մաշտոցին, ս. Սահակ Պարթևին, ս. Հովհաննես Մանդակունուն են վերագրվում տասնյակ հոգևոր երգեր՝ շարականներ։ ս. Հովհաննես Մանդակունին համարվում է նաև մի շարք եկեղեցական ճառերի հեղինակ, որոնցում արժեքավոր տեղեկություներ են պարունակվում V դարի Հայաստանի հասարական կյանքի վերաբերյալ։ ս.Մեսրոպ Մաշտոցին է վերագրվում «Հաճախապատում ճառք» աստվածաբանական աշխատությունը։

VI դարի հեղինակ է Աթանաս Տարոնացին, որից պահպանվել է մեկ փոքր ժամանակագրություն։ Այն ունի կարևոր աղբյուրագիտական արժեք, քանի որ հեղինակը հենվել է նախորդ դարի հայ պատմիչների երկերի վրա։

VII դարը հայ վաղ միջնադարյան գրավոր մշակույթի վերելքի շրջան է։ VII դարի նշանավոր պատմի է Սեբեոսըի երկի շարադրումը հասցված է մինչև 661 թվականը և գրված է իր ժամանակի համաշխարհային պատմական իրադարձություների համատեքստում։ Նույն դարի պատմիչ է Հովհան Մամիկոնյանը, որը հեղինակել է «Պատմություն Տարօնոյ» երկասիրությունը։ Այնտեղ պատմվում է VI դարի վերջին և VII դարի առաջին կեսին Տարոն գավառում տեղի ունեցած դեպքերի նկարագրությունը։

Նույն դարի վերջին է գրվել Աղվանից կամ Արևելից կողմանց իշխան Ջվանշիրի մահվան կապակցությամբ Դավթակ Քերթողի ներբողը, որ համարվում է նաև հայ աշխարհիկ բանաստեղծության հնագույն նմուշը։

VIII դարի խոշոր պատմիչ է Ղևոնդը։ Վերջինս շարունակել է Սեբեոսին՝ սկսելով VII դարի կեսերից և հասնելով մինչև VIII դարի սկզբին Հայաստանի նվաճման պատմությունը։ Երկն ավարտել է մոտ 790-ին։

IX դարի վերջին, X դարի սկզբին է ապրել Արծրունյաց պատմիչ Թովմա Արծրունին։ Նրա «Պատմություն տանն Արծրունյաց» աշխատության մի մասի հեղինակ է համարվում նույն շրջանում ապրած մեկ այլ անհայտ պատմիչ, որին հայագիտության մեջ պայմանականորեն անվանում են Անանուն Արծրունի։ X դարի խոշորագույն պատմիչներից է կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, որի «Հայոց Պատմությունը» հասցված է մինչև 924 թվականը և կարևորագույն տեղեկություններ է պարունակում ոչ միայն տվալ դարաշրջանի Բագրատունյաց Հայաստանի, այլև Վիրքի, Աղվանքի և Իրանի մասին։ Մոտ 982-ին «Հայոց Պատմություն» է հեղինակում Ուխտանեսը։ Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը» հիմնականում նվիրված է երկու հայաբնակ նահանգների՝ Արցախի և Ուտիքի պատմական անցքերի նկարագրությանը։ Վարքագրական գրականության մեջ ուշագրավ է Մեսրոպ Վայոցձորցու «Սուրբ Ներսեսի Վարքը»' ավարտված մոտ 967-ին։ Ստեղծվում են նայև կրոնա-եկեղեցական բնույթի տրակտատներ (Անանիա Նարեկացի և այլք):

XI—XII դարեր

X-XI դարերի սահմանագծին, Բագրատունյաց Հայաստանի հզորացման շրջանում, հայ պատմագրության մեջ նկատվում են հայոց ընդհանրական պատմությունը գրելու նոր փորձեր։ Մոտ 1004-ին Ստեփանոց Տարոնացի Ասողիկը ավարտում է իր «Պատմություն Տիեզերականը»։ Այդ շրջանի նշանակալից պատմագրական կոթող է Արիստակես Լաստիվերտցու «Պատմությունը»' գրված մոտ 1072-1079-ին։ Երկում շարադրված են XI դարասկզբին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները' Բյուզանդիայի զավթումները, սելջուկ-թուրքական քոչվորների արշավանքները։ Գրիգոր Մագիստրոսը հայ գրականություն է ներմուծում էպիստոլյար (նամակագրական) ժանրը։

Պոեզիայի վերելքը նախ և առաջ կապված է ս. Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ։ Վերջինիս ստեղծագործությամբ սկսվում է սիրո և բնության գովքը հայ բանաստեղծության մեջ։ 1002-ին ս. Գրիգոր Նարեկացին ավարտում է իր «Մատյան Ողբերգությանը»' որը հիրավի համարվում է հայ և համաշխարհային միջնադարյան գրականության գլուխգործոցներից մեկը։ Պոեզիան զարգանում է նաև Գրիգոր Պահլավունու, Վարդան Անեցու գործերում։ Վարդան Հայկազնի ստեղծագործությամբ սկիզբ է առնում կենսագրական պոեմի ժանրը։ XI-XII դարերի սահմանագլխին է ապրել նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը։

