All of Armenia

Երևան 4 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Նեմեսիս գործողությունը

Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից նախաձեռնած վրեժխնդրության գործողություն, որի նպատակն էր հայոց Մեծ եղեռն իրականացնող Օսմանյան կայսրության պարագլուխների եւ 1918 թ. Բաքվում հայերի կոտորած կազմակերպող Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության անդամների ոչնչացումը: Կոչվել է հին հունական՝ վրեժխնդրության աստվածուհի Նեմեսիսի անունով:

Որոշ հեղինակների աշխատություններում հիշատակվում է որպես ահաբեկչական գործողություն: Ֆրանսահայ պատմաբան Ժերար Շալյանի խոսքերով, այս պատմությունը եզակի օրինակներից է, երբ փորձ է կատարվել ահաբեկչական մեթոդներով վերականգնել արդարությունը եւ վրեժխնդիր լինել մի ամբողջ ժողովրդի բնաջնջման փորձի համար:

 

Գործողության կազմակերպումը

 

Գործողության անցկացման որոշումը կայացվեց 1919 թվականի հոկտեմբերին, Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX-րդ ընդհանուր ժողովի ժամանակ' Շահան Նաթալիի նախաձեռնությամբ: Ցուցակում ներկայացված ցեղասպանության մասնակիցների 650 անուններից առանձնացվեց 41-ը, ով պատասխանատու էր զանգվածային սպանությունների կազմակերպման և իրականացման համար:

Գործողությունը ղեկավարելու նպատակով ստեղծվեց Պատասխանատու մարմին՝ Ամերիկայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարոյի գլխավորությամբ, և Հատուկ Ֆոնդ՝ Շահան Սաթճակլյանի գլխավորությամբ։ Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը իրականացնում էին գործողության օպերատիվ ղեկավարումը և նյութական միջոցների ապահովումը: Տեղեկություններ հավաքելու գործում վճռական դեր խաղաց Հրաչ Փափազյանը, որն իբրև թուրք ուսանող ներթափանցել էր երիտթուրք էմիգրանտների շրջապատ:

Դատավճիռը իրականացվում էր հետեւյալ կերպ․հատուկ կազմավորված վրիժառուների խմբերը (3-5 մարդ) հետապնդում էին զոհին, և հարմար պահին մեկը, կամ (եթե զոհը շրջապատված էր թիկնապահներով)՝ երկուսից-երեքը հարված էին հասցնում:

Գործուղության կազմակերպչական հիմնական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի՝ «Ճակատամարտ» և Բոստոնի՝ «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Գործողության կազմակերպիչները շեշտում էին, որ ընդամենը ի կատար են ածում 1919 թվականի Կոստանդնուպոլսի դատարանի որոշումը, ըստ որի հեռակա մահվան էին դատապարտվել հայերի ցեղասպանության նախաձեռնողները:

Արշավիր Շիրակյանի խոստովանել է.

«Մեր կազմակերպությունը բնաջնջման նպատակ չի հետապնդում։ Այն միայն իրականացնում է զանգվածային սպանությունների համար մահվան դատապարտված անձանց նկատմամբ կայացված դատարանի վճիռը։ Հայ դավաճաններն էլ լրացրել են մեր ցուցակը»:

 

Նեմեսիսի հիմնական գործողությունները

 

