All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Աշխարհագրություն

Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասում։ Այստեղ կան միջազգայնորեն ճանաչված երեք (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և փաստացի գոյություն ունեցող ևս երեք (Աբխազիա, Հարավային Օսիա, Արցախ) հանրապետություն։ Նախկին ինքնավար հանրապետություններից Նախիջևանը պահպանել է իր կարգավիճակը, իսկ Աջարիան դարձել է Վրաստանի մարզերից մեկը։

Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից սահմանակից է Վրաստանի, հարավից՝ Իրանի, արևելքից՝ Ադրբեջանի, արևմուտքից՝ Թուրքիայի հետ։ Հանրապետության հարավային մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորն արևելքից սահմանակցում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքում հայկական երկրորդ հանրապետությունն է՝ Արցախը։

Հայաստանի սահմանների երկարությունը 1570 կմ է։ Արևելյան սահմանի երկարությունը հասնում է 566 կմ֊ի․ սահմանից այն կողմ Ադրբեջանն է և Արցախը։ Արևմուտքում անցնում է թուրքական սահմանը (311 կմ), ապա՝ Ադրբեջանի անկլավային տարածք Նախիջևանի սահմանը (221 կմ)։ Հայաստանի հյուսիսային սահմանը Վրաստանի հետ ունի 219 կմ, իսկ հարավային սահմանն Իրանի հետ՝ 44 կմ երկարություն։

Լեռնագրություն

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա։ Լեռնաշղթաները գրավում են մոտ 14.000 կմ2 կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11.000 կմ2։
Ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4090 մետր, իսկ ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375 մ։ Մյուս բարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3906 մ) և Աժդահակը (3598 մ)։

Картинки по запросу Гора Арагац

Հողեր

Երկրի տարածքը կազմում է 29․743 կմ2, որի 71,3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12,4%՝ անտառային, 7,7%՝ հատուկ պահպանվող տարածքներ և 8,6%՝ այլ հողեր։ Թեև Հայաստանի տարածքը փոքր է, երկրի հողային ծածկույթը խիստ բազմազան է։ Դրա վրա ազդող գործոններից ամենակարևորները համարվում են կլիման, տեղանքի ռելիեֆը և զանազան ապարների առկայությունը։ Մեր երկրում հողերը, ինչպես և կլիման, փոխվում են վերընթաց գոտիականությամբ։ Երկրի այն հատվածներում, որտեղ կան ռելիեֆի դրական ձևեր՝ լեռներ, բլուրներ, թմբաշարեր, սարեր, այդտեղ հողերը բարակ շերտով են, հումուսով աղքատ, լվացված, գերակշռում են կմախքային հողերը։ Իսկ ռելիեֆի բացասական ձևերում՝ գոգավորություններ, գետահովիտներ, լեռան ստորոտներ, դաշտեր, գերակշռում են հումուսով հարուստ ու բերրի հողերը:

Հայաստանում առաձնացվում են թվով 15 ծագումնաբանական հողատիպեր.

•Կիսաանապատային գորշ հողեր: Այս հողերը տարածված են հիմնականում 800-1.300 մետր բացարձակ բարձրություններում։ Հիմնականում կղզիակերպ տարածված են Արարատյան գոգավորության ցածրադիր մասերում, Կարմրաշենի և Եղվարդի սարավանդներում, Խորվիրապի բլրի հատվածում, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաների ստորին հատվածներում։ Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմայի և աղքատ բուսածածկույթի պայմաննեում։ Այս հողերը կազմում են 65.000 հա մակերես։ Հումուսի քանակը հասնում է 1,5-2 %: Քարամաքրման, արհեստական ոռոգման, քիմացման հետևանքով այս հողերը վերածվել են կուլտուր-ոռոգելի հողերի՝ ձեռք բերելով բերրիություն, կնձիկայնություն։ Ներկայումս հենց այս հողերն են տալիս կորիզավոր պտուղների, խաղողի, բանջարաբոստանային մշակաբույսերի մեծ մասը։ Քանի որ Արարատյան դաշտում շատ են գրունտային ջրերը, որոնք արագորեն գոլորշիանում են, ուստի այստեղ առաջանում են նաև աղուտներ: Աղուտներում աճում են աղածաղիկ, աղահասկիկ, օշինդր և այլն։ Արարատյան դաշտի այն հատվածներում, որտեղ տարածված են շրջակա լեռներից եկած լավաները, առաջացել են «ղռեր»:

• Լեռնաշագանակագույն հողեր: Սրանք անցումային դիրք են գրավում կիսաանապատային գորշ հողերի և լեռնային սևահողերի միջև: Հանրապետության հյուսիս-արևելքում դրանք տեղակայված են 600-800 մետր բարձրությունների վրա, Արարատյան գոգավորությունում՝ 1300-1500 մետր բարձրությունների, իսկ երկրի հարավ-արևելքում հասնում են մինչև 1600-1800 մետր բարձրությունները։ Հողերը ձևավորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում։ Լեռնաշագանակագույն հողերի մակերեսը կազմում է շուրջ 420.000 հա տարածք։ Հումուսի պարունակությունը հասնում է 3-4 %-ի։ Այս հողերի վրա մշակում են հիմնականում հացահատիկային մշակաբույսեր, կորիզավոր պտուղներ, ծխախոտ, մերձարևադարձային բույսերից թուզ, նուռ:

