All of Armenia

Երևան 21 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Երաժշտություն

Հայկական երաժշտությունը սկիզբ է առել մ.թ.ա. III հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել միջնադարյան հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։

Հնադար և միջնադար

Դեռևս մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել է հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ ս. Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի մասին։ Այդ հնագույն երգերից մեկը, որը վերաբերում է մ.թ.ա. II դարին, պատմում է հայ արքա Արտաշեսի և ալանների արքայադստեր՝ Սաթենիկի մասին․

Հեծավ արի արքա Արտաշեսը
գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ
անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ
օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։

Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, սկիզբ է առել հայ հոգևոր երաժշտության զարգացումը։

Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։

Հնագույն ժամանակներից եկող գուսանական երաժշտաթատերական արվեստն իր զարգացում շարունակում է նաև ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Սակայն եկեղեցական գործիչների կողմից այն ենթարկվել է խիստ հալածանքների։

Երգերի կատարող՝ սազով, հայկական մանրանկար, 1211 թ

Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստել է 406 թ. հայոց այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է ս. Մովսես Խորենացին, հիմնադրել է ս. Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երգ և երաժշտություն:

V - VI դարերում ստեղծվել են առաջին հոգևոր երգերը, որոնց հեղինակներն են՝ ս. Մեսրոպ Մաշտոցը, ս. Սահակ Ա Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին։ Եկեղեցական երաժշտության զարգացման ընթացքում ձևավորվում են շարականները (V դար)։ VII դարում երաժիշտ Բարսեղ Ճոնը կազմում է շարականների առաջին «Ճոնընտիր» ժողովածուն։ VII դարի հիմնադիրներից հայտնի են նաև կաթողիկոսներ Կոմիտաս Ա Աղցեցին և Սահակ Գ Ձորոփորեցին։

Երեղեցական երաժշտության ստեղծագործական կանոնական հիմք հանդիսացող Ութձայն համակարգի կարևոր դասակարգում կատարեց Ստեփանոս Սյունեցին՝ VIII դարի առաջին կեսին։ Վերջինս եկեղեցական երաժշտության մեջ ներմուծեց նաև կանոնի ժանրը։ Հին հայկական երաժշտության զարգացման մեջ նոր ձեռքբերում էր երաժշտական նոտագրության՝ խազերի ստեղծումը VIII-IX դարերում։ Հնադարյան Հայաստանի երաժշտական մշակույթի մասին հայտնում է նաև մեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթը (V-VI դդ.)։

Հայ երաժշտությունը նշանակալիորեն զարգանում է զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում՝ X-XIII դարերում։ Դրան նպաստում է հայկական ազգային պետության վերականգնումը IX դարի կեսերին։ X դարում ստեղծվում է պրոֆեսիոնալ երաժշտության նոր ուղղություն՝ տաղը։ Տաղերը խոշոր աշխարհիկ կամ հոգևոր վոկալ ստեղծագործություններ են, որոնք ունեն դրամատիկական, վիպական, ինչպես նաև քնարական բնույթ։ Այդ ստեղծագործություններն իրենց սկզբնաղբյուրներով սերում են գուսանական և ժողովրդական երգարվեստից։ Տաղերի առավել հայտնի հեղինակներից են ս. Գրիգոր Նարեկացին (X դ.), Խաչատուր Տարոնեցին (XII դ.) և այլք։ Հայկական Վերածննդի գաղափարներն արտացոլված էին ինչպես տաղերում, այնպես էլ «Սասունցի Դավիթ» էպոսում, որը, սկիզբ առնելով արխայիկ ժամանակներից, վերջանականապես ձևավորվեց IX-X դարերում։

Հայ երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Ներսես Շնորհալին (XII դար), ով գրեց բազմաթիվ երգեր, տաղեր և շարականներ։