XII դ. կարևոր պատմագրական երկերից է Մաթէոս Ուրհայեցու «Ժամանակագրությունը», որ նշանակալից տեղեկություններ է պարունակում նաև առաջին խաչակրած արշավանքների մասին։ XII դարի վերջին է գրվում Սամուել Անեցու «Ժամանակագրությունը»։ Վերջինս առանձնակի կարևոր տեղեկություններ է պարունակում նույն դարաշրջանի Հայաստանի, Կիլիկյան Հայկական Թագավորության և հարակից երկրների մասին։

Պատմագրությունը զարգանում է նաև Մխիթար Անեցու և ուրիշների գրվածքներում։ Ե՛վ բովանդակային, և՛ կառուցվածքային առումով նոր խոսք էր հայ գրականության մեջ ս. Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ 1145-ին ս. Ներսես Շնորհալին ավարտում է «Ողբ Եդեսիոյ» պոեմը՝ հայ գրականության մեջ քաղաքական պոեզիայի առաջին կոթողներից մեկը։ Վերջինս համարվում է նաև էպիկական պոեմի սկզբնավորողը։ Ժամանակի հայ գրականության և գրավոր մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Մխիթար Գոշը։ Նա համարվում է հայկական արձակի հիմնադիրներից մեկը:

Պահպանվել են Մխիթար Գոշի գրչին պատկանող շուրջ 190 առակ։ Նրան է պատկանում նաև հայ իրավունի հիմնարար կոթող «Դատաստանագիրքը»։ Գրիգոր Տղայի 1189-ին գրված «Ողբ վասն առմանն Երուսաղեմի» պոեմում (մոտ երեք հազար տող) իրենց արտահայտությունն են գտել ժամանակին Կիլիկյան Հայաստանում տեղի ունեցած անցքերը։ Ներսես Լամբրոնացին ստեղծում է եկեղեցական բանաստեղծություններ և ճառեր։

Գրիգոր Նարեկացին 1173-ի ձեռագրից

XIII—XVI դարեր

XIII դարի հայ պատմագրության մեջ բացառիկ տեղ է գրավում Կիրակոս Գանձակեցու «Հայոց Պատմությունը»' գրված 1241-1266-թթ-ի միջև։ Երկը ներառում է հայ ժողովրդի պատմության հազարամյա շրջան։ Նույն հարյուրամյակի վերջին է գրվել Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսականը», որ ներառում է խիստ արժեքավոր տեղեկություններ հայոց կարևորագույն նահանգներից մեկի՝ Սյունիքի պատմության վերաբերյալ։ 1270-ականներին իր «Պատմությունն» է ավարտում Սմբատ Սպարապետը, ուր շարադրված է Հայաստանի և Կիլիկիայի պատմությունը սկսած X դարից։ Դարավերջին պատմություն է գրում Մխիթար Այրիվանեցին։ Պատմագրության մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում Վարդան Արևելցին։ Նույն դարի պատմիչ է Ստեփանոս Եպիսկոպոսը։

XIII հարյուրամյակը աչքի է ընկնում նաև գեղարվեստական գրականության բուռն ծաղկումով։ Դարի նշանավոր հեղինակներից է Ֆրիկը, որից պահպանված 50 տաղերում արտացոլված են սոցիալական անհավասարության խնդիրը, մոնղոլական ծանր լծի տառապանքները։ Այս շրջանի պոեզիայում հատուկ տեղ է զբաղեցնում նաև Կոստանդին Երզնկացին, ով հայ գրականության մեջ սիրային պոեզիայի սկզբնավորաղներից մեկն է։

Երզնկացու ստեղծագործության մեջ փառաբանվում է սերը, բնությունը և մարդը։ Խաչատուր Կեչառեցու մոտ կարևոր տեղ է գրավում միջնադարյան մարդու հոգեբանական նկարագիրը։ Ժամանակի նշանավոր բանաստեղծ է Հովհաննես Երզնկացի Պլուզը։ Արձակ գրականությունը նոր բարձունքների է հասնում Վարդան Այգեկցու ստեղծագործություններում, մասնավորապես առակներում, որ ամփոփված են «Աղվեսագիրք» ժողովածուում։ XIII դարի հայ գրավոր մշակույթի կարևոր դեմքերից է Հովհաննես Տավուշեցին (Վանական Վարդապետ), ումից պահպանվել է «Հարցմունք և պատասխանիք» երկը՝ դարաշրջանի հայ մշակույթը լուսաբանող համապարփակ բնությի աշխատությունը։

Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։ Հայրենները բնույույթով սիրային բանաստեղծություններ են՝ գրված հիմնականում XIII-XVI դարերում։

XVII—XVIII դարեր

XVII դ. առաջին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ-քաղաքական և մշակութային զարթոնքը նպաստել է գեղարվեստական գրականության զարգացմանը։ Գրչագրության և նորաստեղծ տպագրության (1512թ.) շնորհիվ վերակենդանացել է միջնադարյան հայկական գրավոր հարուստ ժառանգությունը։

XVII-XVIII դդ. գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է երեք հիմնական, ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ախուղական արվեստ։ Բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։

 Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը