All of Armenia

Երևան 3 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Արագած

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Բարձրությունը՝ 4090.1 մետր։ Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ 

Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3200 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետիները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։

Հարավ-արևելյան լանջին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթնային սարավանդի վրա՝ տիեզերական ճառագայթների հետազոտման և բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում՝ խոշոր ջրամբար: Արդյունահանվում են հրաբխային ծագում ունեցող բազմաթիվ շինանյութեր՝ տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն:

Ավանդությունը պատմում է, թե Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ։