All of Armenia

Երևան 14 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Անտիկ Հայաստան

Հայաստանը Երվանդունիների օրոք

Մ.թ.ա. 612 թվականին Բաբելոնի և Մարաստանի միացյալ զինված ուժերը գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մովսես Խորենացու համաձայն՝ նրանց հետ պայքարել են նաև հայոց նահապետ Պարույր Սկայորդու հայկական ջոկատները։ Շուտով տեղի է ունենում նաև Առաջավոր Ասիայի մյուս խոշոր տերության՝ Վանի թագավորության կործանումը, ինչի հետևանքով Մերձավոր Արևելքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Նոր Բաբելոնի թագավորությունը և Մարաստանը։

Այս պայմաններում' մ.թ.ա. 570-ական թվականներին Պարույր Սկայորդու որդին՝ Երվանդ Սակավակյացը հիմնում է առաջին համահայկական պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։ Լեռնաշխարհի հայաբնակ հողերը միավորվում են մեկ պետության մեջ։ Երվանդ Ա-ին հաջորդում է որդին՝ Տիգրան Երվանդյանը։

Մ.թ.ա. 550 թվականին պարսից զորավար Կյուրոս Մեծն ապստամբում է մարաց թագավոր Աժդահակի դեմ, սպանում նրան և հիմք դնում աշխարհի՝ մինչ այդ եղած տերությունների մեջ, խոշորագույնին՝ Աքեմենյան պարսկական կայսրությանը։ Մովսես Խորենացու Հայոց պատմության հավաստիությամբ, Կյուրոսին օգնություն է տրամադրել նաև հայոց թագավորը, ով եղել է իր որսընկերը և մտերիմը։ Դրանով է բացատրվում Հայաստանի արտոնյալ դերը պարսկահպատակ տերությունների շարքում։ Նրանց մահից տարիներ անց գահ բարձրացած Դարեհ I-ի կառավարման առաջին տարիներին (մ.թ.ա. 522-մ.թ.ա. 520) Աքեմենյան կայսրության հպատակ ժողովուրդները, այդ թվում նաև հայերը, ապստամբություն են բարձրացնում։ Հայաստանում ընդվզումները ճնշելու համար պարսիկներն ուղարկում են 5 բանակ, որոնցից մեկը ղեկավարում է հայազգի Դադարշիշը։ Ըստ Բեհիսթունյան եռալեզու արձանագրության՝ միայն 5-րդ բանակն է կարողանում հաղթել հայերին և վերագրավել Հայաստանը։ Ընդ որում, արձանագրության 3 լեզուներից հին պարսկերենում Հայաստանը նշվում է որպես Արմենիա, էլամերենում՝ Հարմինա, բաբելոներենում՝ Ուրաշտու (Ուրարտու)։ Թեև Վանի թագավորությունը, որն ասորեստանցիներն անվանում էին Ուրարտու, վաղուց գոյություն չուներ։

Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. 6-5-րդ դարերում Հայաստանը ներկայացրել է որպես միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Տիգրիսի վտակ՝ Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մաս է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասի հետ։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի տարածքը։

Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին), մ.թ.ա. 6-4-րդ դարերում Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Պատմագիտության մեջ տոհմը հայտնի է որպես Երվանդունի կամ՝ պարսկական տառադարձությամբ, Օրոնտի։

Մ.թ.ա. 401 թվականին պարսից արքայազն Կյուրոս Կրտսերն ապստամբում է եղբոր դեմ՝ գահը գրավելու նպատակով։ Նա Հունաստանից Իրան է հրավիրում 10 000 հույն վարձկան զինվորների՝ Քսենոփոն զորավարի գլխավորությամբ։ Պարտություն կրելով, հունական զորքը Հայաստանի հարավային շրջաններով հեռանում է հայրենիք։ Լինելով պատմաբան, Քսենոփոնը ներկայացնում է այդ ժամանակաշրջանի հայկական գյուղերի կենցաղը և ապրելակերպը։ Մասնավորապես, նա հայտնում է, որ գետնի մեջ փորված կարասների մեջ ջուր էր լցված, իսկ մակերեսին լողում էին գարու հատիկները։ «Գարեջուրը» ըմպում էին եղեգնյա ձողերով, ինչը սկսնակի համար անսովոր, բայց հաճելի խմիչք էր։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331 թվականին Աքեմենյան տերության անկումից հետո Հայաստանում գահակալող Երվանդ Գ-ն (Օրոնտես), ով պարսկական զորքի կազմում մասնակցել էր Գավգամելայի ճակատամարտին, իրեն հռչակում է անկախ թագավոր (մ.թ.ա. 331-մ.թ.ա. մոտ 300)։ Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտ, և Վանի թագավորության Արգիշտիխինիլիի տեղում կառուցված հայկական Արմավիր քաղաքը դառնում է նոր մայրաքաղաք։

