All of Armenia

Երևան 21 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Հին Հայաստան

Նախնադարյան շրջան

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը գալիս է հայոց երկրի հիմնադիր Հայկ նահապետի անունից։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի՝ Բարձր Հայք նահանգի տարածքը, Արևմտյան Եփրատի ջրահավաք ավազանից մինչև Սև ծով, ներառելով Արևելա-Պոնտական լեռները։

Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախապատմական բնակեցման տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ կան քարի դարի բոլոր փուլերին (պալեոլիթ կամ հին քարի դար՝ մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ, մեզոլիթ կամ միջին քարի դար՝ մ.թ.ա. 12-րդ հազարամյակ-մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր, նեոլիթ կամ նոր քարի դար՝ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր), ինչպես նաև՝ պղնձի-քարի (մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջեր), բրոնզի (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) և երկաթի դարերին (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ-մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսեր) վերաբերող հուշարձաններ։

Նախնադարյան շրջանի հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հազար տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, քարայրային տիպի հուշարձաններ և կայաններ։ Մեր տարածաշրջանի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը (մոտ 1.8 միլիոն տարի առջ), որն Արևմտյան Եվրասիայի՝ մարդու մինչ այժմ հայտնի, հնագույն կայանն է։ Այդ ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Ստորին քարի դարի ավարտը համարվում է սառցակալման 4-րդ դարաշրջանը։

Հայկական լեռնաշխարհում միջին հնաքարի (պալեոլիթի) ժամանակաշրջանը ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։

Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-12000 թվականներին ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձաններ։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Տիգրիսի ավազանում, Կորդվաց աշխարհում և այլուր։

Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի (10000-8000) հուշարձաններն առայժմ քիչ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք իրենցից ներկայացնում են ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր, այնպես էլ՝ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններից կան Ապարանի գոգավորությունում։

Զորաց քարեր

Նոր քարի դարը, վերջին ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10 հզ-ից մինչև 6-րդ հզ-ի կեսերն ընկած ժամանակաշրջանով։ Մ.թ.ա. 8 հզ.-ի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական համայնքներ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները եղել են արդեն մ.թ.ա. 10-րդ հզ.-ից։

Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»։

Պորտաբլուրում հայտնաբերվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները, ուր գտնվել են մոտ 700 քարե արձանիկներ։

Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի երրորդ քառորդից սկսած, հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում նոր փուլ է մտել։ Լեռնաշխարհն այսուհետև ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Այդ ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին՝ մ.թ.ա. 3500-2300 թթ․ երբ տարածում է գտնում «Կուր-Արաքսյան մշակույթը», հատկապես «Շենգավիթյան մշակութային համալիրը»։ Շենգավիթի համալիրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախափնյա բլրին, ներկայիս Երևանյան լճի շրջանում։

Հարյուրամյակներ շարունակ տարածաշրջանում գերիշխում էր Կուր-Արաքսյան մշակույթը։ Դրա ընդհանրության կազմալուծմանը զուգընթաց մ.թ.ա. 3 հազարամյակի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում ասպարեզից դուրս մղվեց շենգավիթյան մշակութային համալիրը։ Այստեղ տարածված էր առավելապես դամբարանաբլուրներով հայտնի վաղ կուրգանների մշակույթը։

Մ.թ.ա. 3 հազարամյակի վերջին երկու դարերում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, մինչդեռ մեծաքանակ բնակատեղիներ փաստագրված չեն։ Լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հզ.-ի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզեդարյան մշակույթը։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը (Զանգեզուրի լեռնաշղթան, Մուշի դաշտը և այլ) դարձավ Առաջավոր Ասիայի հումքի գլխավոր մատակարարը և գրավեց գերիշխող դիրք։

Կենտրոնական Անդրկովկասում հայտնաբերված նեոլիթ դարաշրջանի վաղ մշակույթներից են․ Շուլավեր-Շոմու մշակույթը, (մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներ), Կուր-Արաքսյան մշակույթը (մ.թ.ա. 4-2-րդ հազ.) և Թռեղքի մշակույթը (մ.թ.ա. 2200 - 1500)։

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ քարե շինությունների մնացորդներ. դոլմեններ, մենհիրներ, կրոմլեխներ և կիկլոպյան շինությունների պատեր։ Մեծ թվով մեգալիթյան շինություններ հայտնաբերվել են Արագածի ստորոտներում, ժամանակակից Փարպի, Օշական, Աղցք և Սիսիան բնակավայրերի շրջակա դաշտավայրերում, ինչպես նաև՝ Շուշիի շրջակայքում (Արցախ)։ Ավելի լավ են պահպանվել ծիսական և կիկլոպային շինությունները Աղավնատան և Կոշի մոտակայքում։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Արաքս գետի մոտ նեոլիթյան գյուղական բնակավայրի մնացորդները, ինչպես նաև Զորաց քարեր մեգալիթյան համալիրը, որը հայտնի է նաև որպես Քարահունջ և գտնվում է Սյունիքի տարածքում Սիսիան քաղաքից ոչ հեռու։ Կարևորագույն հնագիտական հուշարձաններ են գտնվել Շենգավիթի, Լճաշենի, Ներքին և Վերին Նավերի, Արթիկի, Քարաշամբի պեղումների արդյունքում։ Հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ. գործվածքի մասնիկ (մ.թ.ա. 16-15-րդ դարեր, Արթիկ), անթերի ձևի արծաթե կացնիկ (մ.թ.ա. 22-21-րդ դարեր, Քարաշամբ), բարձրաճաշակ բրոնզե արձաններ (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լոռի-Բերդ), առյուծների պատկերներով ոսկե գավաթ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ, Վանաձոր), չորս անիվանի քարշակներ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ, Լճաշեն), գորտի արձանիկ (մ.թ.ա. 13-12-րդ դարեր, Լճաշեն)։

Հայ ժողովրդի կազմավորումը

Հայախոս ցեղերը ապրում էին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. II հազարամյակի վերջերից, հավանաբար Մալաթիա պատմական շրջանում։ Այդ նույն ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում ապրում էին խուռիներ, որոնք մնացել էին Միտաննի պետության անկումից հետո, խեթեր և լուվիացիներ՝ Խեթական թագավորության անկումից հետո, և ուրարտացիները, որոնք տեղափոխվել էին Հայկական լեռնաշխարհ Ռեվանդուզ շրջանից՝ այժմյան Իրանի հյուսիս-արևելքում (Ուրմիա լճի մոտ)։ Այս ժողովուրդները ձգտում էին պաշտպանվել հարավից ասորեստանցիների հաճախակի հարձակումներից և աստիճանաբար, XIII - XII դարերում, Վանա լճի շրջակայքում կազմավորվում է Նաիրի ցեղերի միությունը, որի հիման վրա մ.թ.ա. IX դարում ձևավորվում է Ուրարտու պետությունը՝ իր ուրարտախոս վերնախավով և բազմազգի բնակչություն կազմող մի շարք շրջաններով, ուր, այնուհանդերձ, գերակշռում էին ներկայիս հայերի նախնիները։ Ըստ ավանդական տեսակետի, նախահայերը բնակվել են դեռևս Հայասա կամ Հայասա-Ազզի երկրում, որը գտնվել է Հայկական լեռնաշխարհի արևմուտքում։ Իսկ բազմաթիվ գիտնականների, այդ թվում՝ Նիկողայոս Ադոնցի հավաստիությամբ, Հայասա անունը ծագում է հայ արմատից և խեթական ասա վերջածանցից։

Վանի թագավորություն (Ուրարտու)

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած ամենաառաջին պետությունը, որն ընդգրկեց Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, Վանի թագավորությունն էր։ Մայրաքաղաքն էր Վանը (Տուշպա, Տոսպ)։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Հիմնադիրն էր Արամեն (մ.թ.ա. 859 - մ.թ.ա. 843)։