• Լեռնային սևահողեր, այս հողատեսակը հանրապետությունում ամենատարածվածն է։ Տարածված են Արարատյան գոգավորության հարակից թույլ ալիքավոր հրաբխային սարավանդներում, Շիրակի և Լոռվա դաշտերում, Սևանի ավազանում։ Որոշ չափով հանդիպում են նաև Վայոց ձորի ու Սյունիքի մեղմաթեք լեռնալանջերի 1300-2400 մետր բարձրություններում։ Ընդհանուր առմամբ այս հողերը կազմում են 730.000 հա մակերես։ Սևահողերն ունեն կնձիկահատիկային կառուցվածք։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 55-75 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 4-11%, ինչը հիմնականում պայմանավորված է տափաստանային հոծ բուսածածկույթի քայքայման հետ։ Սևահողերի տարածման շրջաններում գլխավորապես մշակում են հացահատիկային մշակաբույսերից ցորեն, գարի, հնդկացորեն, այլ մշակաբույսերից՝ շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, կերային զանազան բույսեր՝ առվույտ, իշառվույտ, կորնգան, երեքնուկ, քիչ քանակությամբ ծխախոտ և պտղատու ծառեր:

• Լեռնանտառային դարչնագույն հողեր: Այս հողերը տարածվում են հիմնականում անտառային գոտու ցածրադիր տեղամասերում։ Ընդգրկում են հիմնականում հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ծալքաբեկորավոր լեռների մինչև 1500 մետր բացարձակ բարձրությունները։ Մակերեսը հասնում է 530.000 հա-ի։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 55-65 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 6-8%: Մշակում են հիմնականում հացահատիկային բույսեր, պտուղ-բանջարեղեն։ Որպես խոտարքներ նույնպես լայն կիրառություն ունեն:

• Լեռնանտառային գորշ հողեր: Այս հողերը տարածված են կրկին անտառային գոտոմ, սակայն միջին ու բարձրադիր տեղամասերում։ Տարածման բարձրությունը հյուսիսարևելյան շրջանում հասնում է մինչև 2100 մետր, իսկ հարավարևելյան շրջանում՝ 2400 մետր։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 50-55 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 4-5%: Մշակում են հիմնականում նույն բույսերը, ինչ վերոնշյալ հողատիպի դեպքում՝ հացահատիկային բույսեր, պտուղ-բանջարեղեն։ Որպես խոտարքներ նույնպես լայն կիրառություն ունեն։

• Մարգագետնատափաստանային հողեր: Վերոնշյալ երկու հողատիպերից վերև տարածվում են այս հողերը։ Սրանք տարածված են ծովի մակարդակից 2100-ից մինչև 2400-2500 մետր բացարձակ բարձրությունները։ Մակերեսը կազմում է շուրջ 360.000 հա։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 40-45 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 8-11%: Սրանք կիրառվում են որպես խոտհարքեր՝ ստորին հատվածներում, որպես արոտավայրեր՝ բարձրադիր շրջաններում։

• Լեռնամարգագետնային հողեր: Այս հողերը տարածվում են մարգագետնատափաստանային հողերից վեր, հրաբխային լեռնազանգվածների և ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մինչև 3300 մետր բարձրությունները։ Մակերեսը կազմում է շուրջ 370.000 հա։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 20-30 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 7-8%: Այս հողերի վրա տարածված են ալպյան մարգագետինները։ Չունեն երկրագործական նշանակություն։ Օգտագործվուն են որպես արոտավայրեր, հիմնականում՝ ոչխարների արածման համար:

Օգտակար հանածոներ

Լինելով լեռնային երկիր՝ Հայկական լեռնաշխարհը հարուստ է զանազան օգտակար հանածոներով։ Հին ժամանակներից շահագործվել են պղնձի (Cu), կապարի (Pb), արծաթի (Ag), ոսկու (Au), երկաթի (Fe) և այլ հանքեր։ Պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ (Mo)՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում: Հայաստանում հայտնի են Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ Սև մետաղներից երկաթի համեմատաբար խոշոր հանքավայրեր կան՝ Սվարանցի, Հրազդանում և Աբովյանում (Կապուտան) հանքավայրերը։

Հայաստանի Հանրապետությունում հսկայական են շինանյութերի պաշարները։ Բազալտի շերտերը հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում։ Պեռլիտը հանդես է գալիս ավազի ու խճի տեսքով։ Հանդիպում են տուֆի, հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր։ Հայաստանի Հանրապետությունում հայտնի են Ջաջուռի և Ջերմանիսի ածխահանքերը։

Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի են «ջերմուկ» անունով։ Հնում նշանավոր էին Վարշակի, Վայոց ձորի ջերմուկները, այժմ՝ Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի և այլ հանքային աղբյուրները։

Картинки по запросу климат армении

Կլիմա

ՀՀ տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում։ Այն բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։

Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայաստեղծ գործոնները բազմազան են։ Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ։Զգալի ազդեցություն ունեն հարևան զոնաները՝ Արաբական թերակղզու անապատները, Սև և Կասպից ծովերին մոտ լինելը, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։

 Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։