Միաժամանակ մեկ այլ հայ զորահրամանատար՝ Միթրաուստեսը, հռչակում է Փոքր Հայքի անկախությունը։ Արդյունքում, Հայաստանը՝ պետականության գոյության 3-րդ դարում, բաժանվում է 2 անհավասար մասերի․ Եփրատ գետից արևմուտք և հյուսիս տարածվում է Փոքր Հայքը (նախկին Հայասա-Ազզի), իսկ արևելք ընկած ողջ երկիրը հայտնի է դառնում որպես Մեծ Հայք։ Ավելի ուշ Երվանդունիների կրտսեր ճյուղերն իրենց իշխանությունն են հաստատում Ծոփքի և Կոմմագենեի տարածքներում՝ որպես առանձին, անջատ պետություններ։ Թուլացած և տրոհված Հայաստանն այլևս ի վիճակի չէր դիմագրավել արտաքին թշնամուն։

Հայաստանը Երվանդունիների օրոք

Մ.թ.ա. 201 թվականին Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը Հայաստան է ուղարկում մեծաքանակ զորքեր՝ հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ։ Հայկական բանակը պարտություն է կրում, իսկ հայոց թագավոր Երվանդ Դ-ն (մ.թ.ա. 220- մ.թ.ա. 201) սպանվում է ճակատամարտում։ Հայաստանը 10 տարով դառնում է Սելևկյան պետության նահանգ՝ նոր մայրաքաղաք Արմավիր կենտրոնով։

Խոշոր բնակավայր էր նաև երրորդ մայրաքաղաքը՝ Երվանդաշատը, որը կրում էր վերջին թագավորի անունը։ Ծոփքում Շամ (Սամոս) Երվանդունին կառուցում է Սամոսատ քաղաքը, իսկ նրա որդի Արշամը՝ Արշամաշատը։ Սելևկյան տերությանն են միացվում նաև հայկական մյուս թագավորությունները՝ Փոքր Հայքը, Ծոփքը, Կոմմագենեն։

Օտար տիրապետությունը Հայաստանում երկար չի տևում։ Արևմուտքում ձևավորվում է նոր գերտերություն՝ Հռոմեական հանրապետությունը։ Մեկ տասնամյակ անց՝ մ.թ.ա. 190 թվականին, Փոքր Ասիայի ծովափնյա Մագնեսիա քաղաքում տեղի է ունենում ճակատամարտ, որում հռոմեացիները հաղթում են Անտիոքոս արքայի բանակին։ Մ.թ.ա. 189 թվականին Արտաշեսը, իրեն ներկայացնելով Հայաստանը 4 դար կառավարած Երվանդունիների արքայատոհմի ներկայացուցիչ, ազատագրում է Հայաստանը, ընդարձակում նրա սահմանները, կառուցում նոր մայրաքաղաք՝ Արտաշատը և հիմնում Արտաշեսյան արքայատոհմը։

Հայաստանն Արտաշեսյանների օրոք

Սելևկյան հայ զորովարներ Արտաշեսը և Զարեհը մ.թ.ա. 201 թվականին արշավում են Մեծ Հայքի և Ծոփքի ուղղությամբ։ Նրանք վերջ են տալիս տեղի Երվանդունիների իշխող սերունդներին և հաստատում իրենց սատրապական (նահանգապետական) իշխանությունը։ Մեկ տասնամյակ անց Արտաշեսը' Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում, իրենց հռչակում են անկախ թագավորներ։ Դրա առիթը մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ Մեծի պարտությունն էր։ Հռոմեական Հանրապետությունը ճանաչում է նորանկախ թագավորությունները։ Այդպիսով, Հայաստանում 400 տարի իշխած Երվանդունիների դինաստիային փոխարինելու է գալիս Արտաշեսյանների հարստությունը (մ.թ.ա. 189-մ․ թ․ 1)։

Արտաշես Ա-ն Մեծ Հայքի թագավորությունը դարձնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկը։ Առաջին քայլը հայկական հողերի միավորումն էր իր դրոշի ներքո։ Հյուսիսում Մեծ Հայքին է միացվում վրացական թագավորության կողմից բռնագրավված Կղարջքը և Գուգարքը, հարավում՝ Տմորիքը, արևմուտքում՝ Կարինը և Դերջանը, իսկ արևելքում՝ Պարսկահայքը, Պարսպատունիքը, Փայտակարանը։ Ա8djwunqum, Մեծ Հայքի սահմանները մոտենում են հայկական էթնոսի տարածման շրջաններին՝ ներառելով գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Հայկական մնացած հողերը մնում են Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների կազմում։ Հաջորդ կարևոր քայլը Հյուսիսային Կովկասից արշավող ցեղերի դեմ ճակատամարտ տալն էր։ Արտաշես Ա-ն հաղթում է ալաններին և գերի վերցնում նրանց արքայազնին։ Ապա ամուսնանում է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ, խաղաղություն հաստատում և ամրացնում պետության սահմանները։ Ռազմական բարեփոխումների վերջին քայլը 4 զորավարությունների ստեղծումն էր՝ հորիզոնի կողմերին համապատասխան։

Արտաշես թագավորը ագրարային ռեֆորմ իրագործեց և համայնական ու մասնավոր հողերը սահմանազատելու համար հրամայեց կանգնեցնել հողաբաժան սահմանաքարեր։ Նրա օրոք զարգացան հողագործությունը, արհեստները և առևտուրը։ Արարատյան դաշտում՝ Արաքսի ափին, նա հիմնադրում է նոր մայրաքաղաք, որն՝ իր անունով, կոչվում է Արտաշատ և որի երկնային պաշտպանը համարվում էր Անահիտը՝ մայրության և պտղաբերության աստվածուհին։ Մայրաքաղաքը ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կենտրոն էր՝ տաճարներով, պալատներով ու միջնաբերդերով կառուցապատված, արձաններով ու այգիներով զարդարված։ Քաղաքը երեք կողմից շրջապատված էր Արաքսի ջրերով և այնքան մեծ ու ճոխ էր, որ հռոմեացի զորավար Լյուցիոս Լուկուլլոսը այն անվանել էր «Հայկական Կարթագեն»։

Հայաստանը Արտաշեսյանների ժամանակաշրջանում իր հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95- մ.թ.ա. 55)։ Նա իր թագավորության 2-րդ տարում՝ մ.թ.ա. 94 թվականին, Մեծ Հայքին միացրեց Ծոփքը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտաշեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը՝ «70 հովիտները» (Պարսկահայք և Փայտակարան)։ Մ.թ.ա. 83 թվականին, տեղի բնակչության խնդրանքով, Տիգրան Մեծը հաղթական շքերթով մտավ Սելևկյանների մայրաքաղաք Անտիոք։ Այն ուներ ավելի քան կես միլիոն բնակչություն։ Տիգրան Մեծը, գրավելով Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան՝ մոտեցավ Պաղեստինի սահմաններին։

Այդ ժամանակաշրջանի պետությունը ավանդաբար կոչվում է «Ծովից ծով Հայաստան»:

Հռոմեացի պատմիչ Ապպիանոսի խոսքով՝ Տիգրանը ընդունեց և սկսեց կրել «արքայից Արքա» տիտղոսը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Տիգրան Մեծը հաղթում է պարթևական թագավորին և գրավում նրա տարածքները՝ ընդհուպ մինչև Էքբատան (Համադան) արքայական ամառանոց ծառայող քաղաքը։ Մեկ այլ հռոմեացի պատմիչ Մարկոս Յուստինոսն այն ժամանակվա Հայաստանի մասին գրել է.

