All of Armenia

Երևան 28 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Միջնադարյան Հայաստան

Հայաստանը վաղ միջնադարում

Պարսկա-բյուզանդական շրջան

428 թվականին Հայաստանը կորցնում է պետականությունը։ Այդ ժամանակ երկիրը բաժանված էր ժամանակի երկու հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բյուզանդական մասում ինքնուրույնությունը վերանում է Արշակ Գ թագավորի մահից հետո (389), իսկ պարսկական մասում Արշակունիների անկումից հետո (428) հայ իշխանների ինքնուրույնությունը որոշ չափով պահպանվում է։ Թեև Արևելյան Հայաստանում մարզպան էին նշանակվում հիմնականում պարսիկներ, սակայն հայ իշխանները պահպանում էին իրենց դիրքը, իր ազդեցությունը չէր կորցնում հայոց եկեղեցին։ Այնուամենայնիվ, Հայաստանի մարզպանության ստեղծումը բացասական երևույթ էր հայոց պատմության մեջ։ Առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը չէր պահպանվել. արևմտյան նահանգները (Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք) անցել էին Բյուզանդիային, հյուսիսը (Գուգարք, մասամբ՝ Տայք)՝ Վրացական թագավորությանը, արևմուտքում ընդարձակվել էին Աղվանքի սահմանները Արցախի և Ուտիքի հաշվին, իսկ հարավային գավառները (Փայտակարան, Պարսկահայքի և Կորճայքի մեծ մասը)՝ անցել էին Ատրպատականին։ Հայաստանի մարզպանի իշխանությունը, այսպիսով, տարածվում էր կենտրոնական մի քանի նահանգների վրա, թեև հայոց կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ էր ամբողջ Հայաստանը, ինչպես նաև՝ աղվանից ու վրաց երկրները։ Երկրորդ՝ Հայաստանի քաղաքային բնակչության մի ստվար հատված բռնագաղթեցվել էր Պարսկաստան։ Հազարավոր մարտիկներ ուղարկվում էին Միջին Ասիա՝ պայքարելու Սասանյանների թշնամիների դեմ։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ հեթանոս պարսիկները դիպչում են հայերի ամենանվիրական զգացմունքներին՝ հավատին, փորձում կրոնափոխ անել քրիստոնյա հայերին։

Հայոց սպարապետը կարգավորում էր հայ նախարարների ընդհանուր զորաբանակը։ Նրա պաշտոնը ավանդաբար շարունակում էր մնալ Մամիկոնյան ընտանիքին։ 5-րդ դարի կեսերին մարզպանի պաշտոնում նշանակվում է մեկ այլ ազդեցիկ նախարարական տոհմի ներկայացուցիչ՝ Վասակ Սյունին։ Իրենց հզոր դիրքերը շարունակում էին պահպանել Արծրունիները, Գնունիները, Խորխոռունիները։ 449 թվականին Հազկերտ Բ-ն հատուկ հրովարտակով հայ ավագանուց պահանջում է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականությունը, որով հայերը կզատվեին հարևան բյուզանդացիներից և աստիճանաբար կձուլվեին պարսիկներին։ Հայ իշխանների կողքին կանգնեց հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու գլխավորությամբ հրավիրվում է Արտաշատի ժողովը։ 450 թվականին Արևելյան Հայաստանում բարձրացվում է հակապարսկական առաջին խոշոր ապստամբությունը, որը պատմության մեջ հայտնի է որպես Վարդանանց պատերազմ։ 451 թվականի մայիսի 26-ին Վասպուրականում՝ Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին, հայկական 66 հազարանոց բանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ճակատամարտ է տալիս պարսկական 90 հազարանոց բանակին։ Պարտություն չկրելով՝ հայերը ամրապնդում են իրենց դիրքերը պարսկահպատակ ժողովուրդների շարքում։ Հակապարսկական բազում այլ ապստամբությունների շարքում հայտնի էր հատկապես Վահանանց պատերազմը (481-484)։ Դրա հաղթական ավարտից հետո սպարապետ Վահան Մամիկոնյանը պարսից շահի կողմից ճանաչվում է Հայաստանի տանուտեր։ Դվինում նրան դիմավորում են մեծ շուքով։

