All of Armenia

Երևան 28 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Ազգային շարժում

Ռուս-թուրքական 1877—1878 թթ. պատերազմից հետո պատմական Հայաստանի մի մասը ՝ Կարսը և նրա շրջակայքը, միացվեցին Ռուսաստանին։ Այդ պատերազմը եզրափակող Բեռլինի տրակտատը սուլթանից պահանջում էր Թուրքական Հայաստանի տարածքում նաև բարեփոխումներ կատարել' հայերին անվտանգության ու ինքնավարության երաշխիքներ տրամադրելով։ Այսպիսով, հայկական հարցը առաջին անգամ առաջադրվեց որպես միջազգային դիվանագիտական խնդիր, ինչը մեծապես հուսադրեց հայերին։

Այնուհանդերձ, Թուրքական Հայաստանում սուլթան Աբդուլ-Համիդ IIի (1876 - 1908) օրոք հայկական համայնքի կեցության պայմաններն օրեցօր վատթարանում էին։ Հայերին՝ որպես երկրորդ կարգի քաղաքացի, արգելվում էր զենք կրել, ինչի հետևանքով նրանք դառնում էին քուրդ ավազակների ու թուրք հարկահավաքների զոհ։ Թերևս, միայն Ստամբուլում էր, որ հայերը շարունակում էին օգտվել զգալի արտոնություններից՝ կազմակերպելով առանձին «միլետներ» (ազգային համայնք) և ունենալով ինքնակառավարման որոշակի իրավունքներ։ Օսմանյան պետական ապարատն ու բանկային համակարգը մեծ մասամբ կազմավորված էին հայերով և հույներով։ Նրանց մշակութային մակարդակի և ջանասիրության առավելությունը տեղի բնակչության՝ թուրք առևտրականների և շուկաների այցելուների նախանձի առարկա էր դարձել։

Հայկական ազգային-ազատագրական շարժումը հայերի՝ օսմանյան և ռուսական տիրապետությունից իրենց հայրենիքը ազատագրելու և Հայաստանի անկախությունը վերականգնելու փորձն էր։ Բալկանյան ժողովուրդների ազգային շարժումն ու եվրոպական ուժերի հետագա ներգրավվումը Արևելյան հարցում մեծ ազդեցություն ունեցան Օսմանյան կայսրությունում հայերի՝ այդ պահին ճնշված ազգային-ազատագրական գաղափարախոսության զարգացման վրա։

Հայկական ազգային շարժումը ներկայացված էր Հնչակյան սոցիալ-դեմոկրատական, Արմենակյան և ամենախոշոր ու ազդեցիկ՝ Դաշնակցություն կուսակցությունների կազմակերպված գործունեությամբ։ Հայերի այն խումբը, որը չէր մասնակցում շարժմանը, կոչվում էր «չեզոք»։

1895 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ եղավ «հայկական հարցի վերջնական լուծման» իր տարբերակի իրագործմանը։ Կազմավորվեցին հատուկ զինված ջոկատներ, որոնք սուլթանի պատվին կոչվում էին «համիդներ» և որոնց նպատակը հայ բնակչության զանգվածային սպանություններն էին․ Սասունում, Էրզրումում, Տրապիզոնում, Վանում, Խարբերդում, Ստամբուլում и Մարաշում։ Ի պատասխան հայ հեղափոխականները գրավեցին Ստամբուլում Օսմանյան բանկը և օգնության կոչով դիմեցին Եվրոպական տերություններին։ Դա հանդիսացավ համընդհանուր հայկական կոտորածների ազդակ, որի արդյունքում 300000 հայեր զոհվեցին, իսկ ևս 80000-ը դարձան փախստական։ 1904 թ. սասունցիների կազմակերպած ապստամբությունը պարտություն կրեց։

1908 թ. Թուրքիայում տեղի ունեցավ երիտթուրքերի կամ՝ այսպես կոչված «Միավորման և առաջադիմության կոմիտեի» գլխավորած հեղափոխությունը։ Կոմիտեն հռչակեց Աբդուլ-Համիդ II-ի բռնապետության ավարտն ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ կայսրության նոր քաղաքական ուղղության մեկնարկը։ Հայերն աջակից եղան երիտթուրքերի շարժմանն ու մասնակցեցին նոր կառավարության ձևավորմանը։ Սակայն շատ շուտով կատարվեց Ադանայի կոտորածը, որի ժամանակ զոհվեցին ավելի քան 15000 հայեր։

Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին քրիստոնյա բնակչության և հատկապես՝ հայության շրջանում իրականացվում էր էթնիկ զտումների քաղաքականությունը։ Սպանությունների առաջին ալիքը 1894 - 1896 թթ., իսկ վերջինը՝ 1915 - 1923 թթ. էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան կառավարությունը մեղադրեց հայերին Ռուսական կայսրության հետ դաշնակցության մեջ և՝ որպես պատրվակ, օգտագործեց դա հայազգի բնակչությանը երկրի ներսում թշնամի հայտարարելու համար։ 1915 - 1923 թթ. իրադարձությունները պատմաբանների ճնշող մեծամասնության կողմից գնահատվում են որպես պետության կողմից կազմակերպված մասսայական սպանություն՝ ցեղասպանություն։ Թուրքական իշխանությունները սակայն պնդում են, որ զոհերը երկու կողմից են եղել և դրանք քաղաքացիական պատերազմի հետ զուգակցված հիվանդություններրի ու սովի հետևանք են։

Զոհերի ճշգրիտ քանակը դժվար է հաշվել։ Բազմաթիվ աղբյուրներից հայտնի է, որ միայն ճամբարներում զոհվել են միլիոնից ավելի մարդ, չհաշված այլ եղանակներով սպանված հայերին։ Զոհվածների ընդհանուր թիվը գնահատվում է մեկ ու կես միլիոն մարդ։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված էին հետապնդումից փախչել և ուրիշ երկրներում բնակավայր փնտրել։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչների և իրականացնողների մեծ մասը ոչնչացվեցին հայկական ժողովրդական վրիժառուների կողմից «Նեմեսիս» գործընթացի ժամանակ։

Ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24ը Հայաստանում սգո օր է հայտարարված։

Հայաստանի Հանրապետություն

XI դարի կեսերից մինչ XX դարի սկիզբ պատմական Հայաստանի տարածքում հզոր հայկական պետականություն չի եղել։ Գոյություն ունեին միայն համեմատաբար անկախ իշխանություններ և մելիքություններ։ Ժամանակ առ ժամանակ նրանք վերահսկվել են բյուզանդացիների, մոնղոլների, պարսիկների և թուրքերի կողմից։ XX դարի սկզբում Արևմտյան Հայաստանը թուրքական լծի տակ էր, իսկ Արևելյանը՝ Ռուսաստանի մաս էր կազմում։ Օսմանյան և Ռուսական կայսրությունների անկումից հետո կրկին արթնացավ պատմական Հայաստանի տարածքում հզոր հայկական պետություն ստեղծելու հույսը։

1917 թ. սեպտեմբերին Թիֆլիսում կայացած համագումարում ընտրվեց Հայկական Ազգային Խորհուրդ՝ 1375 թ. Փոքր Հայաստանի անկումից հետո առաջին քաղաքական գերագույն օրգանը Հայաստանում։

Մինչդեռ ռուսական բանակը հեռանում էր Կովկասյան ճակատից, և թուրք-գերմանական կանոնավոր զորքերը հարձակման անցան։ Անդրկովկասյան ուժերը (որոնց ողնաշարը կազմում էին հայկական զորամասերը) թողեցին նախ Երզնկան, հետո՝ Էրզրումը։ Մի կողմից՝ Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի ու Թուրքիայի միջև Բրեստ-Լիտովսկում կնքած խաղաղության պայմանագիրը անդրկովկասցիների վիճակը աղետալի դարձրեց։ Վանում հայերը շարունակում էին դիմակայել թուրքական բանակին մինչ 1918 թ.ապրիլի 18 ը, բայց, ի վերջո, ստիպված էին նահանջել դեպի Պարսկաստան։

1918 թ. մայիսի 28-ին Անդրկովկասյան ֆեդերացիան փլուզվեց և Թիֆլիսում հռչակվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Սարդարապատում և Բաշ-Ապարանում միաժամանակյա ճակատամարտերում տարած հաղթանակները փրկեցին նոր կազմավորված հանրապետությունը վերջնական կործանումից։ 1920 թ. ֆրանսիական Սեվրում ստորագրվել էր խաղաղ պայմանագիրը, որով պատմական Մեծ Հայաստանի զգալի մասը տրվում էր հայկական պետությանը։ Մինչդեռ թուրք ազգայնականները ձգտում էին շահել բոլշևիկների բարեկամությունը։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մի քանի պատվիրակություն ուղարկեց Մոսկվա՝ իր հետօսմանյան շարժմանը աջակցություն ստանալու համար։ Այդպիսի դաշինքը կործանարար կլիներ հայերի համար։ 1920 թ. Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և նախկին վրացական Օլթի շրջանի սահմանին փոքր ջոկատներ են հավաքվում, նրանց և թուրքական բանակի միջև փոխհրաձգություն է տեղի ունենում։ Կազիմ Կարաբեքիր թուրքական գեներալը չորս թուրքական գումարտակ է մտցնում տարածաշրջան և հայկական ուժերին դուրս մղում։ Այնուհետ, սեպտեմբերի 20-ին, Կարաբեքիրը շարժվում է դեպի Հայաստանի Հանրապետություն, չորս օր հետո ստիպելով երկրի կառավարությանը Թուրքիային պատերազմ հայտարարել։

Հայաստանի արևմտյան սահմանը Սեվրի պայմանագրով

Թուրքիայի հետ վերջին պատերազմները ծանր էին։ Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն, երիտասարդ հայկական հանրապետությունը պետք է զինաթափեր իր զորքերի մեծ մասը, հանձներ իր մինչպատերազմյան տարածքի 50% և վերադարձներ Սեվրի խաղաղ պայմանագրով իրեն անցած բոլոր տարածքները։ Սակայն, քանի որ պարտության պայմանները համաձայնեցվել էին, բոլշևիկ Գրիգոր Օրջոնիկիձեն Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցեց, որպեսզի երկրում բոլշևիկներին սատարող նոր կառավարություն հաստատի։ Նոյեմբերի 29-ին Խորհրդային 11-րդ բանակը Քարվանսարայով (այժմ Իջևան) մտավ Հայաստան և անմիջապես շարժվեց դեպի Էրիվան։ 1921 թ. մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Մոսկովյան պայմանագիրը, որի պայմանները հետագայում կրկնօրինակվեցին նույն տարվա հոկտեմբերին կնքված Ղարսի պայմանագրում, արդեն Խորհրդային նոր հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ։ Այդ պայմանագրի համաձայն, Թուրքիան ստանում էր Կարսը, Իգդիրը և Արդահանը, դրա դիմաց զորքերը դուրս բերելով Գյումրիից և Աջարիայից, իսկ Նախիջևանը, որը հայկական տարածք էր, հանձնվում էր Ադրբեջանին։ Թուրքիային փոխանցված տարածքները ներառում էին հնագույն Անի քաղաքը և Արարատ սարը՝ հայ ժողովրդի հոգևոր խորհրդանիշը։

1922 թ. Հայաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ, դառնալով Անդրկովկասի ԽՍՖՀ-ն ներկայացնող երեք հանրապետություններից մեկը։ Այդպիսով, միջազգային ասպարեզում Հայաստանի ինքնավարության կորուստի և Արևմտյան Հայաստանի՝ հայկական բնակչությունից զրկվելու հետ մեկտեղ Հայկական հարցը միջազգային օրակարգից երկար ժամանակով դուրս մնաց։

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։