Չի կարելի լռությամբ անցնել այնպիսի մեծ թագավորության կողքով, ինչպիսին է Հայաստանը, քանի որ դրա սահմանները, Պարթևստանից հետո, իրենց ընդարձակությամբ գերազանցում են բոլոր մյուս թագավորությունների սահմանները, ընդ որում, Հայաստանը՝ Կապադովկիայից մինչև Կասպից ծով, տասնմեկ հազար քայլ տարածություն ունի, իսկ լայնքով՝ յոթ հազար քայլ է։

Տիգրան Մեծի օրոք բուն կերպով զարգացան մետաղագործությունը, կավագործությունն ու ապակեգործությունը։ Սկսեցին հատվել դրամներ Հայոց թագավորի պատկերով, իսկ մ.թ.ա 80 թվականին Հայկական Տավրոսի մատույցներում հիմնվեց նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտը, որը շրջափակված էր բարձր բերդապարիսպներով։ Մ.թ.ա. 69 թվականին մայրաքաղաքը գրավվեց հռոմեացի Լուկուլլոսի կողմից, որին աջակցում էին Տիգրան Մեծի իշխանությունից դժգոհ ներքին ընդդիմադիրները։ Այդ մասին է հավաստում Դիոն Կասսիոսը.

Տիգրանակերտը գրավվեց այնտեղ բնակեցված օտարների ապստամբության հետևանքով, քանզի նրանց մեծ մասը կիլիկիացիներ էին, որոնք մի ժամանակ տեղահանվել էին իրենց երկրից, և այժմ գիշերով հռոմեացիներին ներս թողեցին։ Այնուհետև մնացած ամեն ինչը հափշտակվեց, բացի կիլիկիացիների ունեցվածքից...

Մ.թ.ա. 68 թվականին Տիգրան Մեծը Միհրդատ Պոնտացու և իր փեսայի՝ Ատրպատականի թագավոր Միհրդատի օգնությամբ Արածանի գետի ափերին ջախջախեց Լուցիոս Լուկուլլոսի գլխավորած հռոմեական բանակը։ Հռոմեացիները չկարողացան հաշտվել այդ մտքի հետ և, Լուկուլլոսին պաշտոնաթող անելով, նրա փոխարեն Հայաստան ուղարկեցին Պոմպեոսին։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը շատ ծանր հաշտության պայմանագիր կնքեց, որի արդյունքում Տիգրան Մեծը հրաժարվեց իր նվաճած հողերից, և Հայաստանը պարտավորվեց տարեկան 600 տաղանդ ռազմատուգանք վճարել, իսկ հարկ եղած դեպքում՝ Հռոմին օգնել զորքով։

Արտաշեսյանների իշխանության հիշարժան օրերի ներկայացուցիչ՝ Տիգրան Մեծի որդի Արտավազդ Բ (մ.թ.ա. 55-34) թագավորի օրոք աննախադեպ վերելք ապրեց մշակույթը։

Մ.թ.ա. 53 թվականին, երբ Մարկոս Կրասոսը ռազմական օգնություն պահանջեց Արտավազդից ըստ մ.թ.ա. 66 թվականի պայմանագրի, հայոց արքան ոչ միայն այն մերժեց, այլ պարթևականների հետ միանալով հռոմեական զորքին պարտության մատնեց։ Կռվում Կրասոսը զոհվեց։ Հռոմեացիները պարտության հետ չհաշտվեցին և Մարկոս Անտոնիոսի գլխավորությամբ զորք ուղարկեցին պարթևների վրա՝ հայերին ստիպելով դաշնակցել իրենց հետ։ Սակայն հռոմեական զորքերը պարտություն կրեցին, Անտոնիոսը պարտության մեղքը բարդեց հայերի վրա և խաբեությամբ կարողացավ ձերբակալել հայոց արքային, թագուհուն և նրանց երկու որդիներին։ Իր գերիներին նա հանձնեց Կլեոպատրային։ Դիոն Կասսիոսն այս մասին գրել է.

Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս, իր հետ տանելով թե այլ առատ ավար և թե արմենին՝ իր կնոջ ու որդիների հետ... և բացի այն ամենից, որ նա շնորհեց Կլեոպատրային, նրան բերեց ընտանյոք հանդերձ նաև արմենին, որը ոսկե կապանքների մեջ էր։ Ստիպում էին, որ հայոց թագավորը գլուխ խոնարհի Կլեոպատրային, բայց նա և ընտանիքը հպարտ պահեցին իրենց և «վեհամիտ մարդկանց» համբավ շահեցին, բայց և նույն պատճառով ենթարկվեցին չարչարանքների։

Մ.թ.ա. 20 թվականին հռոմեացիները Օկտավիանոս Օգոստոսի գլխավորությամբ արշավեցին Հայաստան, որտեղ դավադրաբար սպանեցին Արտաշես Բ-ին (մ.թ.ա. 34-մ.թ.ա. 20)։ Եվս 20 տարի Հայաստանում դեռ հիշատակվում էին «արքայից արքա» տիտղոսը կրող Արտաշեսյան դինաստիայի ներկայացուցիչները։

Մ.թ. 1 թվականին Արտաշեսյանները հեռացան պատմության թատերաբեմից[10]։ Ու թեև Հայաստանը պահում էր իր քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային ինքնուրունությունը, սակայն մոտ 50 տարի՝ մ. թ. 1- մ. թ. 52 թվականներին հայոց գահին բազմում էին Հռոմի դրածո վրաց թագավորները կամ պարթևների դրածո Ատրպատականի արքաները։

Հայաստանն Արշակունիների օրոք

Մեր թվարկության առաջին դարում հայոց պատմության մեջ նոր էջ է բացվում։ Կործանված Արտաշեսյանների տոհմին փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների իշխանությունը։ Նրանք երկիրը կառավարում են շուրջ 4 դար՝ մինչև 428 թ․ Պարթևստանի թագավոր Վաղարշ Արշակունին 52 թվականին Արտաշատում գահին է բարձրացնում եղբորը՝ Տրդատին։ Սկզբնական շրջանում Հռոմի կայսր Ներոնը չի ճանաչում Տրդատի իշխանությունը, թեև այն հաստատվել էր հայոց ավագանու կողմից։ 54 թ․ սկսվում է երկարատև մի պատերազմ Հռոմի և Պարթևստանի միջև, որի թատերաբեմ է դառնում Հայաստանը։

59 թվականին հռոմեացի զորավար Կորբուլոնի զորքերը գրավում և ավերում են Արտաշատը, իսկ մինչ այդ՝ Տիգրանակերտը։ Պարթևա-հայկական զորքերը պատասխան ճակատամարտ են տալիս 62 թվականին՝ Հռանդեայի դաշտում։ Հռոմեական զորքը անցնում է երեք նիզակներից կազմված պարտության կամարի տակով։ Հռանդեայի ճակատամարտի հաջորդ տարում՝ 63 թվականին, հաշտություն է կնքվում։ Ներոնը հետ է վերադարձնում հայոց թագը, զորքերը դուրս է բերում հայոց երկրից։ Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ, թագադրվում և պարգևներով վերադառնում Արտաշատ՝ որպես հայոց արքա Տրդատ Ա Արշակունի (66-88)։ Արտաշատը Հռոմի կայսրի միջոցներով վերակառուցվում է, սակայն վերանվանվում՝ Ներոնեա։

Արշակունիների օրոք հռոմեա-պարթևական պատերազմները շարունակվում են։ Այնուամենայնիվ, 2-3-րդ դարերում Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքը շարունակում է զարգանալ։ Դրա հիմքը դրվում է Տրդատ Ա-ի օրոք։ Արտաշատի վերակառուցումից բացի վեր են խոյանում նոր շինություններ։

Մոտավորապես 77 թվականին Գառնիում կառուցվում են հեթանոսական տաճար, արքայական պալատ, բաղնիք, որոնք շրջապատվում են բարձր և ամուր շարված պարիսպներով։ Հիմնվում են նոր քաղաքներ․ Զարեհավանը, Զարիշատը, նոր մայրաքաղաք Վաղարշապատը։ Նոր շուք են ստանում և աշխուժանում Արտաշատը, Տիգրանակերտը, Վանը, Արմավիրը։ Կառուցվում են նոր բերդեր և ամրոցներ։