Հովհաննես Իմաստասերը (XI-XII դարեր), Հովհաննես Երզնկացին (XIII դար) և այլք իրենց աշխատություններում ուսումնասիրում էին երաժշտական-գեղագիտական բնույթի թեմաներ։ Առաքել Սյունեցին, Հակոբ Ղրիմեցին գրել են տվյալ ժամանակաշրջանի երաժշտական գործիքների մասին։ Մեծ արժեք են ներկայացնում Կիլիկիայի թագավորությունում ստեղծված պատմական երգերի բառերը (Հեթում Ա արքայի որդի Լևոնի գերեվարության մասին և այլն)։

Սկսած XVI դարից՝ Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի միջև բաժանվելուց հետո, ամրապնդվում են սոցիալական թեմաները և գերակայում են ողբերգական երգերը։

Միջնադարյան երգերի ժողովածուներից են Շարակնոցը, Ժամագիրքը, Ճաշոցը, Մանրուսումը, Գանձարանը և Տաղարանը։
Խազագրություն

Ըստ V դարի պատմիչ Ղազար Փարպեցու՝ հայերը սկզբնապես օգտագործում էին այբուբենի տառերը՝ երաժշտությունը ֆիքսելու համար։ Հին հայկական երաժշտական նոտագրության նիշերը՝ խազերը, ստեղծվել են VIII-IX դարերում։ Խազերի ստեղծման նախաձեռնողը վերագրվում է Ստեփանոս Սյունեցուն։ Խազագրությունը թույլ էր տալիս ավելի ճշգրիտ գրանցել երգերի մեղեդին։ Ստեղծվում են «Խազգիրք» ժողովածուները, որոնք հանդիսանում են նաև յուրօրինակ ուսումնական ձեռնարկներ։ Խազագիր հնագույն ձեռագիրը վերաբերում է IX դարին։ XII դարից խազերը զարգանում են նաև Կիլիկիայում, ս. Ներսես Շնորհալին, Գրիգոր Խուլը (XII դ.), Գևորգ Սկեռացին (XIII դ.) և այլք բարելավում են խազերի համակարգը։ Հայտնի են ավելի քան 40 հիմնական և մինչև 20 կամ 30 լրացուցիչ, ինչպես նաև բազմաթիվ ածանցյալ նշաններ։ Խազերը բաժանվում են երեք հիմնական կատեգորիաների։ Հայկական խազերը պալեոբյուզանդական նշանային համակարգից լիովին տարբերվում էին իրենց գրաֆիկական գրելաձևով, անվանումներով և նշանների փոխհարաբերությամբ։ Պահպանվել է ձեռագիր հատորների հսկայական քանակություն, որը պարունակում է միջնադարյան աշխատհիկ և հոգևոր երկերի խազային գրառումներ։

Հին հայկական երաժշտական ժանրերը և բնութագիրը

Գուսանական արվեստ

Գուսանները հայ ժողովրդապրոֆեսիոնալ երգիչ-դերասաններ են։ Նրանց ստեղծագործությունները բացարձակապես աշխարհիկ բնույթ են կրում։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսանները ծառայում էին Գիսանե աստվածուհու տաճարում, մասնակցում էին ֆարսերի և երգիծական ներկայացումների։ Գուսանական երաժշտությունը սերում է ստրկատիրական ժամանակաշրջանի Հայաստանի վիպասանների արվեստից։ Գուսանական երգերի մասին վկայում են V դարի հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, ս. Մովսես Խորենացին, Եղիշեն և այլք։ Գուսանները երգերը կատարում էին հիմնականում խնջույքներին, հարսանիքներին և այլն։ 301 թվականից հետո հայ եկեղեցին հետապնդում էր գուսաններին։ Փավստոս Բյուզանդը նկարագրելով IV դարի իրադարձությունները, գրել է․

«Մի անգամ նրանք Տարոնում էին՝ Աշտիշատ եկեղեցական ավանում, որտեղ առաջին անգամ եկեղեցի էր կառուցվել իրենց նախապապ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Երկու եղբայրները՝ Պապը և Աթանագինեսը, ժամանեցին այդ գյուղ։ Խիստ հարբած՝ նրանք սկսեցին ծաղրել աստծո տաճարը․ երկու եղբայրները մտան եպիսկոպոսական հանգստավայր և սկսեցին այնտեղ գինի խմել մարմնավաճառների, երգչուհիների, պարուհիների, գուսանների հետ»։