6-րդ դարում հայ նախարարները ևս զենք են վերցնում պարսկական բռնակալության դեմ։ Նրանց կողքին կանգնում է Բյուզանդական կայսրությունը։ 571 թվականին հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը (Կարմիր Վարդանը կամ Վարդան Կրտսերը) գլխավորում է հակապարսկական ապստամբությունը, որի ավարտին նոր պատերազմ է սկսվում Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև (572-591)։ 591 թվականին կնքված հաշտության պայմանագրով Հայաստանի մեծագույն մասը, ինչպես նաև Վրաստանը, անցնում են Բյուզանդական կայսրությանը։ Դա Հայաստանի երկրորդ բաժանումն էր 2 խոշոր տերությունների միջև, որոնցից մեկը դարձյալ Սասանյան Պարսկաստանն էր, մյուսը՝ Հռոմեական կայսրության ժառանգորդ Բյուզանդիան։ Պարսկա-բյուզանդական մրցապայքարը Հայաստանի համար շարունակվել է մինչ արաբական արշավանքները (630-ական թվականներ)։

Արաբական շրջան

7-րդ դարում հեռավոր Արաբական թերակղզում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխությոուններ։ Մինչ այդ քոչվոր ու կիսաքոչվոր անասնապահությամբ զբաղվող արաբական ցեղերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո և հիմնադրում են Արաբական խալիֆայությունը։ Պատմության ասպարեզում նոր հայտնված այդ պետությունը պայքար է սկսում ժամանակի երկու տերությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի դեմ։ Դարավոր պատերազմներում ուժասպառ եղած այդ կայսրությունները ի վիճակի չեն դիմակայել նոր ուժին։ 642 թվականի Նիհավանդի ճակատամարտում արաբները վերջնականապես հաղթում են պարսիկներին, կործանում շահական պետությունը։ Բյուզանդիայի տարածքը չորս անգամ կրճատվում է. արաբներին են անցնում Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան։ Արևմուտքում արաբները շարունակում են նվաճումները, մտնում Պիրենեյան թերակղզի, հասնում Ֆրանսիայի սահմաններին։ Մինչ այդ արևելքոում Արաբական խալիֆայության սահմանը հասնում է Չինաստանին՝ ներառելով Միջին Ասիան ու Արևմտյան Հնդկաստանը (Ինդոս գետի հովիտը)։

640 թվականին արաբական զորքերը առաջին անգամ արշավում են Հայաստան։ Արարատյան դաշտում երկրագործական խաղաղ աշխատանքով զբաղված բնակչությունը հանկարծակիի է գալիս՝ տալով մեծ կորուստներ։ Մայրաքաղաք Դվինը հրկիզվում է և ավերի ենթարկվում։ Երկրորդ հարձակումը տեղի է ունենում 642-643 թվականներին։ 650 թվականին արաբները կրկին սկսեցին իրենց ասպատակությունները և այս անգամ նրանք հարձակվեցին Երևան քաղաքի վրա, բայց բերդը մնաց աննկուն։ Հայ նախարարները սպարապետ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ զենք վերցրին նրանց դեմ։ Արաբական արշավանքները կասեցնելու նպատակով սպարապետը դիմում է դիվանագիտական քայլի։ 652 թվականին նա մեկնում է Դամասկոս և տեղի արաբ կառավարիչ Մուավիայի հետ կնքում խաղաղության պայմանագիր։ Այն ավելի ազդեցիկ է դառնում երբ Մուավիան դառնում է խալիֆ (661) և հիմնում է Օմայանների դինաստիան (661-775)։ Հայ-արաբական պայմանագրի համաձայն հայկական հողերի մեծ մասը մտնում է խալիֆայության կազմի մեջ։ Փոխարենը թուլատրում են հայ նախարարներին ունենալ 15 000-անոց այրուձի, իսկ այլ պետությունների (Բյուզանդիայի) հարձակման դեպքում արաբները զորքով պաշտպանելու էին Հայաստանի սահմաանները։ Հայաստանը երեք տարի ազատվելու էր հարկերից, իսկ հետո հարկ վճարելու էր այնքան, որքան կամենար։ Հայաստանը հարևան Վրաստանի և Աղվանքի հետ մտնում է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը կոչվում է Արմինիա (արաբ․՝ أرمينيا‎‎)։ Կուսակալության մայրաքաղաք է դառնում Դվին քաղաքը։ Հայաստանի արաբ կուսակալը, որին հայերը կոչում էին ոստիկան, իր վարչաքաղաքական իշխանությունը պարտավոր էր կիսել Հայոց իշխանի հետ։ Հարկային քաղաքականությունը և ներքին հարցերը արաբները պետք է լուծեին հայ նախարարներից ընտրված իշխանաց իշխանի հետ։ Արաբները Հայաստանում իսլամ չէին տարածելու, հայոց կաթողիկոսը պահպանելու էր իր՝ հոգևոր առանորդի և գերագույն դատավորի դերը։ Արմինիան խալիֆայության հյուսիսային հենակետն էր, նրա տնտեսապես ու մշակութապես ամենազարգացած նահանգներից մեկը։ Արմինիայի տարածքում արաբները չէին ճանաչում հայերից բացի որևէ այլ ազգի աշխարհիկ կամ հոգևոր առաջնորդների։

7-րդ դարի վերջում խալիֆայությունում երկպառակտչական պայքար է ծավալվում։ Օգտվելով դրանից, Սմբատ Զ Բագրատունին զորքով ճանապարհվում է Բյուզանդիա, որպեսզի ելքեր որոնեն հայրենիքը թշնամու լծից ազատելու համար։ Բայց թշնամին հետապնդում է նրանց։ Հայերը 703 թվականի ձմռանը Արաքս գետի մոտ Վարդանակերտ ավանում պայքարի են դուրս գալիս։ Հայերի 2000-անոց զորքը պարտության է մատնում արաբների 5000-անոց զորքին։ Այդ հաղթանակի համար Բյուզանդիայի կայսրը Սմբատ Բագրատունուն պարգևատրում է կյուրոպաղատի տիտղոսով։ Հայերի բարձրացրած մի շարք ապստամբությունների շնորհիվ թշնամին պարտություններ կրեց Այրարատում, Վասպուրականում, Շիրակում և Վանանդում։ 705 թվականին խալիֆի հրամանով 800-ի հասնող հայ նախարարների կանչում են Նախիջևան և նրանց եկեղեցիներում փակելով այրում են։ Այդ թվականը հայոց պատմության մեջ հայտնի է նաև որպես «կրակի տարի»։ Բյուզանդամետ քաղաքականության արդյունքում արաբների վերաբերմունքը աստիճանաբար փոխվում է հայերի նկատմամբ։ 725 թվականից սկսած հայերը ծխահարկի փոխարեն գլխահարկ էին վճարում։ Դա նշանակում էր, որ հարկ վճարում էր ոչ թե մեկ տունը, այլ յուրաքանչյուր ոք։ Իրավիճակը փոխվում է, երբ 750 թվականին դինաստիական փոփոխության արդյունքում Օմայյաններին հաջորդում են Աբբասյանները։ 762 թվականին մայրաքաղաքը տեղափոխվում է նորակառույց Բաղդադ։

774-775 թվականներին հայերը Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ նոր ապստամբություն բարձրացրին և ոչնչացրին թշնամուն։ Արտավազդ Մամիկոնյանը 774 թվականին Կումայրի գյուղում (այժմ Գյումրի) ջախջախեց արաբ հարկահավաքներին։ Արաբները հետապնդեցին Արտավազդին, բայց վերջինս կարողացավ հասնել Տայք և անցնել Բյուզանդիա, որտեղ և նշանակվեց Անտալիկոն թեմի ստրատեգ։ 775 թվականի ապրիլի 24-ին Աղձք գյուղի մոտ տեղի ունեցավ ճակատամարտը, երբ հայերն ընդամենը 5000 հոգով դուրս եկան թշնամու 30 000-անոց բանակի դեմ։ Հայերը թշնամու նկատմամբ լցված էին արյունահեղությամբ և նրանք ահեղ ճակատամարտ տվեցին։ Այդ մարտում հերոսի մահով ընկան Սմբատ և Սահակ Բագրատունիները, Մուշեղ Մամիկոնյանը, Սամուելն ու Վահան Գնունյանցը։ 778 թվականին Արտավազդ Մամիկոնյանը բյուզանդական բանակի հայ զորավարների՝ Տաճատ Անձևանցու, Վարզտիոցի և Գրիգորիսի հետ Գերմանիկ քաղաքի մոտ ճակատամարտ տվեց արաբներին և նրանց պարտություն մատնեց։

Հակահայկական տրամադրությունների արդյունքում խալիֆը որոշում է վերջ տալ Հայոց իշխանի պաշտոնին։ 9-րդ դարում ասպարեզից դուրս եկած Մամիկոնյաններին փոխարինել էին նախկին թագադիր ասպետները՝ Բագրատունիները։ Հայոց իշխանի պաշտոնը նշանակվում էր հիմնականում նրանց ընտանիքից։ Հակահայկական հալածանքներին դիմակայելու համար Բագրատունիների կողքն են կանգնում Սյունի և Արծրունի իշխանական տների ներկայացուցիչները։ Մամիկոնյանների և Կամսարականների տիրույթներն անցան Բագրատունիներին (համապատասխանաբար՝ Տարոն և Շիրակ)։

850 թվականից սկսած արաբ ոստիականի ուժը Հայաստանում սկսեց թուլանալ։ Համահայաստանյան պայքարը այս անգամ պսակվեց հայերի հաղթանակով։ 850-855 թվականների ապստամբությունը ցույց տվեց, որ արաբական տիրապետությունը Հայաստանում դարձել է ձևական և ժամանակավոր։ Ապստամբության ազդանշանը Խութի հերոսամարտն էր։ Նրանց հաջողվում է գերի վերցնել հայոց իշխան Աշոտին և նրա որդուն։ Հայերի ապստամբությունը թուլացնելու համար մնում էր շարքից դուրս բերել Աշոտի եղբորը՝ Գուրգենին, որին թշնամին հնազանդվելու դեպքում խոստացավ իշխանական դիրք, փառք ու պատիվ։ Բայց երբ Գուրգենը գնաց «իշխանության ցանկության» հետևից, նրան շղթայեցին, իսկ իր հետ գնացած իշխան Գրիգոր Արծրունուն սպանեցին իր իսկ աչքի առաջ։ Այսպիսով արաբները կարողացան նենգությամն հասնել իրենց ուզածին և անարգել ձևով ոտնատակ տալ հայոց երկիրը։ Նրանք բազում հայ գերիների քշեցին արևելքի երկրների շուկաներում վաճառվելու։ Բագրատունի և Արծրունի իշխանները սասունցիների զորաջոկատների հետ ջախջախում են արաբներին և կարողանում են սպանել արաբ ամիրա Յուսուֆին։ Այս դեպքերն ընկած են «Սասունցի Դավիթ» դյուցազներգության հիմքում։ 851 թվականին Բաղդադից նոր պատժիչ զորքեր են գալիս Հայաստան, որոնք նույն բախտին են արժանանում։ Ավելին, հայերը արաբ ոստիկանին թարս նստեցնում են ջորու վրա, և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»։

852 թվականին Հայաստան են գալիս նոր զորաբանակներ՝ թուրք զորավար Բուղայի գլխավորությամբ։ Նրանք ասպատակում են Վասպուրականը, Սյունիքը և մոտենում Արցախին։ Հայերի պատասխան հարվածը չի ուշանում։ Այս անգամ Արցախի իշխաններին միանում են Կուր գետից արևելք ապրող քրիստոնյա աղվանները։ Վրացական իշխաններին գլխավորում են Տայքի Բագրատունիները։ Նրանք թշնամուց մաքրում են Հայաստանի կենտրոնական նահանգները, հասնում Վասպուրական, գահերեց իշխան Աշոտ Արծրունու հետ արաբներին փախուստի են մատնում։ Վերացվում կամ ենթարկեցվում են արաբական նորաստեղծ ամիրայությունները։ 3 տարի շարունակ չկարողանալով հաջողության հասնել՝ 855 թվականին Բուղան հետ է կանչվում Բաղդադ։ Հայերի ապստամբությունը հաղթական ավարտ է ունենում։ Նույն թվականին Աշոտ Բագրատունին նշանակվում է հայոց իշխան, իսկ 862 թվականին՝ իշխանաց իշխան։ Այսինքն՝ երկրի ներքին հարցերը ամբողջությամբ նրա տնօրինության տակ էին։Ապստամբությունից 3 տասնամյակ անց՝ 885 թվականին, հայոց իշխան Աշոտ Բագրատունին դառնում է հայոց թագավոր (885-890)՝ վերականգնելով հայոց պետականությունը։

Հայաստանը զարգացած միջնադարում

Հայաստանը Բագրատունիների օրոք

Հայաստանում խալիֆայության դեմ դժգոհության աղմուկ բարձրացավ, որի հետևանքով Բուղան հետ կանչվեց։ Աշոտ Բագրագունին հռչակվեց հայոց սպարապետ, իսկ հայ իշխանների կողմից նա ճանաչվեց որպես «Իշխանաց իշխան»։ Հարկահավաքությունն անցավ Աշոտ Բագրագունու ձեռքը, որի հետևանքով արաբ հարկահավաքներն այլևս Հայաստան մտնելու իրավունք չունեին։ Աշոտը ստեղծեց ուժեղ բանակ, որի թվաքանակը կազմում էր 40 000, իսկ սպարապետ նշանակեց իր եղբայր Աբասին։ Հայաստանն այնքան ուժեղացավ, որ 885 թ.-ին խալիֆը ստիպված ճանաչեց Աշոտ Բագրագունու (885-890) թագավորությունը և նրան թագ ուղարկեց։ Թագ ուղարկեց նաև Բյուզանդական կայսրությունը։ 460 տարի առաջ կործանված հայկական պետությունը կրկին վերականգվեց։

Աշոտ Բագրատունու որդու՝ Սմբատ Ա-ի (890-914) օրոք Հայաստանն ամրապնդեց իր տնտեսական առաջընթացն ու քաղաքական հզորությունը։ Զարկ տրվեց քաղաքաշինությանը։ Սմբատ Ա-ի աջակցությամբ Բագրատունյաց տոհմի Ատրներսեհ իշխանը կարգվեց Վրաստանի թագավոր։
Սակայն արաբական ասպատակությունները դեռ չէին դադարել և Ատրպատականի Սաջյան ամիրությունը մեծ ավերվածություններ էր պատճառում Հայաստանին։ Յուսուֆ իշխանը հայ իշխանների ներքին գզվռտոցներն օգտագործելով իր կողմը գրվեց Վասպուրականի Գագիկ Արծրունուն և 908 թ.-ին նրան կարգեց թագավոր։ 914 թ.-ին Յուսուֆը պարտության մատնեց հայոց զորքին, իսկ Սմբատ Ա-ին մահվան ենթարկեց։

Անկախության համար պայքարը գրավեց Աշոտ Բ (914-929), որն իր քաջության համար ստացավ «Երկաթ» մականունը։ Գևորգ Մարզպետունու գլխավորությամբ հայկական զորքը Սևանի ափին կարողացավ հաղթանակ տանել և արաբներին դուրս վռնդել հայրենի հողերից։ Հայաստանը լիովին անկախացավ, իսկ 922 թ.-ին խալիֆը Աշոտ Երկաթին թագ ուղարկեց։

Աշոտ Գ-ն (953-977) ջանքեր գործադրեց ամբողջ Հայաստանը վերամիավորելու համար։ Հայաստանն հասավ մշակութային և տնտեսական ծաղկման։ 961 թ. Անին հանդիսավոր կերպով հռչակվեց մայրաքաղաք։ Անիի քաղաքը մեծ զարգացում ապրեց հատկապես Գագիկ Ա (990-1020) թագավորի օրոք։ Քաղաքը հռչակված էր բազմաթիվ ճարտարապետական կոթողներով։ Բացի այց Անին առևտրական կարևորագույն կենտրոն էր։ Համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեին հայկական կերպասներն ու զարդերը։

Բագրատունիների թագավորության ամբողջականությունը երկար չտևեց։ Այն տրոհվեց ոչ մեծ թագավորությունների՝ Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի, Արցախ-Խաչենի և Տարոնի։ Դա նպաստավոր հանգամանք եղավ թշնամական Բյուզանդիայի համար և վերջինս կրկին արշավանք ձեռնարկեց Հայաստանի դեմ։ Շուրջ 20 տարի տևած պայքարից հետո 1045 թ.-ին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։ Բյուզանդիան բոլոր միջոցներով վերջ դրեց Հայաստանի դիմադրական ուժերին։ Երկիրը կատարյալ ավերածության հասավ։

Սելջուկյան շրջան

Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։

Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։

12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյանամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։

Կիլիկյան Հայաստանի թագավորությունը

Կիլիկիայի Հայկական Թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։ Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»։ Իշխանության հիմքը դրվել է 1080 թ-ին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։

Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մահմեդական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության։ Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։

 Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։