• 1920 թվականի հունիսի 19-ին Թիֆլիսում սպանվեց 1918 թվականին Բաքվում կայացած ջարդերի նախաձեռնող՝ Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկին: Միաժամանակ վիրավորվել էր արդարադատության նախկին նախարար Հալիլ բեկ Հասմամեդովը: Սպանությունը իրականացրեց Արամ Երկանյանը։ Երկրորդ մասնակիցն էր Միսակ Կիրակոսյանը (գործողության ընթացքում վիրավորված):
• 1920 թվականի հուլիսի 19-ին Թիֆլիսում սպանվեց Ադրբեջանի խորհրդարանի նախագահի օգնական Հասան Բեկ Ագաևը՝ Շուշիում ու Բաքվում հայերի ջարդի հիմնական պատասխանատուներից մեկը։
• 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշան, որը «սեւ ցուցակում» զբաղեցնում էր առաջին տեղը: Բեռլինում կայացած դատավարության ժամանակ սպանությունը իրականացրած Սողոմոն Թեհլերյանը արդարացվեց, քանի որ ջարդի տարիներին նա կորցրել էր ընտանիքի անդամներին և սպանության ժամանակ գտնվում էր հոգեկան խիստ հուզված վիճակում:
• 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Հռոմում՝ ձիով զբոսնելու պահին, սպանվեց երբեմնի մեծ վեզիր (վարչապետ) Սայիդ Հալիմ փաշան: Ենթադրյալ կատարողին՝ Արշավիր Շիրակյանին հաջողվեց խուսափել բռնվելուց, հետո՝ վերադառնալ Կոնստանդնուպոլիս: Այս գործողության մյուս երկու մասնակիցներն էին Հռոմում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Վարդանյանը եւ «Մ» գործակալը:
• 1921 թվականի հուլիսի 19-ին, Կոստանդնուպոլսում Միսակ Թոռլաքյանը գնդակահարեց Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին, որը պատասխանատու էր 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած ջարդերի համար: Մյուս երկու մասնակիցներն էին Երվանդ Ֆունդուկյանը և Հարություն Հարությունյանցը։ Միսակ Թոռլաքյանը կանգնեց բրիտանական ռազմական տրիբունալի առաջ, որտեղ վկայություն տվեցին նաև սեպտեմբերյան կոտորածի բազմաթիվ ականատեսներ: Հոկտեմբեր ամսին Անգլիայի դատարանը Թոռլաքյանին ճանաչեց հանցավոր, սակայն ազատ արձակեց «հուզական խիստ լարման վիճակում սեփական գործողությունների համար անպատասխանատու լինելու» պատճառով եւ արտաքսեց Հունաստան:
• 1922-ի ապրիլի 17-ին Բեռլինում, ընտանեկան զբոսանքի ժամանակ, սպանվեց Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, որի հրամանով ծովում 15 000 հայ էին խեղդել, և «Թեշքիլաթը մահսուսե» («Հհատուկ կոմիտե») կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրը՝ եղեռնի անմիջական իրականողներից մեկը: Սպանվեց նաև Շաքիրի թիկնապահներից մեկը: Ջեմալ Ազմիին գնդակահարողն էր Արշավիր Շիրակյանը, նա էլ վիրավորեց Շաքիրին, որի վերջը տվեց Արամ Երկանյանը:
• 1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը՝ Ստեփան Ծաղիկյանի և Զարեհ Մելիք-Շահնազարյանցի մասնակցությամբ, սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որն իր դաժանության շնորհիվ կրում էր «մսագործ» մականունը։

 

Դավաճանության մեջ մեղադրվող հայերի պատիժը

 

1920 թվականի ընթացքում Կոստանդնուպոլսում սպանվել են նաև մի շարք հայեր, ովքեր ջարդերի ժամանակ համագործակցել են թուրքերի հետ:

• Հարություն Մկրտչյանին, որը՝ Արշավիր Շիրակյանի հավաստիությամբ, եղել է Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական բաժնի ղեկավար և «իսկական սադիստ», ոչնչացրել է Սողոմոն Թեհլերյանը:
• Վահե Իհսանին (Եսայան), որը 1915 թ․ թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի՝ հետագայում աքսորված հայ մտավորականների ցուցակը, գնդակահարեց Արշավիր Շիրակյանը:
• 1914 թվականին Ռումինիայում Հնչակյան կուսակցությունը հավաքվել էր ընդհանուր համագումարի՝ Թալեհաթի սպանությունը կազմակերպելու նպատակով։ Արշավիր (Արթուր) Յասյանի մատնության հետևանքով կուսակցության 21 անդամներ ձեռբակալվեցին ու ենթարկվեցին մահապատժի։ Հետագայում դավաճանին սպանեց Արշակ Եզդանյանը։

Չկայացած մահապատիժներ

Դատավճռի ցուցակում էին նաև Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվեր փաշան և «Միություն և Առաջադիմություն» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը։ Հայերը նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը «Նեմեսիս» գործողության շրջանակներում իրականացնել չհաջողվեց։

Էնվեր փաշան տեղափոխվեց Սովետական Ռուսաստան, հետագայում գլխավորեց Միջին Ասիայում հակասովետական բասմաչական շարժումը և սպանվեց 1922 թվականի օգոստոսի 4-ին Բուխարայի մոտակայքում՝ Հակոբ Մելքումովի (Մելքումյան Հակոբ Արշակի) կողմից:

Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց՝ Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար ենթարկվեց մահապատժի։

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։