Հին գուսանական արվեստը գոյատևեց մինչև XV-XVI դարերը։ Միջնադարյան հայրենների արվեստը նույնպես համարվում է գուսանական մշակույթի արգասիք: Վերջին ժամանակաշրջանի հայտնի գուսաններն էին Գրիգոր Խլաթեցին և Նահապետ Քուչակը՝ հայրենների հեղինակները։

Շարական

Շարականները հոգևոր երգեր են։ Պահպանվել են V - XV դարերի մեծ քանակությամբ շարականներ։ Շարականը միջնադարյան պոեզիայի և երգարվեստի սինթեզն է։ Արդեն VII դարում Բարսեղ Ճոնը կաթողիկոս Ներսեսի հանձնարարությամբ կազմեց առաջին «Ճոնընտիր» շարակնոցը (շարականների ժողովածուն)։ Ըստ Կիրակոս Գանձակեցու․ «Այդ ժամանակ Հայաստանում այնքան շատ էին կանոնավոր եկեղեցական երգերը, որ մի թեմի երգիչները չգիտեին մյուս թեմի երգերը»։ Վարդան Արևելցին գրում է․ «...վերանայվեցին եկեղեցական երգերը, ընտրվեցին լավագույնները, որոնք մինչ այժմ էլ երգում են հայկական եկեղեցում։ Դրանց խմբագրումը հանձնարարվեց սուրբ Բարսեղին՝ Ճոն ազգանունով՝ Անի շրջանում գտնվող Դեպրավանքի նախկին վանահորը։ Նրա անունով են կոչվում հայկական եկեղեցիներում շարականները՝ Ճոնընտիր։»

Շարականների բազմադարյա մասնագիտացված (պրոֆեսիոնալ) արվեստը մշտապես փոխազդեցությունների բարդ ընթացքի մեջ է գտնվել աշխարհիկ երաժշտության ու պոեզիայի հետ և իր զարգացման շուրջ հազարամյա պատմության ընթացքում զգալի էվոլյուցիա է ապրել։
Շարականները հավաքված են «Շարակնոց» ժողովածուի մեջ, որտեղ ներառված է ավելի քան 1100 երգային նմուշ։

Տաղ

Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Տաղերը համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալ և գործիքային արիաներ։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղեր։ Տաղը, որպես երաժշտական ժանր, զարգացել է X դարում՝ գլխավորապես ս. Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը, ի տարբերություն շարականների, կանոնավոր երգեր չէին․ տոնախմբություններին և արարողություններին կատարվում էին տվյալ իրադարձությանը ավելի տոնական տեսք տալու համար։ Աշխարհիկ տաղն ավելի ցայտուն կերպով զարգանում է Ֆրիկի ստեղծագործություններում (XIII դար)։ Տաղերի ուշ միջնադարյան հեղինակներից հայտնի են Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը, Մինաս Թոխատեցին, Պետրոս Կապանցին, որոնց ստեղծագործություններից մի քանիսը պահպանվել են խազագիր մատյաններում։ Ամենահայտնի ուշ միջնադարյան աշխարհիկ տաղերից մեկը՝ «Կռունկը», պահպանվել է XVII դարի տեքստերում։ Հոգևոր տաղերի և գանձերի ուշ միջնադարյան հեղինակներից առավել հայտնի են Առաքել Սյունեցին, Մաթեոս Դվուգաեցին, Գրիգոր Խլաթեցին, Առաքել Բաղիշեցին և այլք։

Աշխարհիկ միջնադարյան տաղերի առաջին ժողովածուն տպագրվել է Վենետիկում 1613 թվականին։

Գուսանը կատարում է երգ հարսանիքին, XVI դարի մանրանկար

XVII—XVIII դարեր

Տաղերի ականավոր կատարողներից մեկը Պետրոս Կապանցին էր։ Նրա ստեղծագործություններն իրենց արմատներով կապված են զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հայկական երաժշտական մշակույթի ավանդույթների հետ։ Այդ ժամանակաշրջանում շատանում են թե՛ երաժիշտները, թե՛ երաժիշտ-կատարողները։ Միևնույն ժամանակ XVII-XVIII դարերի հայ գիտնականները շարունակում էին ուսումնասիրել միջնադարյան ձեռագրերի և բնագրերի երաժշտական ժառանգությունը։ Այդ շրջանի ճանաչված երաժշտական տեսաբաններից էին Ավետիք Բաղդասարյանը, Զենե-Պողոսը, Խաչատուր Էրզրումցին և Մխիթար Սեբաստացին։ Հին հայկական երաժշտության ուսումնասիրությանը զուգընթաց՝ Գրիգոր դպիր Գապասկալյանը (4 երաժշտագիտական աշխատությունների հեղինակ) փորձում է ստեղծել խազերի նոր համակարգ։
Աշուղական երաժշտություն

Աշուղական երաժշտությունը հանդիսանում է երաժշտական և գրական մշակույթի սինթեզ, որն առաջացել է XVI դարում։ Աշուղները ժողովրդական երգիչ-պոետներ են, ովքեր մեծ դեր են խաղացել հայկական երաժշտության պատմության մեջ։ Աշուղական արվեստի հիմնական զարգացումն սկսվում է XVII դարում։ XVII-XVIII դարերի նշանավոր հայ աշուղներից էին Էգազը, Գուլ Հարությունը, Ղազարի որդի Բաղերը և այլք։ Աշուղական երաժշտությունը հիմնված է ժողովրդական արվեստի բազմադարյա ավանդույթների վրա։ Սովորելով միջնադարյան տաղասացների ավանդույթները՝ հայ աշուղներն իրենց ստեղծագործությունների համար ստեղծում էին յուրօրինակ մեղեդիներ։ Արդեն XIX դարի երկրորդ կեսից այդ մեղեդիները գրառվեցին եվրոպական նոտագրությամբ։ Այդ երգերի տեքստերը նվիրվում էին սիրային, հասարակական, երգիծական և այլ թեմաներին։ Աշուղական արվեստը համաարևելյան երևույթ է: Աշուղական մեղեդին զգացմունքային է, ճկուն է ռիթմապես։ Երգեցողությունն ուղեկցվում է սազի կամ քամանչայի հնչյուններով։ XVII-XVIII դարերի հայ ականավոր աշուղներից են Նաղաշ Հովնաթանը, Բաղդասար Դպիրը և Սայաթ-Նովան։ XVIII դարում աշուղական արվեստը «կլանում» է գուսանների ու տաղասացների արվեստը։

XIX դար - XX դարի սկիզբ

Դասական երաժշտություն

Համբարձում Լիմոնճյանը 1813-1815 թթ. Կ.Պոլսում ստեղծել է հայկական նոր նոտագրությունը։ Այդ ժամանակ գրառվել են ինչպես ժողովրդական երաժշտության նմուշներ, այնպես էլ հոգևոր՝ մասնավորապես Նիկողայոս Թաշճյանը հին հայկական հոգևոր երաժշտական ստեղծագործությունների երեք հատոր նոտագրեց։

Հայկական երաժշտական մշակույթի նոր վերելք նկատվեց XIX դարի երկրորդ կեսին, որը պայմանավորված էր նաև ազգային-ազատագրական գաղափարներով։ Թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, վերածնվում է հայկական երաժշտական-հասարակական կյանքը։ Հրատարակվում են երգերի բազմաթիվ ժողովածուներ (Ռափայել Պատկանյանի երգերի ազգային ժողովածուն՝ 1856 թ., Սանկտ Պետերբուրգ)։ Նիկողայոս Թաշճյանը (1878), Վենետիկի Մխիթարյանները (1882) և այլք երաժշտական տեսության և երաժշտական գրագիտության դասագրքեր են ստեղծում։ Այդ ժամանակաշրջանի կարևոր մշակութային ձեռքբերումը դառնում է հայկական երաժշտական պարբերականը։ Դեռևս 1857 թ Գաբրիել Երանյանը և Ա. Հովհաննիսյանը հրատարակում են երաժշտական «Քնար արևելյան» ամսագիրը։ 1879 թվականից լույս է տեսնում նաև Ե. Տնտեսյանի «Նվագ հայկական» ամսագիրը։ Բազմաթիվ խոշոր հայկական պարբերականներում տպագրվում են երաժշտական թեմաներով հոդվածներ։ Հայկական երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ դեր խաղացին Լազարյան ճեմարանը, Ներսեսյան դպրոցը, Գևորգյան ճեմարանը։

XIX դարի կեսերին ձևավորվում է նաև համերգային կյանքը։ Բացի աշուղների, դուդուկ, քամանչա նվագողների, ժողովրդական երգիչների միությունների ստեղծումից, ստեղծվում են նաև գործիքային անսամբլներ ու սիմֆոնիկ նվագախմբեր, որոնց մեջ նշանակալի էր Սինանյանի նվագախումբը (1861-1896)։ Ե. Տնտեսյանի, Գ. Կորգանովի, Տ. Չուխաճյանի և Գ. Երանյանի ստեղծագործություններում զարգանում էր երգչախմբային և անհատական երգի, ռոմանսի, Չուխաճյանի և Կորգանովի մոտ՝ նաև գործիքային երաժշտության ժանրերը։ 1860-ական թվականներից շարունակում են ստեղծվել հայրենասիրական երգեր։ XIX դարի երկրորդ կեսին ստեղծվում է ազգային կոմպոզիտորական դպրոցը։

Պատմական նշանակություն ուներ 1868 թ Տիգրան Չուխաճյանի կողմից ստեղծված առաջին հայկական դասական օպերան՝ «Արշակ II»-ը։ 1891 թ. Չուխաճյանը գրում է «Զեմիրե», 1897 թ.՝ «Ինդիանա» օպերաները։ 1870-ական թվականներին գրում է երեք օպերետ, որոնցից ամենահայտնին «Լեբլեբիջի Հոր-հոր աղան» է (1875)։ Սերովբե Բենկլյանի հետ միասին Չուխաճյանը ձևավորում է Մերձավոր Արևելքում առաջին մշտական գործող պրոֆեսիոնալ օպերետային թատերախումբը։

1880-ական թվականներից պրոֆեսիոնալ կոմպոզիտորներն սկսում են հավաքել և մշակել հայ ժողովրդական երգերը։ Այդ կոմպոզիտորների թվում էին Մակար Եկմալյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան և Նիկողայոս Տիգրանյանը։ Այդ ժամանակաշրջանից սկսում է նաև իր գործունեությունը հայկական երաժշտության պատմության ամենակարևոր գործիչներից մեկը՝ Կոմիտասը, ով առանցքային դեր խաղաց ազգային երաժշտաոճի վերածնման գործում։ Նրա բազմակողմանի գործունեությունը նախանշեց հայ դասական երաժշտության հետագա զարգացման ճանապարհը։

Ալեքսանդր Սպենդիարյանի գործունեությամբ սկսվում է հայկական նվագախմբի և վոկալ-նվագախմբային երաժշտության պատմության նոր շրջանը («Ղրիմյան էսքիզներ», «Երեք արմավենիներ» և այլն)։