301 թվականին՝ Տրդատ Գ Մեծ (287-330) Արշակունու օրոք, Հայաստանում ընդունվում է քրիստոնեությունը։ Հայոց թագավորը հայկական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Լուսավորիչի հետ քանդում է երկրով մեկ տարածված հեթանոսական տաճարները և մեհյանները, դրանք վերածում եկեղեցիների։ Այսօր կանգուն է միայն Գառնիի հեթանոսական տաճարը, որը նվիրված էր լույսի և գիտության աստված Միհրին։ Հաջորդ արքան՝ Խոսրով Գ Կոտակը (330-338), կառուցում է հայոց նոր մայրաքաղաք Դվինը, որի շրջակայքում տնկվում է Խոսրովի արհեստական անտառը։

Գրիգոր Լուսավորիչ

Картинки по запросу Григорий просветитель

Հայաստանում սկսում են հաստատվել ավատատիրական կարգեր։ Նախկին՝ ստրկատիրական հասարակարգը բաղկացած էր ստրուկներից և ստրկատերերից, չկար ժառանգության սկզբունքը։ Թագավորը երկրի հողերը մասնատում էր շրջանների, որտեղ ղեկավար էր նշանակում իր իշխանության հավատարիմ, ճակատամարտերում աչքի ընկած զորահրամանատարներին։ Շրջաններում աշխատում էին ազատ գյուղացիները։ Գյուղերի կողքին կային ագարակներ և դաստակերտներ, որտեղ հիմնական աշխատող ուժը պատերազմում գերի վերցված ստրուկներն էին։ Նոր հասարակարգի պայմաններում ստրկատեր-զորավարները իրենց գավառները սկսում են կառավարել ժառանգության սկզբունքով։ Հորից՝ ավագ որդուն անցնող կալվածքը կոչվում էր «հայրենիք»։ Դրա հետ մեկտեղ ազատ գյուղացիների և ստրուկների միջև եղած տարբերությունը վերանում է։ Բոլորը դառնում են հավասարապես կախյալ և պարտավորվում են ազատ խավին վճարել բերքի տասանորդը՝ 1/10 մասը, մասնակցել իշխանի դղյակների, բերդերի կամուրջների և ճանապարհների կառուցմանը։ Այսպիսով, ողջ պետության տարածքում թագավորի անսահմանափակ իշխանությունը թուլանում է։ Երկրի կառավարման գործում մեծ դեր է տրվում զորանամակին։ Հիմնական պաշտոնները անցնում են հետևյալ նախարարական տներին․

• Հազարապետություն՝ տնօրինում էր երկրի տնտեսական կյանքը (Ամատունիների տոհմ)
• Սպարապետություն՝ կազմակերպում էր երկրի պաշտպանության ղեկավարման գործը (Մամիկոնյանների տոհմ)
• Մարդպետություն՝ հսկում էր թագավորի կալվածքը, գանձարանը, բերդերը և կանանոցը։ «Հայր մարդպետը» համարվում էր թագավորի խորհրդատուն և արքայազների դաստիարակը։
• Թագադիր ասպետություն՝ վերահսկում էր միապետի թագադրման կանոնները (Բագրատունիների տոհմ)
• Մաղխազություն՝ ղեկավարում էր թագավորի թիկնապահ զորքի հրամանատարությունը (Խորխոռունիների տոհմ)

226 թվականին Իրանում տեղի է ունենում տոհմական փոփոխություն. Պարթև Արշակունիներին փոխարինելու են գալիս Սասանյանները։ Վերջիններս հենց սկզբից թշնամական վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի և երկիրը կառավարող Արշակունիների դեմ։ Առանձնապես սրվում են հակասությունները Հայաստանում քրիստոնեությունը ընդունելուց հետո։ Հերթական հայ-պարսկական պատերազմը տեղի է ունենում 364 թվականին։ Այդ ժամանակ Իրանում իշխում էր պարսից շահ Շապուհ II Երկարակյացը (309-379), իսկ Հայաստանում՝ Արշակ Բ-ն (350-368)։ Պատերազմի պատճառը հայոց թագավորի կենտրոնամետ իշխանության քաղաքականությունն էր։ Նա Արարատի հարավային լանջերին հիմնում է Արշակավան քաղաքը, բոլորին հրավիրում այդտեղ՝ բնակություն հաստատելու։ Կախյալ խավի հարյուրավոր ներկայացուցիչներ փախչում են իրենց կալվածատերերից և հանգրվանում Արշակավանում։ Արշակ թագավորը արտոնություն է տալիս տեղի բնակիչներին, ինչն էլ բորբոքում է երկրի հոգևորականների և ավատատերերի զայրույթը, որոնք՝ ուժերը համալրելով, հարձակվում են քաղաքի վրա և 3 օրում ավերում այն։ Հայ նախարարների մի մասը անցնում է պարսիկների կողմը։ Երկրի ներքին լարվածությունից օգտվելով, պարսից Շապուհ II թագավորը զորք է ուղարկում Հայաստան։ Հայոց թագավորը սպարապետ Վասակ Մամիկոնյանի հետ պայքարում է թշնամու դեմ։ Հաշտություն կնքելու պատրվակով, 368 թվականին, Շապուհը նրանց կանչում է մայրաքաղաք Տիզբոն։ Վասակին դավադրաբար սպանում են, իսկ հայոց արքան բանտում ինքասպանություն է գործում։ Փառանձեմ թագուհին՝ մինչև գերի ընկնելը, Արտագերս ամրոցում 13 ամիս հերոսական դիմադրություն է ցուցաբերում։ Պարսիկներն ավերում են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները՝ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը և Վանը։ Շուտով գրավում է նաև Արտագերսը։

Հռոմեացիների օգնությամբ հայոց գահին է բազմում Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին՝ Պապը (368-374)։ Նրա գահակալությունը հաստատվում է Ձիրավի ճակատամարտում (371) պարսիկների դեմ տարած հաղթանակից հետո, ուր աչքի է ընկնում Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ սպարապետի զորավարական տաղանդը։

387 թվականին գահակալական պայքարի արդյունքում առաջին անգամ Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև։ Մեծ Հայքի արևմտյան նահանգները մտնում են Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Այնտեղ թագավոր է նշանակվում Արշակ Գ-ն։ Արևելյան և կենտրոնական Հայաստանում, որն անցել էր Իրանի տիրապետության տակ, պարսկամետ իշխանները գահ են բարձրացնում Խոսրով Դ Արշակունուն (387-389)։ Նրա եղբայր Վռամշապուհի (389-415) օրոք՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայերենի այբուբենը։ Գրերի գյուտը և նոր դպրոցների բացումը մեծ օժանդակություն է ստանում հայոց արքայի և կաթողիկոս Սահակ Պարթևի կողմից։ Երկրով մեկ՝ Արցախում, Ուտիքում, Վասպուրականում, Տուրուբերանում, Գուգարքում, Սյունիքում
բացվում են հայկական դպրոցներ։

6565

Արշակունիների տոհմը ավարտվեց Արևմտյան Հայաստանում՝ Արշակ Գ-ի մահից հետո, իսկ Արևելյան Հայաստանում՝ 428 թվականին, երբ պարսկամետ իշխանները դիմել էին Իրանի շահին՝ ասելով, որ իրենց այլևս հայ թագավոր պետք չէ և թող փոխարենը որևէ պարսիկ վերակացու ղեկավարի երկիրը։

Հայաստանի ծայրամասերը անցնում են հարևան պետություններին. Արցախը և Ուտիքը՝ Աղվանքի թագավորությանը, Գուգարքը՝ Վրաստանին, Փայտակարանը և Պարսկահայքը՝ Ատրպատականին։ Հայ ժողովուրդը կորցնում է իր պետականությունը ավելի քան 450 տարով, թեև երբեք չի կորցնում իր ինքնությունը՝ ոչ Սասանյան Պարսկաստանի (Հայաստանի մարզպանություն), ոչ Բյուզանդիայի, ոչ Արաբական խալիֆայության (Արմինիա կուսակալություն) կազմում։

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։