Այս պետության հայկական լինելու մասին կան տարբեր տեսակետեր։ Դրանցից մեկի համաձայն՝ մ.թ.ա. 9-րդ դարում հիմնադրված բնակավայրը հայկական չէր, թեև բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմել են հայկական ցեղերը (Արմե, Ուրմե, Սուբարտու, Նաիրի և այլ)։ Մեկ ուրիշ կարծիքով Վանի թագավորությունը հայկական պետություն էր, իսկ նրան հաջորդած Երվանդունիների թագավորությունը՝ երկրի ներսում տոհմական փոփոխության արդյունք էր։ Այս տեսակետի հիմքերից մեկը Ուրարտու և Արարատ եզրույթների նույնացումն է։ Առաջին վկայությունները Ուրուատրի ցեղախմբի մասին թվագրվում են մ.թ.ա. 13-րդ դարում՝ Ասորեստանի արձանագրություններում։ Սալմանասար Ա թագավորը (մ.թ.ա. 1266- մ.թ.ա. 1243) դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած իր արշավանքի մասին պատմության մեջ նշում է, որ իր դեմ են դուրս եկել ութ միավորված երկրներ, որոնց նա հաղթել է, ավերել 51 բնակավայր, հափշտակել նրանց գերիներին և ունեցվածքը։

Կրկին ի հայտ եկած այս ցեղախմբի մասին է մ.թ.ա. 11-րդ դարից եկած՝ Թիգլաթպալասար Ա թագավորի վկայությունը։ Երկու արձանագրություններում էլ Ասորեստանի թագավորները նշել են, որ հաղթել և ավերել երկիրը (Վանա և Ուրմիա լճերի միջև)։

Երկու հարյուրամյակ հետո, 9-րդ դարում, ուրարտացիները հիմնում են իրենց պետությունը, և նրա առաջին թագավորը՝ Արամեն, դիմակայում է ասորեստանցիներին, ինչի մասին ևս արձանագրված վկայություններ կան։

Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Մենուա (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786), Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764) և Սարդուրի Բ (մ.թ.ա. 764-մ.թ.ա. 735) թագավորների օրոք։ Նրանք ընդարձակել են թագավորության տարածքը Հայկական լեռնաշխարհի ցեղերի ու ցեղային միությունների հաշվին, իրենց ենթարկելով Ուրմեն (Տարոնը), Դայան (Տայքը), Արմեն (Սասունը), Արարատյան դաշտը և այլ հողեր։ Պետությունը ծավալվում էր, շրջանցելով ախոյան Ասորեստանին, ներառելով Արևմտյան Իրանը, Հարավային Միջագետքը, ինչպես նաև՝ Միջերկրական ծովի ափամերձ տարածքները, հասնելով Կիլիկիայի Ադանավանա (այժմյան Ադանա) քաղաքը։

Այդ ժամանակ է, որ Արարատյան դաշտի տարածքում հիմնադրվել են Էրեբունի, Արգիշտիխինիլի, Թեյշեբաինի քաղաք-ամրոցները։ Էրեբունիի անվան հետ է ընդունված կապել Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանի անունը։

Սկսած մ.թ.ա. 8-րդ դարի կեսերից, տերությունն աստիճանաբար թուլանում է Ասորեստանի և Հյուսիսային Կովկասի ցեղերի հետ պատերազմների արդյունքում։ Մեծ վնաս են հասցնում սկյութերը և կիմմերները։ Մ.թ.ա. 612 թվականին Մարաստանի և Բաբելոնի միացյալ զինված ուժերը գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, և երկրի կործանումից հետո վերջին թագավորը ինքնասպան է լինում։

Ըստ Մովսես Խորենացու, նրանց միացել էր նաև հայոց նահապետ Պարույրը՝ հայկական ջոկատներով։ Վերջին թագավոր Ռուսա Դ-ն իշխել է մ.թ.ա. 609-մ.թ.ա. 590 (կամ 585) թվականներին, որից հետո Վանի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ։

Փոխարենը՝ Պարույր Սկայորդին (Հսկայորդի) հիմնում է առաջին համահայկական պետությունը, որը Պարույրի որդու՝ Երվանդ Սակավակյացի անունով, կոչվում է Երվանդունիների թագավորություն։

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։