Ռոմանոս Մելիքյանը հիմնականում աշխատում է ռոմանսի բնագավառում։

1912 թ. Արմեն Տիգրանյանի կողմից «Անուշ» օպերայի բեմադրմամբ զարգանում է նոր ոճային ուղղություն՝ հայկական ազգային օպերա։ Ստեղծագործությունը մայրենի լեզվով է։ Նույն 1912 թ. Ազատ Մանուկյանը գրում է առաջին հայկական մանկական օպերան՝ «Չարի վերջը»։ XX դարի սկզբին իրենց գործունեությունն սկսեցին Գրիգոր Սյունին, Ս. Բարխուդարյանը, Ա. Մայիլյանը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Դ. Ղազարյանը, Է. Բաղդասարյանը, Մ. Միրզայանը։ Այդ դարաշրջանի ազգային երաժշտագիտությունը, որի գլխավոր ներկայացուցիչներից էին Կոմիտասը, Վ. Կորգանովը, Ե. Տնտեսյանը, հիմնականում կապված է ժողովրդական և միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտության, ազգային երաժշտական ավանդույթների ուսումնասիրության հետ։ Կոմիտասի հետ մեկտեղ ժողովրդական երաժշտության հավաքագրմամբ զբաղվում էր նաև Ս. Մելիքյանը, ով 1912 թ. ստեղծեց Հայկական երաժշտական միություն։

Այդ ժամանակաշրջանում բուռն զարգացում էր ապրում վոկալ արվեստը։ Ռուսաստանի և Եվրոպայի բազմազան բեմերում հանդես էին գալիս Նադեժդա Պապայանը, Տիգրան Նալբանդյանը, Արմենակ Շահմուրադյանը («Գրանդ օպերայի» մենակատար), Մարգարիտ Բաբայանը, Բեգլար Ամիրջանը, Կոնստանտին, Հովհաննես, Եղինե, Նունե և Մարիա Կորգանովները։ Արգասաբեր գործունեություն էին ծավալում նաև դաշնակահարներ Ստեփան Էլմասյանը, Կարոլ Միկուլին, Ադամյան քույրերը, դիրիժոր Ալեքսանդր Ասլանովը (1912-1918 թթ ղեկավարել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախումբը), ջութակահարներ Դավիթ Դավթյանը և Հովհաննես Նալբանդյանը։

Բազմաթիվ հայ կոմպոզիտորներ, երաժիշտներ, դիրիժորներ, ովքեր ստիպված էին արտագաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, իրենց ազգային երաժշտական մշակույթը զարգացրեցին աշխարհի տարբեր երկրներում։

XX դար

1920 թ. վերջին Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանությունը։ 1921 թ. հիմնադրված Երևանի երաժշտական ստուդիան վերափոխվում է Երևանի պետական կոնսերվատորիայի։ Մեկ տարի անց կազմավորվում է Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին դիրիժորներն էին Ալեքսանդր Սպենդիարյանն ու Ալեքսանդր Մելիք-Փաշայանը։ Կարևոր պատմական նշանակություն ունեցան 1932 թ. Հայաստանի կոմպոզիտորների միության և 1933 թ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրումը։

Արամ Խաչատրյան՝ 20-րդ դարի ականավոր կոմպոզիտորներից մեկը

Картинки по запросу арам хачатурян

1930 թ. բեմադրվում է Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, 1935 թ-ին՝ Հ. Ստեփանյանի «Քաջ Նազար» երգիծական օպերան (1936 թ-ին Հ. Ստեփանյանը գրոում է «Սասունցի Դավիթ» օպերան)։ Օպերայի ժանրում ստեղծագործում են Ա. Մաիլյանը, Լ. Հոջա-Էյնաթովը, Ս. Բալասանյանը և ուրիշները։

1930 թվականից սկսվում է XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի ակտիվ երաժշտական գործունեությունը։
Երկրորդ Համաշխարհային Պատերազմըի տարիներին ստեղծվում են ժողովրդի հավատարմությունը հռչակող էստրադային երգեր, որոնց հեղինակներն են՝ Ա. Խաչատրյանը, Գ. Եղիազարյանը, Մ. Միրզայանը, Ա. Այվազյանը, Ա. Մերանգուլյանը և ուրիշները; ինչպես նաև դասական ստեղծագործություններ (Ա. Խաչատրյանի II և Հ. Ստեփանյանի I սիմֆոնիան, Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» պոեմը և այլն)։

Ջազ

Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն: Ամենահայնտի խումբը համարվում էր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը համերգային ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, իսկ դիրիժորն էր Ցոլակ Վարդազարյանը։

 Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը